Մոլեգնող կորոնավիրուսը ոչ միայն սպառնում է համաշխարհային տնտեսական ճգնաժամով, այլեւ, ոմանց կարծիքով, նման է հիբրիդային պատերազմի, անգամ՝ Երրորդ համաշխարհային պատերազմին։
Շարքային քաղաքացիներիս այս պահին ավելի մտահոգում է առաջին անհրաժեշտության ապրանքների ու դեղերի հնարավոր դեֆիցիտը։ Այս թեմայով մենք զրուցեցինք ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանի հետ։
– Նախորդ նիստին վեճ ծագեց Զոհրաբ Մնացականյանի, Արսեն Թորոսյանի եւ Ավինյանի միջեւ՝ ավելի արմատական միջոցներ ընտրել-չընտրելու հարցում։ Որքան էլ զարմանալի է, ԱԳ նախարարը կողմ էր ամեն ինչ փակելուն, ի տարբերություն մյուսների, որոնք ասում էին, որ պետք է ավելի ճկուն լինել, անհրաժեշտության դեպքում՝ նոր, թարմացվող ցանկեր սահմանել։
– Համաձայն եմ էդ ճկունության հետ։ Բացարձակ պետք չէ բան անել, ուղղակի պետք է կարողանալ բոլորին ստուգել, կարանտինի միջոցառումներն ավելացվեն եւ առաջին հերթին՝ հենց օդակայանում ռիսկի խմբերը մեկուսացվեն։ Ինչքան գիտեմ՝ սկսել են անել։
Կարդացեք նաև
– Պղնձի գնի անկում կա։ Մենք արդյունահանում ենք Չինաստան եւ Եվրոպա, եւ հիմա երկու ուղղությամբ էլ կորոնավիրուսի հետ կապված լարված իրավիճակ է։
– Այսօր պղնձի գներն ընկել են, բայց չեմ կարծում՝ էն շեմում են, որ պետք է մտածել, որ մենք վնասով ենք աշխատում։ Էդպես չէ։ Ուղղակի շահույթը կլիներ ավելի բարձր, եթե գները դրանից կրկնակի բարձր լինեին, իսկ էդպիսի դեպքեր եղել են։ Այնպես որ, չեմ կարծում, որ վնասով ենք աշխատում։ Երբ մենք սկսում էինք, պղնձի գները 1400 էին, 1800-ի դեպքում դառնում էր շահութաբեր։ Հիմա թող կրկնակի ավելացած լինեն ծախսերը, ինֆլյացիան եւ այլն, 6 հազար է, չէ՞, իսկ եղել են ժամանակներ, որ 12 հազար էր։ Դրա համար էլ օրենսդրության մեջ մտավ «ռոյալիթի» հասկացություն, որ մասամբ այդ գերշահույթները բաշխվեն պետբյուջեում։
– ՏՄՊՊՀ նախագահը վստահեցնում է, որ ամեն ինչ վերահսկում են, թանկացումներ չկան, չեն լինելու։ Բայց մենք տեսանք, որ դիմակները մի քանի հարյուր անգամ թանկացան, հետո, իհարկե, մի փոքր գինն իջավ։
– Ես այդպիսի բան չեմ տեսել, ես հիմա խանութում եմ, ապտեկայում, ոչ մի տենց թանկացում էլ չկա, եւ մարդիկ շատ հանգիստ առեւտուր են անում։ Ապրանքն էլ լիքն ա։ Դա էդ ի՜նչ պանիկա ա, մեր ամենամեծ թշնամին սեփական ուժերին չհավատալն է։
– Արտարժույթի կանխատեսումնե՞րը։
– Չէ, տատանումներ չեմ կանխատեսում, եթե նույնիսկ լինեն, մեզ վրա ըտենց չեն ազդի, մեր ռեզերվները բավարար են, ունենք մեր ազգային դրամը եւ էսօր էլ դրամավարկային քաղաքականությունը, որը շատ լավ անվտանգության բարձիկ է։ Մենք կարող ենք ավելի ճկուն լինել, մանեւրել եւ մեր տնտեսությունն ու մեր բնակչությանը պաշտպանել էդպիսի մեծ տատանումներից։ Բայց չեմ կարծում, որ դրանք լինեն։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: