Ավարտվեց 21-րդ դարի երկրորդ տասնամյակը: Նախորդ դարավերջին Հայաստանը ժառանգեց աշխարհում արդեն լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ առաջացրած մի այնպիսի երևույթ, ինչպիսին է պարտքային ճգնաժամը:
Ինչո՞ւ և ինչպե՞ս այն առաջացավ Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ վտանգներով է այն հղի: Եվ կարելի՞ է արդյոք այն մեղմել…
Ինչպես վկայում է համաշխարհային տնտեսության զարգացման փորձը, պարտքային պարտավորությունների ստանձնումը ցանկացած պետությանը թույլ է տալիս լուծել կարճաժամկետ և երկարաժամկետ որոշ խնդիրներ, մասնավորապես տիրապետել բյուջետային կարգավորման գործիքի, որը կարող է նպաստել պետության տնտեսական ռազմավարության իրագործմանը, աջակցել առաջնահերթ ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, վճարային հաշվեկշռի պակասուրդի կարգավորմանը, կայուն տնտեսական աճին, պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը և այլն: Այս շրջանակներում ի հայտ են գալիս նաև բացասական երևույթներ՝ հատկապես պարտքային պարտավորությունների սպասարկման, վարկատուներից կախվածության ուժեղացման և ամենաանհանգստացնողը՝ երկիրն ազգային տնտեսական անվտանգության տիրույթում հայտնվելու տեսանկյուններից:
Անկախացումից հետո Հայաստանը նույնպես այլ երկրների նման դիմեց արտաքին ֆինանսավորմանը երկրում իրականացվող վերափոխումներին աջակցելու նպատակով: Բնականաբար, կուտակվեցին պարտքային պարտավորություններ միջազգային տնտեսական կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, ինտեգրացիոն խմբավորումների նկատմամբ:
Ինչպես համաշխարհային տնտեսության, այնպես էլ ՀՀ տնտեսության զարգացման գործում հիշյալ գործընթացներն իրենց սուր դրսևորումներն ունեցան հատկապես վերջին՝ 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո:
Այսօր աշխարհի գրեթե բոլոր երկրներում պարտքային պարտավորություններն արտացոլող իրավիճակն անհանգստացնող է, լի բազմարկչային ազդեցություններով ու հետևանքներով: Վերջերս Համաշխարհային բանկը հրապարակեց «Միջազգային պարտքի վիճակագրություն 2020» զեկույցը, որում մասնավորապես նշվում է, որ միջազգային պարտքը, չնայած դանդաղ տեմպերով, այդուհանդերձ աճում է՝ հատկապես ցածր և միջին եկամտով երկրներում:
Կարդացեք նաև
Արդ, ինչպիսի՞ն է պարտքային պարտավորությունների իրավիճակը ՀՀ-ում, որքանո՞վ է այն կառավարելի մոտակա տարիներին, ինչպիսի՞ն է լինելու պարտքի և դրա սպասարկման հետ կապված հետագիծը, վարվող հարկաբյուջետային քաղաքականությունն ի զորո՞ւ է նպաստելու երկրի մակրոտնտեսական ու ինչո՞ւ չէ ներդրումային դաշտի ակտիվացմանն ու օրինաչափորեն նաև՝ պարտքի կայունությանն ու հետագա նվազմանը, հաջորդիվ նաև առկա խնդիրների լուծմանը սեփական ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով: Եվ, վերջապես, նշյալ տիրույթում կա՞ն արդյոք ռիսկեր, որոնք կարող են սպառնալ երկրի տնտեսական անվտանգությանը:
Փորձենք պարզաբանել առավել ռիսկային հարցադրումները:
90-ականների սկզբից մինչև 2008թ.՝ ավելի քան երկու տասնամյակ, պետական պարտքը դրսևորել է աճի դանդաղ միտումներ, մասնավորապես զրոյական պարտքի բեռից 1991թ. մինչև 1577.1 մլն ԱՄՆ դոլար՝ 2008թ.: Հաջորդ 9 տարիների ընթացքում՝ 2008-2017թթ., ՀՀ կառավարության արտաքին պարտավորությունները բացարձակ մեծությամբ գրեթե քառապատկվել են՝ 1425.2 մլն ԱՄՆ դոլարից հասնելով 4 893.4 մլն ԱՄՆ դոլարի, հարաբերական մեծությամբ նույնպես քառապատկվել է՝ ՀՆԱ-ի նկատմամբ 16,4%-ից հասնելով 58%-ի: Մտավախությունն այն է, որ պարտքի բեռը պետական բյուջեի և տնտեսության վրա սկսում է ավելի շոշափելի ազդեցություններ ունենալ: Եվ, միաժամանակ, անհանգստացնող է այն, որ մոտակա տարիներին շարունակվում է ՀՀ կառավարության արտաքին պարտքի ծավալների աճը: Ի դեպ նշենք, որ դեռևս 2015թ. իրավիճակային անհանգստություններից ելնելով՝ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում կատարվեցին փոփոխություններ, որոնց համաձայն՝ «պետական պարտք» բառերը փոխարինվեցին «կառավարության պարտք» բառերով: Արդյունքում, պետական պարտքի «վտանգավոր» սահմանը ժամանակավորապես ընդլայնվեց, և հնարավորություն ընձեռնվեց ավելացնել պետական պարտքը միայն կառավարության պարտքի մասով՝ շրջանցելով Կենտրոնական բանկի արտաքին պարտքը:
Հետազոտության շրջանակներում ՀՀ կառավարության արտաքին պարտքի ուսումնասիրության համար ընտրված ժամանակահատվածում համապատասխան ցուցանիշների վերլուծությունը վկայում է, որ դրանք դարձյալ դրսևորել են աճի միտումներ: Այսպես, 2017թ. ՀՀ կառավարության արտաքին պարտքը կազմել է 4893.4 մլն ԱՄՆ դոլար՝ բացարձակ մեծությամբ գերազանցելով 2009թ. համապատասխան ցուցանիշը 2427.54 մլն ԱՄՆ դոլարով կամ 198.4%-ով: Հաջորդիվ, 2018թ. ՀՀ կառավարության արտաքին պարտքի ծավալը նախորդ տարվա նկատմամբ աճել է 89.4 մլն ԱՄՆ դոլարով կամ 1.8%-ով՝ կազմելով 4982.0 մլն ԱՄՆ դոլար: 2019թ. այն կազմեց 5298․1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 6,3%-ով կամ բացարձակ մեծությամբ՝ 315.3 մլն ԱՄՆ դոլարով: Մինչդեռ, 31.01.2020թ. դրությամբ ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքը նվազել է 32.1 մլն ԱՄՆ դոլարով, սակայն ըստ 2020թ. պետական բյուջեի ուղերձի՝ 31.12.2020թ. կառավարության արտաքին պարտքը կկազմի 5 339.4 մլն ԱՄՆ դոլար: Կնշանակի, կառավարության արտաքին պարտքը սպասվող տարում հաստատված կանխատեսումների համաձայն՝ կդրսևորի աճի միտում, այն կավելանա 41.3 մլն ԱՄՆ դոլարով կամ 0,8%-ով: Ինչ խոսք, պարտքի աճը դանդաղում է, և ինչպես վկայում են ՀՀ 2020-2022թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) կանխատեսումները (ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2020-2022թթ. ռազմավարությունը)՝ ՀՀ կառավարության արտաքին պարտքը, կամ չենք սխալվի, եթե ասենք Հայաստանի արտաքին պետական պարտքի ծավալները դեռևս վտանգավոր չեն մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից նաև ըստ միջազգային տնտեսական կազմակերպությունների մեթոդաբանության՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ: Ինչպես վկայում են փաստացի ցուցանիշները և համապատասխան կանխատեսումները, ՀՀ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը միջնաժամկետ կանխատեսումների համաձայն՝ կդրսևորի նվազման միտումներ: 2019թ. այն կազմել է 49,9%՝ 2018թ. համապատասխան ցուցանիշին զիջելով 1,4%-ով, իսկ միջնաժամկետ կանխատեսումներին՝ 2,3%-ով: Սա հիմնականում պայմանավորված է ՀՀ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի քաղաքականությամբ, ինչը պարտքի կայունացման ու կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի հետագա նվազման համար հիմքեր է ստեղծում: Ասվածի ապացույցն այն է, որ 2022թ. նշյալ ցուցանիշը, ըստ կանխատեսումների, կկազմի 50,5%: Ավելին, ինչպես նշված է ՄԺԾԾ-ի Աղյուսակ 21.1-ի Ծրագրի վերանայված կանխատեսումների համառոտագրում, 2023թ. կնվազի և կկազմի 49,7%:
Այլ կերպ, կառավարության արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության նշաձողը պահպանվում է, ռիսկերը կառավարելի են:
Այդուհանդերձ, կարծում ենք, որ ՀՀ կառավարության արտաքին պարտքն ունի որոշ խոցելի բաղադրիչներ՝ արտահոսում են ֆինանսական ռեսուրսները և ավելին, համաշխարհային տնտեսության զարգացման ներկա անորոշություններով պայմանավորված՝ անկանխատեսելի են արտարժութային ռիսկերը:
Արդ, որո՞նք են ՀՀ Կառավարության արտաքին պարտքի հնարավոր ռիսկերը:
Այսպես, 2009թ. արտաքին պարտավորությունները կազմել են ՀՀ արտաքին պետական պարտքի 88,8%-ը՝ 2008թ. նկատմամբ կտրուկ աճելով 76,0%-ով: Ընդ որում, ըստ վարկատուների՝ ամենամեծ մասնաբաժինն ունեցել են Միջազգային կազմակերպությունները՝ 67,9%, մասնավորապես Զարգացման Միջազգային Ընկերակցությունը (IDA)՝ 39,1% և օտարերկրյա պետությունները՝ 32,1%, որոնցից ամենախոշոր վարկատուն եղել է Ռուսաստանի Դաշնությունը՝ 16,9%: Ի դեպ նշենք, որ 2009թ.՝ պայմանավորված թե՛ երկրի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներով, թե՛ համաշխարհային տնտեսությունից եկող ազդակներով, խոսք անգամ չէր կարող լինել ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը ներքին աղբյուրների հաշվին իրականացնելու մասին: Ավելի քան մեկ տասնամյակ հետո դարձյալ ՀՀ Կառավարության պարտքի կառուցվածքում գերակշռում են արտաքին պարտավորությունները: Ուստի չի կարելի անտեսել այն մտավախությունները, որոնք կարող են առաջանալ պարտքի բեռի և դրա մարման կարողությունների տիրույթում: 2019թ. համապատասխան ցուցանիշները ևս փաստում են, որ ՀՀ Կառավարության արտաքին պարտքը կազմում է ՀՀ պետական պարտքի 72,3%-ը, ընդ որում, Միջազգային կազմակերպությունները որպես վարկատուներ շարունակում են զբաղեցնել առաջին հորիզոնականը՝ 75,1% և օտարերկրյա պետությունները՝ 24,4% մասնաբաժիններով: Իսկ թե Միջազգային կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամն ի՞նչ նպատակներ են հետապնդում զարգացնող երկրներին նման ֆինանսական ռեսուրսներ հատկացնելով, կարելի է պատկերացնել՝ թերևս հպանցիկ հայացք ձգելով վարկային ռեսուրսներից մասհանումների ոլորտային ուղղություններին՝ ենթակառուցվածքներ, մասնավորապես ճանապարհային շինարարություն, շենքային պայմանների բարելավում, ոռոգման համակարգ և այլն: Իհարկե նման մոտեցումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տնտեսության ներդաշնակ և առաջընթաց զարգացման համար, առավել ևս երկարաժամկետ զարգացումների տեսանկյունից: Ուստիև, եթե ասվածին հավելենք ներգրավված ֆինանսական ռեսուրսների՝ նախկինում անարդյունավետ, կոռուպցիոն դրսևորումներով ծախսման փաստը, ապա ակնհայտ են այն ռիսկերը, որոնք կարող են ծագել նման դեպքերում: Գաղտնիք չէ նաև, որ զարգացած երկրների կողմից նման ֆինանսավորման հիմնական նպատակն աջակցությունն է՝ աշխարհի տնտեսական գլոբալացմանը և ոչ աջակցությունը զարգացող երկրներում գիտության ոլորտին, վերամշակող արդյունաբերությանը և այլն:
Հաջորդ ռիսկային գործոնը ՀՀ Կառավարության արտաքին պարտքն է ըստ տրամադրման արժույթի: 2009թ. տարեվերջին ԱՄՆ դոլարով տրամադրված ֆինանսական միջոցների մասնաբաժինը պարտքի կառուցվածքում կազմել է 20,7%, 2008թ. 3,6%-ի դիմաց: Նույն ժամանակահատվածում SDR-ով վարկերը կազմել են 65%: 2019թ. արտարժույթով ներգրավված պարտքի մասնաբաժինը կառավարության պարտքի կառուցվածքում 79,2% է, որից ԱՄՆ դոլարով պարտքը՝ 43,9%, SDR-ը՝ 21%: Ճիշտ է, դեռևս ամերիկյան դոլարը համաշխարհային փողի թերևս միակ վստահելի դերակատարն է, այդուհանդերձ չմոռանանք ասիական նոր արդյունաբերական երկրներում իննսունականների ֆինանսաարժութային, 2008թ. ֆինանսատնտեսական ճգնաժամերը, որոնք ընդգրկեցին թե՛ զարգացած և թե՛ զարգացող երկրներին: Մինչդեռ ՀՀ կառավարության պարտքի մարման ժամանակացույցը փաստում է, որ մինչև 2047թ․ դոլարային մարումներ ենք ունենալու: Եթե այս շրջանակներում փաստենք այն հանգամանքը, որ ամերիկյան տնտեսական քաղաքականության ներկա ուղղվածությունը ոչ թե ազատ շուկայական հարաբերությունների խորացումն է, այլ հովանավորչական քաղաքականության որոշ գործիքների կիրառման հանդեպ «կարոտախտ»-ը, ապա կարելի է պատկերացնել դոլարիզացիայի ազդեցություններից հնարավոր հետևանքները: Ուստի և դոլարիզացիան իր գործն անելու է: Արտարժույթով գնանշված պետական պարտքը խիստ զգայուն է փոխարժեքի տատանումներին: ՀՀ դրամի անկանոն կամ կտրուկ արժեզրկումը, տնտեսական մի շարք ցուցանիշների վատթարացման հետ միաժամանակ կարող է կտրուկ մեծացնել ինչպես պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը, այնպես էլ պետական բյուջեից պետական պարտքի սպասարկման համար պահանջվող գումարների ծավալները:
Սակայն այս համատեքստում ավելորդ չենք համարում նշել այն դրական միտումը, որ Կառավարության պարտքի պորտֆելի 2020-2022թթ. ուղենշային ցուցանիշներում արձանագրված է, որ ՀՀ դրամով ներգրավված պարտքի կշիռն ընդամենը պարտքի մեջ առնվազն պետք է կազմի 20%: 2019թ. այն կազմել է 20,8%՝ ուղենիշը գերազանցելով 0,8%-ով, իսկ 2018թ. համապատասխան ցուցանիշը՝ 1,7%-ով: Այսինքն, ներքին ռեսուրսների գեներացման հաշվին արտաքին վարկատուներից կախվածության նվազեցումն ունի որոշակի սահմաններ, որոնք հնարավոր չէ անտեսել, և Կառավարությունն աշխատում է այն պահպանել:
ՀՀ Կառավարության արտաքին պարտքի ռիսկերի տիրույթում են նաև տոկոսադրույքները: Կառավարության պարտքի կառուցվածքում աստիճանաբար նվազում է ֆիքսված տոկոսադրույքով պարտքը և, ընդհակառակը, մեծանում է լողացող տոկոսադրույքով պարտքի մասնաբաժինը: Նախ նշենք, որ մինչև 2008թ. ներառյալ ՀՀ արտաքին պետական պարտքն ամբողջությամբ կազմված էր ֆիքսված տոկոսադրույքով տրված վարկերից: 2009թ. ներգրավված արտաքին վարկային միջոցների 72%-ը տրամադրվեց լողացող տոկոսադրույքով, և արդեն տարեվերջին ՀՀ արտաքին պետական պարտքի կառուցվածքում լողացող տոկոսադրույքով վարկերի մասնաբաժինը կազմեց 34,5%: 2019թ. ֆիքսված տոկոսադրույքով պարտքի մասնաբաժինը 83,8% էր, իսկ լողացող տոկոսադրույքով պարտքի մասնաբաժինը՝ 16,2%: Ընդ որում, 2018թ. դրանք համապատասխանաբար կազմել են 85,0% և 15,0%: Այս դեպքում ևս ուղենիշը պահպանված է: Ֆիքսված տոկոսադրույքով պարտքի կշիռն ընդամենը պարտքի մեջ պետք է գերազանցի 80%-ը: Սակայն նկատվում է դրական միտում․ 2019թ. տարեվերջի դրությամբ այն կազմել է 83,8%՝ նախորդ տարվա համեմատությամբ նվազելով ընդամենը 1,2%-ով: Լողացող տոկոսադրույքներն իրենց հերթին խորացնում են փոխարժեքի ռիսկերը, որոնք, մեր կարծիքով, ամենավտանգավորն են արտաքին պարտքի կառավարման տիրույթում: Գլոբալ շուկայում լողացող տոկոսադրույքով վարկերի դրույքաչափերը պայմանավորված են LIBOR և EURIBOR տոկոսադրույքներով, որոնց վարքագիծը մշտապես ենթարկվում է միջազգային ֆինանսական շուկաների ցնցումներին: Բնականաբար, տրամադրվող վարկերի սպասարկման ծախսերն էապես պայմանավորված են հիշյալ զարգացումներով՝ տնտեսության վրա ունենալով համապատասխան դրական կամ բացասական ազդեցություններ:
Սակայն պարտքը՝ պարտք, բայց և այնպես դա հարկավոր է վերադարձնել:
Ինչպիսի՞ն է մարումների հետագիծը: Մինչև 2009թ. ՀՀ պետական պարտքի սպասարկումն անհանգստացնող չէր, քանի որ դեռևս մեծ էր արտոնյալ վարկերի տեսակարար կշիռը պարտքի պորտֆելում: Սակայն, երբ Հայաստանը համարվեց միջին եկամտով երկիր, անհամեմատ կրճատվեցին Համաշխարհային բանկի կողմից տրվող արտոնյալ վարկերի ծավալները, և արդյունքում ՀՀ կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը սկսեց աճել: Ուստի տրամաբանորեն սպասարկումների հետագիծը նույնպես վերընթաց է․ 2020թ. դրանք համապատասխանաբար 2,5 անգամ կգերազանցեն 2017թ. մակարդակը՝ կազմելով 121.0 մլրդ դրամ: Այս ամենին հավելենք, որ համաշխարհային տնտեսության ֆինանսական գլոբալացման պայմաններում երկրները հնարավորություն ունեն դուրս գալ միջազգային ֆինանսական շուկաներ և թողարկել արտարժութային պետական պարտատոմսեր: Այս շրջանակներում պարտքային պարտավորությունների բեռը «հաղթահարելու» նպատակով 2013թ. ՀՀ կառավարությունը թողարկեց նոր պարտքային գործիք՝ եվրապարտատոմսերը, 7 տարի մարման ժամկետով՝ 700 մլն ամերիկյան դոլարի չափով: Կառավարությունը մինչև 2020թ. դրանց դիմաց տարեկան 30 մլն ԱՄՆ դոլար տոկոս է վճարել, իսկ արդեն 2015թ. թողարկված պարտատոմսերի դիմաց ՀՀ կառավարությունը մինչև 2025թ. տարեկան վճարելու է 35.25 ԱՄՆ դոլար տոկոս: Կնշանակի՝ 2013թ. և 2015թ. ներգրավված միջոցները թանկ էին և ևս մեկ լրացուցիչ բեռ էին բյուջեի համար: Այսինքն, ՀՀ կառավարության պարտքը թանկ էր: Եվ պատահական չէ, որ 2020թ. և 2025թ. պարտքի մարման հետ կապված «սպասումները» հոռետեսական են: Սպասարկվելու են ոչ միայն երկարաժամկետ վարկային պարտավորությունները, այլ նաև եվրապարտատոմսերը: Վերջիններիս սպասարկման հետ կապված արդեն որոշ երկրների իշխանություններ դեֆոլտ են հայտարարել: Սակայն ՀՀ Կառավարությունը ցուցաբերեց ճկուն վարքագիծ, և 2019թ. թողարկվեցին 500 մլն դոլարի նոր արտարժութային պարտատոմսեր՝ եվրապարտատոմսեր, 2020թ. նախատեսված պարտքը մարելու նպատակով: Վերջիններիս ցածր եկամտաբերության շնորհիվ ՀՀ պետական պարտքը կդրսևորի նվազման միտումներ: Արտաքին պարտքի սպասարկման տիրույթում առավել անհանգստություններ կլինեն 2025 և 2029թթ.:
Այսպիսով, կարծում ենք՝ անառարկելի է այն իրողությունը, որ վերջնարդյունքում պարտքը գոյանում է երկրի պետական բյուջեի անհաշվեկշռվածության, եկամուտների և ծախսերի անհամարժեքայնության պատճառով: Գործնականում, պետական բյուջեի անհաշվեկշռվածության մեղմման անմիջական և հասանելի գործիքը մեր երկրում առայժմ արտաքին ֆինանսավորումն է: Իհարկե, փաստ է նաև այն հանգամանքը, որ վերընթաց միտումներ են արձանագրվում ներքին պարտքի հետագծում: Անվիճելի է, որ ներքին պարտքի ծավալների ավելացումն այնքանով է դրական, որ այդ միջոցները շրջանառվում են երկրի ներսում, մինչդեռ արտաքին պարտքի պատճառով ֆինանսական միջոցներն ուղղորդվում են երկրի սահմաններից դուրս:
Փաստ է, որ ՀՀ Կառավարության արտաքին պարտքի ռիսկերից, թերևս, ամենամեծ ռիսկը փոխարժեքի ռիսկն է, ինչն ուղղակի և անուղղակի կապված է Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտավորությունների՝ դեռևս բարձր մասնաբաժնի, պարտքի կառուցվածքում լողացող տոկոսադրույքով վարկերի տեսակարար կշռի շարունակական ավելացման, արտարժույթով, մասնավորապես ամերիկյան դոլարով պարտքի՝ դեռևս պահպանվող գերազանցության հետ:
Ինչպիսի՞ն է խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզը:
Վերջին տարիներին ՀՀ Կառավարությունն իրականացրեց օրենսդրական դաշտի մի շարք կարգավորումներ: Վերջիններս հնարավորություն ընձեռեցին երկիրը դասել արտաքին պարտքի «ցածր և միջին բեռ» ունեցող երկրների շարքին: Սակայն համաշխարհային տնտեսության ներկա և կանխատեսվող զարգացումները վկայում են արտաքին պարտքի դեռևս չլուծվող հիմնախնդրի և դրանով պայմանավորված՝ բացասական ազդակների մասին, որոնցից զերծ չէ նաև Հայաստանի Հանրապետությունը:
Խնդրի լուծման բանալին տնտեսական աճի շարունակական ապահովման մեջ է: Վերջինս ենթադրում է նոր աշխատատեղեր, երկրի մրցունակության բարձրացում, ֆինանսավորվող ծրագրերի առաջնահերթությունների հստակ սահմանազատում, վստահություն վաղվա օրվա նկատմամբ և ամենակարևորը՝ պետական մտածելակերպ:
Ավելի կոնկրետ, պարտքի բեռից «չվախենալու» նպատակով հարկ է.
• ստեղծել հարկաբյուջետային և առհասարակ, իրավիճակային տնտեսական քաղաքականության այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ կտան ֆորս-մաժոր իրավիճակներում իրականացնել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ,
• ապահովել երկարաժամկետ, կայուն և բարձր տնտեսական աճ, ընդ որում՝ վերջինիս աճի տեմպը պետք է գերազանցի պարտքի աճի տեմպը:
• ուժեղացնել պարտքային ռեսուրսների օգտագործման ոլորտներում վերահսկողությունը,
• գործընթացներին հաղորդել թափանցիկություն,
• հանրությանը պարբերաբար, ոչ սիրողական, այլ պաշտոնական աղբյուրներից ներկայացնել ֆինանսական ռեսուրսների ծախսման վիճակագրությունը:
Ասվածին հավելենք, որ համաշխարհային տնտեսության մեջ դեռևս ոչ մի երկիր իր տնտեսական հիմնախնդիրները չի լուծել արտաքին պարտքի միջոցով:
Ջուլիետա Թադևոսյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տ. գ. թ․, դոցենտ
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)