Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ անդամը՝ պատգամավորներին. «Փորձն ավելի կարեւոր է դատավորի համար, քան մագիստրոսի կոչումը»

Մարտ 20,2020 13:50

«Ճիշտ է, եւ մագիստրատուրան, եւ բակալավրիատը համարվում են բարձրագույն կրթություն, բայց ես համաձայն եմ այն նկատառման հետ, որ դատավորի պաշտոնին հավակնող անձին ավելի հեղինակավոր է դարձնում մագիստրոսի կոչումը: Բայց, հավատացեք, որ փորձը շատ ավելի մեծ արժեք է տալիս դատավորի ցանկացած թեկնածուի: Փորձն ավելի կարեւոր է նրա գիտելիքների համար, քան մագիստրոսի կոչումը»,-ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ, իրավաբան Գրիգոր Բեքմեզյանը:

Հիշեցնենք՝ հանձնաժողովի նիստում քննարկում է «Իմ քայլի» պատգամավորների հեղինակած օրինագիծ, որով առաջարկվում է՝ եթե անձն ունի եւ մագիստրոսի, եւ բակալավրի կրթություն, դատավոր դառնալու իրավունքը նրան պետք է վերապահվի, բայց եթե չունի մագիստրոսի կոչում, դրա փոխարեն պետք է ունենա իրավաբանի 15 տարվա ստաժ:

Գրիգոր Բեքմեզյանի խոսքով՝ այսօր մագիստրատուրայում նաեւ գործնական հմտություններ են սովորում, բայց երկու տարվա այդ հմտությունները չի կարելի համեմատել 15 տարվա աշխատանքային հմտությունների հետ, որոնք ձեռք է բերում բակալավրիատն ավարտածը՝ աշխատելու ընթացքում. «Իսկ հեղինակության տեսանկյունից վստահ եմ, որ 15 տարվա ստաժ ունեցողի պարագայում չի տարանջատվում՝ նա բակալավրի՞ կրթություն ունի, թե՞ մագիստրոսի»:

Վկայակոչելով միջազգային փորձը՝ Գրիգոր Բեքմեզյանը մատնանշեց, որ Հոլանդիայում դատավոր դառնալու համար անհրաժեշտ է յոթ տարվա աշխատանքային փորձ, իսկ Շվեդիայում՝ իրավաբանի բարձրագույն կրթություն. «Այսինքն, առանձնակի պահանջ չկա հատուկ գիտական կոչման»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031