Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն հետեւելո՞ւ է, որ բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց խոսքի տերը լինեն, հաճախորդները չընկնեն սեւ ցուցակներ

Մարտ 20,2020 14:35

Այսօր Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ այն բանկերը, վարկային կազմակերպությունները, որոնք երկու-երեք ամսով հետաձգեցին իրենց հաճախորդների վարկային պարտավորությունների կատարումը, արդյոք ԿԲ-ն հետեւողակա՞ն է լինելու՝ այդ կառույցների գործունեությանը, արդյոք ստեղծված իրավիճակում տեղի կունենա՞ տոկոսների նվազում: Ի պատասխան, պարոն Ստեփանյանն ասաց. «Բանկերի միությունը եւ վարկային կազմակերպությունների միությունը հանդես եկան հայտարարությամբ, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները անհատական մոտեցում են ցուցաբերելու իրենց հաճախորդներին: Կան բանկեր եւ վարկային կազմակերպություններ, որոնք հայտարարեցին, որ որոշակի ժամկետով՝ մեկ-երկու-երեք ամսով, հնարավորություն են տալիս իրենց հաճախորդներին վճարումները չիրականացնել, այսինքն՝ մոտեցումները տարբեր են: Յուրաքանչյուր հաճախորդ, որ բանկում սպասարկվում է՝ իր խնդիրները պետք է քննարկի իր բանկի եւ վարկային կազմակերպության հետ: Այսինքն՝ եթե ունի դժվարություններ եւ կարողանում է հանգամանորեն ներկայացնել այդ դժվարությունները, բանկերն ու վարկային կազմակերպություններն այսօր պատրաստ են վերաձեւակերպել այդ պարտավորությունն այնպես, որպեսզի վարկային բեռը կտրուկ չավելանա եւ այդ հաճախորդների վարկային պատմությունը բացասական չդառնա»:

ԿԲ պաշտոնյան նաեւ նշեց, որ Կենտրոնական բանկում գործում է թեժ գիծ, որին, անհամաձայնությունների վերաբերյալ, բավականին շատ զանգեր են ստանում: Ըստ նրա, ԿԲ-ն կարողանում է ուղղորդել, որպեսզի այդ անհամաձայնությունները հարթվեն: Ասաց, որ թեժ գծին օրական 400 զանգ է եղել, սակայն օրեցօր զանգերի քանակը նվազել է, ինչը վկայում է այն մասին, որ անհամաձայնությունները հարթվում են:

Aravot.am-ը հիշեցրեց՝ մարտի 18-ին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տնտեսական հետեւանքների մասին ասաց՝ այն աշխարհը, որը կար հունվարին, այդ աշխարհն այլեւս չի լինելու, բայց առավել անորոշ է հիմա սպառողի վարքագիծը. «Մարդիկ ի՞նչ ապրանքներ են նախընտրելու սպառել ու ինչի՞ վրա փող ծախսել ու ինչի՞ միջոցով են փող աշխատելու», եւ հետաքրքրվեց՝ այս առումով ի՞նչ կանխատեսումներ ունի Կենտրոնական բանկը: Արթուր Ստեփանյանն ասաց, որ առաջիկա ժամանակահատվածում երկրում որեւէ տեսակի խնդիրներ չեն առաջանա: Նրա խոսքով՝ «Ե՛վ Կենտրոնական բանկը ե՛ւ կառավարությունն այսօր պատկերացում ունեն թե մոտավորապես որ ճյուղերն են բացասական ազդեցություն ունեցել ստեղծված իրավիճակում եւ կառավարությունը հայտարարել է թիրախավորված իր միջոցառումների մասին: Այստեղ նաեւ ԿԲ-ն բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ սերտ համագործակցում է, որպեսզի ավելի արդյունավետ դարձնի այս թիրախավորված գործողությունները»:

ԿԲ խորհրդի անդամից հետաքրքրվեցին՝ ի՞նչ կանխատեսում ունի դրամի արժեզրկման եւ դրանով պայմանավորված նաեւ գնաճի վերաբերյալ:
Արթուր Ստեփանյանն ասաց՝ եթե վերջին 5-10 տարիների գնաճի վիճակագրությունը նայենք, ապա, կտեսնենք, որ մենք ամենացածր գնաճային միջավայրում գտնվող երկրներից մեկն ենք եւ շարունակելու ենք լինել ամենացածր գնաճային երկրներից մեկը:

«Մեր հիմնական նպատակը գնաճը կառավարելն է, որպեսզի մարդկանց եկամուտների գնողունակությունը չվատթարանա: Ինչ վերաբերում է փոխարժեքին, ապա, մենք հավատարիմ ենք մնալու լողացող փոխարժեքի քաղաքականությանը, բայց պատրաստ ենք անբարենպաստ յուրաքանչյուր զարգացումների ժամանակ մեր գործիքակազմը կիրառել եւ հանգստացնել ֆինանսական շուկաները»,-նշեց Ստեփանյանը՝ հավելելով, որ փոխարժեքի կանխատեսում երբեք չի արել եւ հիմա էլ չի պատրաստվում անել. «Բայց մի ուղերձ հստակ է, որ Հայաստանում գնաճը մնալու է ցածր մակարդակում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031