Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հատկապես պետք է բացառել քաղաքացու հաշվին բիզնեսի կողմից հավելյալ շահույթ կորզելու երևույթը. «Սասնա ծռեր»

Մարտ 20,2020 14:50

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի ծավալման հնարավորինս կանխարգելման նպատակով անհրաժեշտ է արտակարգ դրության ռեժիմը համապատասխանեցնել առողջապահական գերակայություններին:

Այսպես, շատ ողջունելի է, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո առողջապահության համակարգը գրեթե մոտեցել է շատ երկրներում փորձարկված և դրական արդյունք արձանագրած կարանտինային տրամաբանությանը, որն արտահայտվում է «Մնա տանը» կարգախոսով:

Մինչդեռ արտակարգ դրության ռեժիմը չի պարունակում «Մնա տանը» տրամաբանությանը համապատասխան պայմաններ, ինչի պատճառով առաջանում են բազմաթիվ պրոբլեմներ:

Դրանց թվում կարելի նշել վարակման մեծ հավանականություն պարունակող երթուղային տաքսիներով երթևեկելու, քրեակատարողական հիմնարկներից անազատության մեջ գտնվող անձանց դատարաններ տանելու, առհասարակ՝ նրանց մասնակցությամբ հատկապես մեծաքանակ ներկաների կազմով դատավարություններ անցկացնելու, սուպերմարկետներում և այլ առևտրի օբյեկտներում մարդկանց կուտակումների, ռեստորանները և սննդի այլ հանրային օբյեկտները այցելուների համար չփակելու (այլ միայն առաքումների համար աշխատեցնելու), բացակայող աշխատողների նկատմամբ գործատուների կողմից տույժեր կիրառելու, անգամ՝ նրանց աշխատանքից ազատելու, քաղաքացիների կողմից տանը մնալու և/կամ եկամտից զրկվելու հետևանքով կոմունալ ծառայությունների և վարկային պարտավորությունների վճարումները չկատարելու, անապահով խավի նվազագույն կարիքները հոգալու և մի շարք այլ երևույթների հետ կապված կենսական պրոբլեմները:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ ՀՀ իշխանություններին, ներառյալ՝ Արտակարգ դրության պարետին, առաջարկում ենք արտակարգ դրության ռեժիմը համապատասխանեցնել առողջապահական գերակայություններին և նրա «Մնա տանը» կարգախոսին և այդ նպատակով ձեռնարկել վերը նշված պրոբլեմները լուծելու կոնկրետ քայլեր՝ կիրառելով կարանտինային բնույթի որոշակի արգելքներ, ֆինանսատնտեսական մեխանիզմներ, այդ թվում՝ կոմունալ ծառայությունների և վարկային պարտավորությունների վճարումների հետաձգումներ, աշխատողների հարկադիր պարապուրդի դիմաց նվազագույն փոխհատուցումներ, ինչպես նաև անապահով խավին առաջին անհրաժեշտության ծառայությունների (ջուր, հոսանք, գազ, կապ) մատուցման և ապրանքների (սնունդ, դեղորայք, ախտահանիչ նյութեր և պարագաներ) հատկացման քայլեր:

Այս ամենի համատեքստում շատ կարևոր է սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը. բիզնեսը և քաղաքացին պետք է հավասարապես կրեն անխուսափելի տնտեսական կորստի բեռը, ուստի հատկապես պետք է բացառել քաղաքացու հաշվին բիզնեսի կողմից հավելյալ շահույթ կորզելու երևույթը:

Զուգահեռաբար՝ մեր քաղաքացիներին հորդորում ենք.

հետևել Պարետատան և առողջապահության համակարգի բոլոր պահանջներին ու հորդորներին,
ինքնակազմակերպվել և առանց խուճապի ինքնուրույն կերպով կատարել վարակից խուսափելու համար անհրաժեշտ քայլեր,

մասնավորապես՝

խստորեն պահպանել հիգիենայի և սոցիալական հեռավորության կանոնները,
մնալ տանը և տնից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում,
օգնել կարիքավորներին,
սուպերմարկետներում և առևտրի մյուս օբյեկտներում բացառել կուտակումները, հարկ եղած դեպքում սպասել դրսում,
չօգտվել երթուղային տաքսիներից և այլն:

Ասվածից զատ՝ գերկարևոր է մարդ լինելու և մարդ մնալու պարագան: Հատկապես ուշադիր ու հոգատար պետք է լինենք հիվանդացածների և նրանց հարազատների հանդեպ, կանխենք ու դատապարտենք նրանց նկատմամբ մեղադրական, ծաղրական կամ արժանապատվությունը նվաստացնող որևէ արարք:

Մեր ժողովուրդը շատ ավելի ծանր փորձություններ է հաղթահարել և միշտ մնացել է իր բարձունքի վրա: Այս փորձությունն էլ կհաղթահարենք և դրանից դուրս կգանք ավելի կոփված, ուժեղացած ու իմաստնացած:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031