Արտակարգ դրության պայմաններում, ինչպես հայտնի է, պարետատնից վերահսկում են ԶԼՄ հրապարակումները եւ կորոնավիրուսի հետ կապված նյութերը «խոշորացույցով» նայում:
Այս օրերի ընթացքում մի շարք կայքերից հորդորել են հեռացնել որոշ նյութեր:
Tert.am-ի խմբագիր Արամ Անտինյանը մեր զրույցում ասաց. «Արտակարգ իրավիճակ հայտարարելուց ի վեր ոստիկանությունից մեզ դիմել են չորս նյութի համար: Բոլոր դեպքում ուղիղ կապ են հաստատել ինձ հետ, սակայն արդեն խնդրել եմ այսուհետ գրավոր ծանուցում ուղարկել, քանի որ մեղմ ասած համաձայն չեմ այն պնդման հետ, որ նյութերը, որոնց համար մեզ դիմում են, խուճապ տարածող են:
Մասնավորապես չորրորդ նյութի հետ կապված հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց: Ոստիկանությունն այսօր առավոտյան ծանուցում է, որ կայքից հեռացնենք նյութը, որտեղ ասվում է, որ Ռուսաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանից ժամանած քաղաքացու մոտ, սակայն ժամեր անց այդ ինֆորմացիան հաստատում է մեր ԱԳՆ-ն:
Կարդացեք նաև
Իշխանությունները մեզ պարտադրում են օգտվել միայն օպերատիվ շտաբից, որը ծայրաստիճան ոչ օպերատիվ է աշխատում: Անգամ չի հետևում միջազգային լրահոսին ու եթե իրենց լսենք, ապա աշխարհում տիրող վիճակը չենք լուսաբանի:
Մեզ, օրինակ, հարկադրում են հեռացնել նյութ, որտեղ հոլիվուդյան դերասան Իդրիս Էլբան չի բացառել, որ վարակվել է Կանադայի առաջին տիկնոջից: Իհարկե հեռացնում ենք, բայց՝ հետագայում այս որոշումները վիճարկելու պայմանով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Արամ Անտինյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից