Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մեկուսացման և ինքնամեկուսացման հետևանքով մի շարք քաղաքացիների մոտ աշխատավայրում, գործատուների հետ խնդիրներ են ծագել:
Մասնավորապես, կան ահազանգեր, որ գործատուները պահանջում են աշխատավայր ներկայանալ և բնականոն աշխատել կամ հրաժարվում են վճարել պարտադիր պարապուրդի ժամանակահատվածի համար:
Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանվում է՝ պարապուրդի ժամանակ վճարման կարգը: Օրինակ, եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ նրան չի առաջարկվում իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է նրա միջին ժամային աշխատավարձի 2/3 չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Օրենսդրությամբ կարգավորվում է նաև այն դեպքը, երբ աշխատողը հրաժարվում է առաջարկվող այլ աշխատանք կատարել ոչ իր մեղքով առաջացած պարապուրդի ժամանակ: Այս դեպքում պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս:
Կարդացեք նաև
Սակայն աշխատողի իրավունքների խախտման դեպքերը չեն վերաբերում միայն պարտադիր պարապուրդի վճարմանը: Այս շրջանում բարձրաձայնվում են նաև աշխատանքային պայմանագրեր չկնքելու, աշխատանքային բավարար պայմաններ չապահովելու և այլ դեպքերի վերաբերյալ:
«Սլոյան» փաստաբանական ընկերությունը հայտնում է իր պատրաստակամությունը իրազեկումներ անելու և անվճար իրավախորհրդատվություն տրամադրելու՝ աշխատողի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
«Սլոյան» փաստաբանական ընկերություն