Մինչ Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, Արցախը շարունակում է իր բնականոն կյանքը։ Մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական և նախագահական ընտրություններն ուժի մեջ են, թեպետ թեկնածուներից շատերը քարոզարշավ փակ տարածքներում չեն իրականացնում։
Երեկ նաև մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացրել, փակել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկն ու պահանջել նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։ Արցախի ոստիկանությունից տեղեկացանք, որ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:
Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ, Արցախի Պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին՝ ասաց. «Կարծում եմ՝ սա ինչ-որ կերպ կապված է նախընտրական գործընթացի հետ։ Տարբեր քաղաքական ուժեր իրենց մարտավարությունն ու ռազմավարությունն են մշակում։ Գուցե մի ուժ գտնում է, որ սրանով կարող է շահել ինչ-որ հատվածի ձայները՝ ժամանակը ցույց կտա։ Պարզ է, որ ներկայիս իշխանությունը արմատական փոփոխությունների է ենթարկվելու։ Մարտի 31-ից հետո Արցախում կունենանք նոր պատկեր։ Ինձ թվում է՝ սա պարզապես ստրատեգիական հաշվարկ է ինչ-որ ուժերի կողմից»։
Մեր այն դիտարկմանը, թե այժմ Բակո Սահակյանի հրաժարականը պահանջելը տարօրինակ է թվում, քանի որ վերջինս այսպես թե այնպես չի առաջադրվել կայանալիք ընտրություններում և թողնելու է այդ պաշտոնը մարտի 31-ից հետո, Բաբայանն արձագանքեց. «Հենց դա է խնդիրը։ Գուցե ինչ-որ ընտրազանգվածի համար նման բաները հաճելի են։ Պետք է այդ մարդկանցից ճշտել։ 10 օրից կլինի քարոզարշավի վերջին օրը, հետո լռության օր և արդեն մարտի 31-ին՝ ընտրություններ։ Չգիտեմ՝ դա իրենց հաշվարկն է, կարող եք իրենցից ճշտել»։
Կարդացեք նաև
Մարիամ Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: