Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Պիպոյան. «Եթե դիմադրողականությունն ընկել է, դադարեցրեք պասը»

Մարտ 20,2020 13:40

«Այս օրերին շատերն ինքնամեկուսացման մեջ են, ոմանք կարանտինի մեջ, կամ տնից հեռավար են աշխատում, հետեւապես կորոնավիրուսի դեմ պայքարում շատ կարեւոր է նաեւ մեր դիմադրողականությունը: Վիրուսային հիվանդության ժամանակ որքան բարձր լինի օրգանիզմի դիմադրողականությունը, այնքան հեշտությամբ կպայքարենք կորոնավիրուսի դեմ եւս»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

«Այս պարագայում, երբ անընդհատ տանն ենք գտնվում, շատ կարեւոր է սնվելու ռեժիմների պահպանումը; Տանը գտնվելիս հեշտ է պահպանել սնվելու ռեժիմը, բայց նաեւ առօրյա ռիթմից կտրվում ենք եւ սկսում ենք անկանոն սնվել, առավոտյան երկար ենք քնում, ինչը ճիշտ չէ: Շատ կարեւոր գործոն է նաեւ սթրեսը, որովհետեւ ավելորդ սթրեսն ու խուճապը, մասնավորապես՝ երկարաժամկետ, բերում են օրգանիզմի դիմադրողականության նվազեցման;

Այս օրերին ես նկատում եմ, որ ոչ խոցելի խմբում գտնվող երիտասարդ տղաներ ու աղջիկներ ավելորդ խուճապի են մատնվում, որի կարիքը բացարձակապես չկա: Ընդամենը պետք է նայել այլ երկրների պաշտոնական վիճակագրությունները; Կտեսնեք, որ կորոնավիրուսային վարակը ծերերի, հատկապես յոթանասունհինգ եւ ավելի տարիք ունեցող առավելապես տղամարդկանց մահացության ցուցանիշներ ունի: Այսինքն, երիտասարդ օրգանիզմը, որը առողջ է եւ դիմադրողականությունը բարձր, հեշտությամբ կարողանում է պայքարել այս հիվանդության դեմ:

Հստակ կանոններ կան, որոնց մեջ առաջին հերթին վիտամիններով հարուստ ուտելիքների օգտագործումն է: Կարեւորվում են մրգերը, որոնք պարունակում են վիտամիններ: Այս շրջանում շուկայում շատ են ցիտրուսային մրգերը՝ թուրինջը, նարինջը եւ այն, եւ դրանք պետք է ներառել սննդակարգում:

Ուտելիքների երկրորդ կարեւոր խումբը ներառում է բանջարեղենը: Այն պետք է օգտագործել ինչպես կանաչիների տեսքով, այնպես էլ՝ եփած եւ թարմ: Լավ կլինի այս օրերին սննդակարգում ներառել, օրինակ` կաղամբով, գազարով պատրաստված աղցաններ, այսինքն` լինի նաեւ թարմ բանջարեղեն:

Մի կարեւոր խումբ էլ հատիկներն են: Պետք է շեշտեմ, որ, ցավոք, հայերի սննդակարգում տարեցտարի նվազող, բայց շատ օգտակար եւ վիտամիններ պարունակող մթերքներն են լոբին, ոսպը եւ սիսեռը: Դրանք օրգանիզմի համար իսկապես ունեն կարեւոր դեր եւ նշանակություն, ավելացնում են օրգանիզմի դիմադրողականությունը: Նման դեր ունի նաեւ ընդեղենը»,-ասաց գիտնականը:

Նա խոսեց նաեւ մի շատ կարեւոր խնդրի մասին, որը քննարկել է Հայ Առաքելական եկեղեցու քահանայի հետ. «Հիմա մենք գտնվում ենք Պահքի շրջանում, երբ չենք կարող օգտագործել կենդանական ծագման սնունդ: Այդ ամենը չպետք է տեղի ունենա մարդու առողջության հաշվին, մանավանդ Պահքը միայն սննդայինը չէ: Մենք հիմա ունենք արտակարգ իրավիճակ, դրա համար մարդիկ պետք է հասկանան, որ եթե իրենց օրգանիզմի դիմադրողականությունը թույլ է, ապա պետք է դադարեցնեն պասը:

Ինչպես արդեն շեշտեցի՝ այո, կարելի է ընդեղենով, լոբով ստանալ վիտամիններ, բայց օրգանիզմի դիմադրողականության համար կարեւորվում են նաեւ կենդանական ծագում ունեցող մթերքները: Շաբաթական գոնե երկու անգամ միսը պետք է ընդգրկել սննդակարգում: Վերջին օրերին շրջայցեր եմ արել տարբեր խանութներում, դիտարկում էի պարենային ապրանքների հասանելիությունը եւ նկատեցի, որ խոզի գնի անկում կա, ձուկը եւս թանկ չէ:

Անհրաժեշտ է նաեւ մեծ քանակությամբ հեղուկ ընդունել եւ հաճախակի, որովհետեւ պետք է բերանի խոռոչն անընդհատ թրջել: Կա գոլ ջրի մշտական տարբերակը, բայց ցանկալի կլինի այս օրերին խմել տաք հեղուկներ, թեյեր՝ թուրմերի ձեւով: Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մի շարք բույսեր կան, օրինակ` կոճապղպեղը օժտված է այդ հատկությամբ, այդ թվում են՝ դարչինը, կարկադեն; Շատ համեղ է ստացվում կոճապղպեղով թեյը՝ կիտրոնով ու մեղրով կամ կարկադեն դարչինով:

Չենք մոռանում նաեւ, որ սպիտակ բույսերը եւս օժտված են օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող հատկանիշներով. Դրանք են՝ սոխը, սխտորը: Հատկապես, որ տանն եք, էսթետիկական կողմի խնդիր չկա, կարող եք սննդակարգում ներառել այս մթերքները եւ բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031