Լրահոս
Օրվա լրահոսը

6-րդ վարչությունից զանգել են Սաթիկ Սեյրանյանին ու պահանջել հեռացնել Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառման նյութը

Մարտ 20,2020 17:56

Ինչ արտակարգ դրություն է հայտարարվել, հայաստանյան ԶԼՄ-ների աշխատանքը խառնաշփոթի է վերածվել:

ՀՀ կառավարության 16.03.2020թ. 298-Ն որոշման 23-րդ կետի համաձայն,  ՀՀ-ում, ՀՀ-ից դուրս վարակման առկա եւ նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի,մեկուսացվածների քանակի, ինչպես նաեւ խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների համար սահմանափակումներ կան: Պետք է միայն պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությանը հղում անել:

Հիմա ԶԼՄ հրապարակումներին հետեւում են ու հերթով ահազանգում: Այս օրերի ընթացքում մի շարք կայքերից հորդորել են հեռացնել որոշ նյութեր, որոնք իրենց կարծիքով խուճապ են ստեղծում:

Սաթիկ Սեյրանյան

Ժուռնալիստների միության նախագահ, 168.am-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը մեր զրույցում ասաց. «Երեկ 6-րդ վարչությունից էին զանգել, նախ փորձել էին մեր աշխատակցի միջոցով կայքից նյութ հանել տալ՝ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառման հրապարակումը: Ես պահանջել եմ, որ միայն գրավոր ծանուցում լինի, որովհետեւ վաղը, մյուս օրը մենք պետք է հիմք ունենանք, իրենք պիտի հիմնավորեն, բացատրեն, թե ինչու են պահանջում հանել այդ նյութը: Կայքերում արդեն շիլաշփոթ իրավիճակ է, մի կայքին պարտադրում են հանել, մյուսն է դնում նույն նյութը: 6-րդ վարչությունից զանգեցին, ես ասացի՝ արտակարգ դրություն է, տնային պայմաններում ենք աշխատում՝ կարանտինում ենք ու անընդհատ նույն տեղում չեմ աշխատում»:

Շատ խմբագիրներ աշխատում են ոչ թե գրասենյակներից, խմբագրություններից, այլ՝ տնից ու տեխնիկապես չեն կարողանում հետեւել խմբագրության էլփոստին: Սաթիկ Սեյրանյանը չի բացառում, որ խմբագրության հասցեին նման ծանուցում ուղարկել են, բայց անձնական էլփոստին որեւէ ծանուցում չկա:

Տիկին Սեյրանյանի համար տարօրինակ է՝ Հրանտ Բագրատյանը լուրջ մասնագետ է, երկրի ծանրագույն ժամանակաշրջանում վարչապետ է եղել, պակա՞ս սրտացավ է պարետատան անդամներից. «Չգիտեն՝ ինչն է խուճապ առաջացնում: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ավելի մեծ խուճապ չեն առաջացնում, ասենք, պարենային մթերքի պաշարների հետ կապված: Դա գնահատելը ոչ միայն սուբյեկտիվ է, աբսուրդի հասնող է»:

Փայլակ Ֆահրադյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Irakanum.am-ի խմբագիր Փայլակ Ֆահրադյանն ասաց, որ պարետատնից դեռ հորդոր չեն ստացել որեւէ նյութ հանելու, բայց Armday.am-ից ստիպված են եղել հանել Հրանտ Բագրատյանի նյութը, որը նրա ֆեյսբուքյան էջից էր:

Փիրուզա Մելիքսեթյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Իրատեսի» խմբագիր Փիրուզա Մելիքսեթյանն ասաց, որ իրենք որեւէ զանգ կամ պահանջ՝ հեռացնելու այս կամ այն հրապարակումը, դեռեւս չեն ունեցել:

Սոնա Տռուզյան

Նույնը վստահեցրեց «Փաստինֆոյի» խմբագիր Սոնա Տռուզյանը: Սակայն մեր զրույցից որոշ ժամանակ անց պարզվեց, որ «Փաստինֆո»-ից էլ պահանջել են կայքից հեռացնել «Էջմիածնի տարեց բնակչուհու մոտ ախտորոշվել է թոքաբորբ, ունի ջերմություն, սակայն թեստ չի հանձնել, չի հոսպիտալացվել» նյութը:

Արեւիկ Սահակյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Factor.am-ի խմբագիր Արեւիկ Սահակյանն ասաց, որ իրենք գրասենյակում չեն աշխատում ու վստահ չեն, որ ծանուցում չեն ստացել, բայց որեւէ նյութ կայքից չեն հեռացրել:

Քնար Մանուկյան

ArmLur.am-ի խմբագիր Քնար Մանուկյանն էլ ասաց. «Մենք պարետատան հորդորով որեւէ նյութ չենք հեռացրել, բայց այս ընթացում որեւէ հարց չի էլ եղել, որ զանգենք, իրենց հետ հստակեցնենք: Այն հարցերը, որոնք իրենք արտակարգ դրության հետ կապված առաջ են քաշել, մենք այդ բոլոր պայմանները կատարել ենք ու մինչեւ հիմա որեւէ բան չեն ասել՝ կայքից հեռացրեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031