Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին հայտնի չէ՝ ով է մարտի 1-ին Վաղարշապատի հիվանդանոց դիմած 24-ամյա քաղաքացին, որը պնդել է, թե մարմնական վնասվածքներ է ստացել փետրվարի 28-ին տեղի ունեցած վթարի ժամանակ, որի մասնակիցներից է նաեւ Արամ Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին, ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 28-ին ժամը 11:40-ի սահմաններում Երևան քաղաքի Բաբաջանյան և Դուշանբեի փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ վարորդի կողմից վարած Range Rover մակնիշի 44 PP 044 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Հայկ Տիգրանյանի վարած Opel մակնիշի 36 PV 581 համարանիշի ավտոմեքենաները: Վթարից օրեր անց՝ մարտի 1-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոն է դիմել Opel-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Լ. Հ.-ն և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 28-ին նշված ավտովթարի ժամանակ:
«Այդ անձնավորությանը չեմ ճանաչում, Opel-ի վարորդն է երեւի: Այդ օրը ես մեքենաս կանգնեցրել եմ, զիջել «զեբրայով» անցնող քաղաքացիներին, Opel-ի վարորդը եկել, իմ հետեւից հարվածել է: ԱՊՊԱ է եկել, ավտոտեսչության ներկայացուցիչներն են եկել: ԱՊՊԱ են գրել, թողել, գնացել ենք: Քաղաքացի չկար տուժած»,- Aravot.am-ին ասաց նախկին քաղաքապետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ