Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ տեղեկատվությունը խուճապ առաջացնող չեմ համարում, և ծանուցման մեջ գրել եմ, որ չեմ հեռացնում այն». Արթուր Սաքունց

Մարտ 20,2020 19:36

«Տարօրինակ էր ոստիկանության ծանուցումը՝ նյութն իմ էջից հեռացնելու մասին, քանի որ նյութը բացառապես վերաբերում էր մեկ այլ պետությունում կորոնավիրուսի վիճակի վերաբերյալ տեսակետին»,-«Մեդիա կենտրոնի» առցանց հարթակում կայացած հարցազրույցի ընթացքում հայտարարեց «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը:

Տեղեկացնենք՝ Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում նյութ է տեղադրել, որում ՌԴ-ում ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը, որին հեռացրել են Մոսկվայի բուհերից մեկի ամբիոնի վարիչի պաշտոնից հենց իր քաղաքական հայացքների համար, նշում էր, որ իր ստացած տեղեկություններով՝ ՌԴ-ում գրանցված է կորոնավիրուսի՝ անալիզներով հաստատված 1600 հիվանդացության դեպք: Այդ նյութը, ի դեպ, ոստիկանության պահանջով հեռացվել է նաեւ «Առավոտի» կայքէջից:

Ըստ Արթուր Սաքունցի՝ այս տեղեկատվությունը բացարձակապես առնչություն չունի հայաստանյան իրականությանը, և այն տեղեկությունը չէ, որը կարող է ՀՀ-ում արտակարգ դրության մասին որոշմամբ սահմանված պարետատան կողմից հաստատվող տեղեկություն լինել: Նա մանրամասնեց. «Դա պաշտոնական տեղեկություն չես կարող համարել: Նման տեղեկության հաստատումը, թույլատրումը կամ տեղադրումը պաշտոնական կողմից որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում: Գտնում եմ, որ արտակարգ դրության պայմաններում խուճապ առաջացնող տեղեկությունների թվում չի կարող սա համարվել»:

Դիտարկմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ որոշակի թերահավատություն են առաջացնում այլ երկրների ներկայացրած թվերը, Արթուր Սաքունցն արձագանքեց. «Ես դա էլ գիտեմ, ու ճիշտ է ասում: Հատկապես որոշ երկրներ կան, որտեղ, ելնելով իրենց քաղաքական կառավարման բնույթից, իրենց քաղաքացիների նկատմամբ պատասխանատվության բնույթից, տվյալները թաքցնում են: Եվ հենց մեր ռազմավարական գործընկեր պետության օրինակը փաստ է: Առանց որևէ այլ մեկնաբանության, որևէ քննարկման այդ հոդվածը չի կարող համարվել Հայաստանում խուճապ հանգեցնող տեղեկությունների թվում»:

Արթուր Սաքունցը տեղեկացրեց, որ երեկ ոստիկանության Վանաձորի բաժիններից մեկի կողմից ծանուցում է ստացել, որում զգուշացվում է իրեն՝ հեռացնել այդ նյութը: Այս առիթով Արթուր Սաքունցն ասաց. «Ի պատասխան նշել եմ, որ ես չեմ համարում այդ տեղեկատվությունը խուճապ առաջացնող և դրա համար ծանուցման մեջ գրել եմ, որ ստացա ծանուցումը, հայտնում եմ, որ պահանջի հետ համաձայն չեմ և չեմ հեռացնում: Եվ գտնում եմ, որ որևէ այլ պետության իրավիճակի մասին տվյալները չեն կարող խուճապ առաջացնել ՀՀ-ում, և հետևաբար դա չի հանդիսանում հիմնավորում կամ խախտում արտակարգ դրության որոշմամբ»:

Իսկ թե որքանո՞վ են Aravot.am-ին և «Հրապարակին» ներկայացված պահանջները՝ նյութը հեռացնելու մասին իրավաչափ, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Եթե խոսքը նույն այս հրապարակման մասին է, ապա պահանջն անհիմն է, և դա պետք է իրապես բողոքարկվի, քանի որ դատարանները շարունակում են աշխատել: Կարևոր է, թե սա ինչ շարունակություն է ունենալու»:

Հարցին՝ 500-800 հազար դրամի չափով տուգանքն այս պարագայում լրատվամիջոցների նկատմամբ օգտագործվե՞ց որպես բարոյական և ֆինանսական գործիք, իրավապաշտպանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ նույնիսկ արտակարգ դրության պայմաններում որոշակիության սկզբունքը պետք է գործի: Պետք է ԶԼՄ-ների համար լինի հասկանալի և նաև հիմնավորվի, թե որ տեղեկությունը և ինչու պետք է սահմանափակվի»:

Էջմիածինցի կնոջ հասցեին հնչած կշտամբանքի և կորոնավիրուսի օջախներից մեկը համարվող արտադրամասի տեղն ու անունը գաղտնի պահելու մասին Արթուր Սաքունցն ասաց. «Էջմիածնեցի կնոջ հետ կապված արդեն հայտնի է դեպքը: Խոսքը ոչ թե պետք է լինի այդ կնոջ, այլ նրա հետ առնչություն ունեցած բժշկական անձնակազմի, պաշտոնատար անձանց աշխատանքի արդյունավետության մասին: Ինչո՞ւ ժամանակին և արդյունավետ չեն կանխել: Պահանջները պետք է ներկայացվեն իշխանությանը: Ինչ վերաբերում է Շենգավիթի արտադրամասին, ապա նշեմ՝ որպես քաղաքացի չպե՞տք է իմանամ, թե որտեղ է այդ արտադրամասը, չիմանա՞մ, որ ըստ դրա իմ վարքագիծն ուղղեմ: Հիմա ամեն մի արտադրամասի կողքով մի հարյուր մետր հեռու պիտի գնամ: Ո՞րն է խուճապ առաջացնողը՝ իմանա՞լը, թե՞ չիմանալը: Բնականաբար, չիմանալը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031