Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Շատ կարևոր է խթանել մեր ներքին շուկայում հայկական ապրանքներ գնելու մշակույթը. հա­կաճգ­նա­ժա­մա­յին 7 հիմ­նա­կան քայլ՝ տնտե­սա­գե­տից. «Փաստ»

Մարտ 20,2020 12:55

Համաշխարհային տնտեսությունը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնել, որից անմասն չէ նաև մեր պետությունը: Սկսելով նավթի գների կտրուկ անկման խնդրից՝ տնտեսագետ Կարեն Ադոնցի հետ խոսել ենք մեր ընդհանուր տնտեսական հնարավորությունների, առկա մոտեցումների ու հետագա անելիքների մասին:

Տնտեսագետը ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ վնասներով դուրս գալու իր պատկերացումն ունի, որը 7 հստակ քայլերի հաջորդականություն է:

«Համաձայն եմ վարչապետի հետ, որ պետք է բեկումնային տարր մտցնենք, պարզապես նա այդ մասին ընդհանուր խոսքերով է ասում, իսկ իմ մոտեցումն ավելի ծրագրավորված է: Եթե ուզում ենք այս իրավիճակում զարգանալ, պետք է վիճակը հավասարակշռել և բեկումնային տարր մտցնել մեր քաղաքականության մեջ: Ես հակաճգնաժամային 7 հիմնական ու անհրաժեշտ քայլ եմ առանձնացրել:

Նախ՝ հաշվի առնենք, որ առաջին հարվածը, պայմանավորված ռուբլու անկմամբ, գալու է ռուսական շուկայից, քանի որ մենք այդ երկիր ենք արտահանում վերամշակվող արտադրանք, խմիչք և այլն:

Այդ շուկան շատ կարևոր է հավասարակշռությունը պահելու համար, որովհետև վերամշակող ոլորտը նաև աջակցություն է ցուցաբերում գյուղատնտեսությանը: Իսկ ինչպե՞ս աջակցել այդ ոլորտին: Այս հատվածում պետք է լինի շատ հստակ աջակցություն. պետությունը պետք է խնդիր դնի, ըստ որի՝ բոլոր արտահանող ընկերությունները կշարունակեն արտահանել, կպահպանեն աշխատատեղերը, իրենց շուկաները Ռուսաստանում:

Պետք է հաշվարկել ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված կորուստները և, բանակցելով այդ տնտեսվարողների հետ, նրանց աջակցել և հարկային արտոնություններ տալ: Սա պարտադիր է, հակառակ դեպքում խնդիրներ կունենանք:

Երկրորդ՝ եթե պղնձի գինը շարունակի կտրուկ անկում ապրել, անհրաժեշտության դեպքում նմանատիպ արտոնություն պետք է տրամադրվի նաև խտանյութ արտահանող ընկերություններին, որովհետև այդ արտահանումը արտարժույթ է բերում մեր երկիր, ինչը պետք է պահպանել: Սա կարևոր հանգույց է տնտեսության ընդհանուր կառուցվածքում, այն այլ ոլորտներ է աշխատեցնում:

Երրորդ՝ շատ կարևոր է խթանել մեր ներքին շուկայում հայկական ապրանքներ գնելու մշակույթը:

Մարդիկ էլ պետք է հասկանան, որ նման աջակցությունը պարտադիր է, և գոնե այս ճգնաժամային իրավիճակում նախապատվությունը պետք է տեղական արտադրանքին տալ: Չորրորդ քայլը վերաբերում է զբոսաշրջությանը, որը հիմնական տուժող ոլորտն է լինելու:
Տուրիզմին առնչվող բոլոր ուղղությունները պետք է աջակցություն ստանան, հակառակ դեպքում մենք խնդիրներ կունենանք հատկապես այդ ոլորտում առկա զբաղվածների տեսանկյունից: Այո, այս կարճ ժամանակահատվածում, երբ չկա նաև տուրիստական հոսք, շատ դժվար է աջակցել, բայց որոշակի աջակցություն, այդուհանդերձ, պետք է լինի, մինչև շուկան 3-4 ամիս անց կսկսի վերականգնվել: Հաջորդ քայլը պետական ծախսերը դեպի շինարարական ոլորտ ուղղելը պետք է լինի՝ այդ հատվածում նոր աշխատատեղեր ստեղծելու ու զբաղվածություն ապահովելու նպատակով»,-ընդգծեց նա՝ նշված քայլերի մեջ առանձնացնելով նաև ֆինանսական կայունության կարևորությունը:

«Կան տնտեսագետներ, որոնք առաջարկում են ռուբլու արժեզրկման ֆոնին դրամն էլ արժեզրկել, որպեսզի արտահանողները կարողանան աշխատել ռուսական շուկայում: Ըստ իս՝ սա անթույլատրելի է, որովհետև կարող է հանգեցնել գնաճի ու բազմաթիվ այլ խնդիրների: Պետք է հաշվի առնել, որ Կենտրոնական բանկն ունի անհրաժեշտ միջոցներն, ու մենք չունենք այն գործոնները, որոնք կարող են կտրուկ բարձրացնել արտարժույթի պահանջարկը: 7-րդ կետը կորպորատիվ ծրագրին է վերաբերում, ինչի մասին բազմիցս խոսվել է: Սա նշանակում է, որ սպառողական 50 ապրանքների գծով պետք է մշակվեն արտադրական ծրագրեր, սփյուռքի հետ համատեղ կորպորացիա ստեղծվի, որով հնարավոր կլինի այդ ապրանքները արտադրել ու արտահանել հենց այդ շուկաներ»,-եզրափակեց Կ. Ադոնցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031