Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմություն չունենք, իսկ իշխանությունն աշխատում է զուտ իներցիայով

Մարտ 20,2020 13:30
harcer

Կամ՝ նրանց միակ գործը միմյանց սայթաքումների վրա դիվիդենդներ  հավաքելն է

Բերեք իրերը կոչենք իրենց անուններով, քաջ իմանալով, որ ճշմարտությունը միշտ փշոտ է լինում, իսկ թե դրանից ով կնեղանա, ով կխռովի, դա արդեն իրենց գործն է, քանզի միեւնույն է, մածունը միայն սպիտակ է լինում…

Ինչպես մինչեւ թավշյա հեղափոխությունը, այնպես էլ մինչեւ 1988թ. փետրվարն ինձ միշտ թվացել է, որ բազմապիսի լավ հատկանիշների կողքին, մեր ժողովուրդը գոնե մի թերություն ունի, այն է՝ նա ոչ միասնական է: Փառք Տիրոջը, որ երկու դեպքում էլ ես սխալ դուրս եկա, քանզի այն միասնությունը, որ մեր ժողովուրդը ցույց տվեց 1988 եւ 2018 թվականներին, չեմ վախենա ասել, որ իր յուրահատուկ որակներով ուղղակիորեն ցնցեց համայն մարդկությանը: Նման անարյուն եւ անցնցում հեղափոխություններ աշխարհը երբեւէ չէր տեսել եւ այդ իսկ պատճառով աշխարհը նաեւ զարմացած էր, քանզի դրանց ի կատար ածման տեսական հնարավորության հետ շատերը կհամաձայնեին, իսկ այն, ինչ պրակտիկորեն տեղի ունեցավ Հայաստանում, նրանց համար լրիվ անհավատալի էր: Եթե սրան էլ ավելացնենք 30- ամյա Արցախյան պատերազմում հայ ժողովրդի ցուցաբերած միասնությունը, ապա պատկերն ամբողջական է դառնում եւ հուշում մի բանի մասին. հայ ժողովրդի հետ պետք է չափազանց զգույշ հարաբերվել, քանզի հակառակ պարագայում նա դառնում է չափազանց ուժեղ եւ նրա դեմն առնելը դառնում է համարյա անհնար: Եթե ասվածը փոքրիկ չափով ահազանգ է աշխարհին, ապա այն հիմնականում ահազանգ է ներսին՝ իշխանություններին, ինչու չէ, նաեւ ընդդիմությանը:

Իմ նախորդ հոդվածներից մեկում բարձրաձայնել էի, որ այն, ինչ 2018թ.-ին արեց Նիկոլ Փաշինյանը, դա գրոսմայստերական նորություն էր հեղափոխությունների պատմության մեջ: Այն, ինչ տեղի ունեցավ այդ ժամանակ, Նիկոլ Փաշինյանի ոսկերչական եւ գործող իշխանությունների ինքնավստահ՝ չափազանց սխալ հաշվարկների արդյունքն էր: Արվածը հաջողությամբ պսակվեց, քանի որ ամեն ինչ արվեց ճշգրիտ հաշվարկված եւ մեծ օպերատիվությամբ ու հայտնի չէ, եթե այդ ամենը տեղի ունենար նույն հաշվարկների պարագայում, սակայն օպերատիվությունը փոքր-ինչ պակաս լիներ, ապա ինչ արդյունք կգրանցվեր: Անկախ այն ամենից, թե այդ ամենն ում էր ձեռնտու, եղավ այն, ինչ եղավ եւ այսօր ունենք այն, ինչ ունենք…: Փորձենք հակիրճ վերլուծել եւ վեր հանել, թե հետհեղափոխական այս երկու տարիներին Հայաստանի քաղաքական դաշտն ինչ երանգավորում ստացավ, ինչ արեց եւ ինչ է անում համարյա երկու տարեկան մանուկ իշխանությունը ու ինչ արեց եւ ինչ է անում ընդդիմությունը, եթե իհարկե՝ այդպիսին  գոյություն ունի: Այդ ընթացքում հաղթած իշխանությունը ձեւավորեց իշխանության բոլոր ճյուղերը՝ բացի դատական իշխանությունից, քանզի չհաշված մի քանի բացառություններ, դատական իշխանությունն առ այսօր հիմնականում աշխատում է իր հին կազմով՝ հիմնականում նաեւ հին մեթոդներով: Իշխանությունը պարբերաբար բարձրաձայնում է, որ դատական իշխանության ոլորտը չափազանց նուրբ ոլորտ է եւ որպեսզի այդ համակարգում խուսափեն լուրջ կոլապսներից, փորձում են թեկուզ ուշացումով, այնպիսի համակարգային բարեփոխումներ ներդնել, որպեսզի եւ համակարգը չտուժի, եւ կադրային ջարդ չլինի, քանզի դատավորների այն մասը, որը կհամապատասխանի նոր մշակվելիք վարքականոններին, անցյալից համապատասխան դասեր քաղած կլինի, հաշվետու կլինի միայն օրենքին, ապա այս դատավորները կշարունակեն աշխատել, իսկ նրանք, ովքեր չեն ընդունի խաղի նոր կանոնները, կշարունակեն նախկինի նման քմահաճ ձեւով աշխատել, հրաժեշտ կտան դատավորի պաշտոնին: Իսկ այս ամենը ենթադրում է օրենսդրական դաշտի հսկայածավալ բարեփոխումներ եւ դրանց իրագործման համար անհրաժեշտ ընթացակարգեր, որոնք ներկայումս չկան:

Փորձենք չշեղվել եւ չափազանց հակիրճ՝ երկու բառով ներկայացնել, թե ինչ է արել եւ անում իշխանությունը: Անկեղծ ասած, իշխանության աշխատանքի գնահատականը իրականում պետք է տա ժողովուրդը, քանզի դա նրա բացառիկ իրավասությունն է, ուստի աշխատենք խորը վերլուծություններ չանել: Այնուամենայնիվ, եթե կարճ ներկայացնելու լինենք, ապա կարող եմ ասել հետեւյալը. պետական կառավարման ոլորտում բառի իսկական իմաստով դասական համակարգեր գոյություն  չունեն, նրանց փոխարինում են անձերը՝ պաշտոնյաները, ովքեր, մեղմ ասած, անփորձ են ու կառավարման համակարգի համար անհրաժեշտ գիտելիքների ոչ լրիվ պաշարով զինված: Իհարկե, ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ընթացիկ խնդիրներն այնքան շատ են ու տարաբնույթ, որ լավագույն դեպքում նրանք մի կերպ կարող են հասցնել դրանց որոշակի լուծումներ տալ եւ ցավոք, այդ ճանապարհին խոսել այդ լուծումների օպերատիվության մասին, կարծում եմ, մեղմ ասած՝ ավելորդ է: Իսկ եթե չկա օպերատիվություն, ապա լուրջ արդյունքներ ակնկալելը եւս ավելորդ է: Այլ խոսքով, օպերատիվության համար անհրաժեշտ են մեծ փորձառություն եւ կառավարման համակարգի համար անհրաժեշտ չափազանց լուրջ գիտելիքներ, որոնք այս պարագայում պարզապես չկան: Պարտադրված ենք այս մասով այսքանով սահմանափակվել, քանզի այս ամենի վերլուծությունը հսկայածավալ հատորների եւ հազարավոր ուղղություններ ներառող վերլուծության լուրջ նյութ է, որի անհրաժեշտությունն անտարակույս կա, սակայն ժամանակը ցույց կտա, դրա կարիքը  կզգացվի՞ եւ այն երբեւէ կարվի՞, թե՞ ոչ: Միայն մի բան կարող եմ հստակ ասել, որ եթե այդ վերլուծությունները երբեւէ արվեն, ապա դրանք պետք է արվեն չափազանց մանրամասնորեն՝ սեգմենտ առ սեգմենտ, պահպանելով դրանց տրամաբանական կապը՝ ամբողջական եւ ճշգրիտ վերլուծական արդյունք ստանալու ակնկալիքով: Այժմ փորձենք մի քանի բառով ներկայացնել, թե ընդդիմադիր, իհարկե, ավելի ճիշտ է ասել՝ ոչ իշխանամետ ուժերն այս ընթացքում ինչ են արել եւ ինչ են ուզում անել: Անկեղծ ասած, նշված ուժերի կողմից արված կամ արվող լուրջ քայլեր, ցավոք, չերեւացին ու առայժմ չեն երեւում: Լավագույն դեպքում, նրանք ընդամենը մանրակրկիտ հետեւում են իշխանությունների սայթաքումներին եւ մինչ այժմ, դրանց համապատասխան, մի քանի ցաքուցրիվ գործողություններին զուգահեռ, միայն որոշակի ԶԼՄ-ներում իշխանության հասցեին քննադատական տեսակետներ են հնչեցնում, այն էլ առանց որոշակի լուծումներ առաջարկելու: Դրանց հաջորդում են իշխանական ուժերի կողմից հնչեցված որոշակի բացատրություններ, արդարացումներ եւ մեղադրանքներ ու այս շրջապտույտը պարբերաբար շարունակվում է մինչ այսօր: Հանրահայտ իրողություն է, որ եթե որեւէ երկրում չկա ուժեղ եւ պրագմատիկ ընդդիմություն, որը մշտապես լուրջ պահանջներ պետք է դնի իշխանությունների առջեւ, ապա չի կարող լինել նաեւ չափազանց զգոն աշխատող իշխանություն, քանզի նման պարագայում իշխանություններին անհանգստացնող իրավիճակներ համարյա չեն լինում, այնպես որ, այդ պայմաններում նրանք աշխատում են անգամ մի քիչ ծուլացած, այսինքն՝ հանգիստ ռեժիմով:

Որքան էլ զարմանալի է, սակայն այս երկու տարիներին վիճակը հենց այսպիսին էր եւ սա այն պարագայում, որ թվում էր, թե հանրապետականի լուծը թոթափելուց հետո, պետք է ընդդիմության առջեւ մեծ դռներ բացվեր եւ նրանք վերջապես սկսեին իրացնել իրենց հիմնական իրավունքը ու գործեին ի հնարավորին մեծ թափով, իսկ այն, ցավոք, տեղի չունեցավ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ եթե այս երկու տարիներին իշխանությունն այնքան էլ լավ չաշխատեց կամ ստիմուլ չկար լավ աշխատելու համար, ապա դա միայն այն պատճառով չէր, որ ընդդիմությունը թույլ էր, քանզի իշխանության զգոն եւ լավ աշխատելու գրավականը պայմանավորված չէ միմիայն ընդդիմության ուժեղությամբ: Ամեն դեպքում, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը միայն միմյանց սայթաքումների վրա հրապարակումներ անելով, երկիրը լավ տեղ չեն տանի, այնպես որ՝ պետք է լրջանալ, քանզի մեր երկիրն այն վիճակում չէ, որ կարողանանք մեզ նման ճոխություններ թույլ տալ: Էլ չեմ ասում, որ չի կարելի վայրկյան անգամ մոռանալ, որ մենք արդեն 30 եւ ավելի տարիներ շարունակվող Արցախյան պատերազմ ունենք…:

Թող ներվի ինձ, բայց այսօր վիճակը եկել է ոչ թե այո-ոչի, սեւի-սպիտակի, մերոնք-ձերոնքի, այլեւ այն կարծես լիովին նմանվում է մեծն բանաստեղծի շունն ու կատվի պատմությանը: Պարզից էլ պարզ է, որ նման պայմաններում երկիր սարքելու, ավելին՝ զարգացնելու մասին խոսք լինել չի կարող…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի թղթակից 

«Առավոտ» օրաթերթ
19.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031