Հայաստանում 4-րդ օրն է արտակարգ դրություն է, այն դեռ կշարունակվի մինչեւ ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է, շատ երկրներում՝ արտակարգ դրություն, սահմանափակվել է երկրների միջեւ ցամաքային եւ օդային հաղորդակցությունը, օջախային երկրներում մարդկանց տեղաշարժն է սահմանփակվել եւ հսկողության տակ է:
Այս օրերին մայրաքաղաքի ամենաբանուկ, ամենամարդաշատ վայրերում արտակարգ սակավամարդ է: Փաստորեն մարդիկ լսելով իշխանության հորդորը, հնարավորության դեպքում՝ ինքնամեկուսանում են, տանից են աշխատում, շփման շրջանակն են սահմանափակում, ուստի Երեւանը կիսադատարկ է:
Լուսանկարներում այն փողոցներն են, որտեղ նախկինում օրվա տարբեր ժամերին մշտապես խցանումներ էին, անանցանելի, հիմա արդեն երթեւեկությունը շատ թեթեւ է:
Նույնիսկ սննդի այն կետերը, որտեղ մշտապես հերթեր էին, այս օրերին ե՛ւ տաղավարներն են դատարկ, ե՛ւ այցելուներն են հատուկենտ:
Կարդացեք նաև
Լուսանկարում պատկերված արագ սննդի սպասարկման կետի տաղավարները դատարկ են ոչ այն պատճառով, որ մարդիկ ինչ կա՝ միանգամից գնում են, այլ պարզապես քիչ են սնունդ պատրաստում, հաճախորդները քիչ են:
Որոշ դեղատներ էլ ադապտացվում են իրավիճակին, վերադասավորել են ցուցափեղկերը, դրանք տեղադրել են հենց մուտքի մոտ, որպեսզի հաճախորդները մեկ-մեկ մտնեն, այլ ոչ թե խմբերով:
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրն էլ չեղարկվեց, հետաձգվել է, «Այո»-ի շտաբերն էլ կարանտինի մեջ են, բնականաբար, հանրաքվեի ցուցատախտակներն էլ դատարկ են մնացել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.03.2020