ՀՀ-ում կորոնավիրուսի առկայությամբ պայմանավորված՝ փակվել են մանկապարտեզները, նախակրթարանները, դպրոցները, բուհերը, ինչպես նաեւ մշակութային հաստատությունները: Երեւանի պետական համալսարանը ուսումնական ծրագրից ետ չմնալու համար որոշել է անցնել հեռավար ուսուցման:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր ասուլիսում փաստել է, որ կրթական պրոցեսի անընդհատության ապահովման հետ կապված՝ բուհական համակարգը կարողացել է գտնել համապատասխան լուծումներ, բուհերը հաստատել են, որ նրանք տեխնիկական տարբեր միջոցներով հանձն են առել եւ սկսել են իրականացնել հեռավար ուսուցում:
Քանի որ դասապրոցեսի խնդիրը լուծվել է, ուսանողներին սկսել է անհանգստացնել մեկ այլ հարց. արդյոք առցանց ուսուցման դեպքում ուստարվա վարձավճարը չի նվազելու: Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Անուշ Ղազարյանի կարծիքով, իմաստ չկա փոխելու վարձի չափը, քանի որ ԵՊՀ-ն որեւէ մեղք չունի ստեղծված իրավիճակում, եւ որպես պետական կառույց, այն չպետք է տուժի: Իսկ, ըստ 3-րդ կուրսի ուսանող Արմինե Սահակյանի, վարձավճարը պետք է պակասեցվի. «Դժվար ժամանակներ են ստեղծվել եւ վարձը տվող մեր ծնողներից շատերն արդեն չեն աշխատում ու սա կարեւոր նրբություն է, որը պետք է հաշվի առնել»:
3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հովսեփյանն էլ, շարունակելով կուրսեցու միտքը, նշեց, որ ճիշտ չի լինի չվճարվեն դասախոսները, որովհետեւ առցանց ձեւաչափով կատարում են իրենց աշխատանքը: Լիլիթը բարձրացրեց մեկ կարեւոր հարց եւս, այն է՝ հետաձգել վարձավճարի ժամկետը. «Եթե այս ամիս տանն ենք, վճարենք ոչ թե ապրիլի, այլ մայիսի վերջին, որ արդեն աշխատանքի գնան մարդիկ ու ի վիճակի լինեն վճարել»:
Կարդացեք նաև
Մի խումբ ուսանողներ էլ նշեցին, որ հեռավար ուսուցումն էլ իր յուրահատկությունն ունի, մանավանդ աշխարհի շատ երկրներում այն արդեն կիրառվում է:
Ուսանողների անհանգստությունները փարատելու նպատակով զրուցեցինք ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի փոխդեկան Անահիտ Մենեմշյանի հետ: Այն հարցին, թե հեռավար ուսուցման դեպքում արդյոք վարձավճարը չի նվազի, փոխդեկանը պատասխանեց. «Դասապրոցեսը անցկացվելու է լիարժեք, միայն թե առցանց»: Փոխդեկանը ընդգծեց նաեւ, որ հավելյալ զեղչերի մասին իրենց դեռ չեն տեղեկացրել, նորության դեպքում անպայման կհրապարակեն: Անդրադառնալով ուսանողի բարձրացրած խնդրին՝ վարձավճարների ժամկետը երկարաձգելու մասին, փոխդեկանը հայտնեց հետեւյալը. «Մինչ տարեվերջ կարող եք վճարել, կարծում եմ՝ նորմալ է»:
Զվարթ ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2020