Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց դժբախտությունը նրանց նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարմար առիթ չէ»

Մարտ 20,2020 14:30

Ասում է իրավաբանական գիտությունների դոկտոր Գեւորգ Դանիելյանը

– Արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ նախատեսված մի շարք սահմանափակումներ, թերեւս, անմիջականորեն հանգեցնում են մարդու նկատմամբ բռնությամբ ուղեկցվող բժշկական միջամտությունների, նրան ազատությունից զրկելուն ուղղված հարկադրանք կիրառելուն եւ այլն։ Վերջին հաշվով, չեն բացառվում նաեւ մահվան դեպքերը։ Որքանո՞վ են այս միջոցառումները արդարացի եւ ինչպե՞ս է այս ողջ գործընթացը վերահսկվելու։

– Այս հարցում պետք չէ անհարկի ծայրահեղությունների մեջ ընկնել, հավասարապես վտանգավոր են ինչպես անտեղի կաշկանդվածությունը, այնպես էլ անհիմն միջամտությունները։ Դեռ առաջին օրերին, արձագանքելով Կառավարության ներկայացուցիչների այն դիտարկումներին, թե օրենսդրությամբ նախատեսված չեն բավարար միջամտության հիմքեր, նկատել եմ, որ այդպիսի հիմքեր լիարժեք նախատեսված են, մասնավորապես յուրաքանչյուր վիրուսակրի կարելի է անարգել զրկել ազատությունից եւ ենթարկել հարկադիր բուժման, ավելին՝ դիտավորյալ կամ անզգույշ այլ անձանց առողջությանը վնաս պատճառելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

Համամիտ եմ, որ հարկադրանք կիրառելը չպետք է դիտարկվի իբրեւ միակ սփոփիչ միջոց, եւ որեւէ ուշադրություն չդարձվի դրա իրականացման եղանակների վրա։ Նկատենք, որ խոսքը սոսկ ակամա վիրուսակիր դարձած եւ խնամքի կարիք ունեցող մարդկանց մասին է, ուստի նրանց նկատմամբ հարկադրանքի կիառումը չի կարող ուղեկցվել ցուցադրական շոուներով, նվաստացուցիչ միջոցներով՝ հընթացս խախտելով նրանց անձնական տվյալների գաղտնիության սահմանադրական պահանջը։

Վերահսկողության կտրվածքով խնդիրներ կան, քանի որ այս դեպքում մերձավոր ազգականները, որպես կանոն, զրկված են անմիջական շփումների հնարավորությունից եւ յուրաքանչյուր անցանկալի արդյունք, ելք կարող է կասկածի տեղիք տալ, ուստի, կարծում եմ, մի կողմից՝ հարկ է անվտանգության կանոնների պահպանմամբ ապահովել որոշակի վիրտուալ հաղորդակցություն, մյուս կողմից՝ ներդնել արդյունավետ ու մասնագիտացված հասարակական վերահսկողության  գործիքակազմ։

– Հնարավոր վարակակիրներին մեկուսացնելու եւ հարկադիր բուժում իրականացնելու համար, հաճախ պետք է լինում, հակառակ այդ մարդկանց կամքի, մտնել նրանց բնակարանները, դա չի՞ համարվում Սահմանադրությամբ նախատեսված բնակարանի անձեռնմխելիության խախտում։

– Ինչպես վիրուսակիրներին հարկադրաբար առանձնացնելու եւ բուժելու, այնպես էլ բուժհաստատություններ նրանց տեղափոխելու նպատակով կարելի է մուտք գործել բնակարան, դա եւս նախատեսված է Սահմանադրությամբ, մասնավորապես՝ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով` առողջության եւ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով (32-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Ինչ խոսք, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը մարդու հիմնական իրավունքներից լինելով հանդերձ որեւէ կերպ չպետք է ընկալվի ու ձեւական չափանիշներով կիրառվի հենց իր դեմ, այլ պետք է գործի բացառապես սեփականատիրոջ եւ այլոց իրավունքների պաշտպանության ասպեկտով։

Հաճախ բնակարան մուտք գործելը շփոթում են բնակարանի խուզարկության հետ, ինչը թույլատրվում է բացառապես դատարանի որոշմամբ։ Օրինակ, կասկածյալին ձերբակալելու նպատակով կարելի է մուտք գործել բնակարան, սակայն այն չպետք է վերածվի խուզարկության եւ այլ անկանխատեսելի դրսեւորումների։ Որեւէ կերպ չի կարող իրավաչափ եւ, ընդհանրապես, ցանկացած տեսանկյունից արդարացի համարվել անձի ձերբակալման համար բնակարան մուտք գործելը, եթե չեն պահպանվում համաչափության տարրական պահանջները։ Ինձ համար, որպես մասնագիտական որոշակի կենսափորձ ունեցող մարդու, հատկապես, տարակուսանքի տեղիք է տալիս այն, որ երբեմն այդպիսի հնչեղ միջոցառումները որեւէ արդյունք չեն գրանցում այն պարզ պատճառով, որ իրագործվում են այն ժամանակ, երբ փնտրվող կասկածյալը պարզապես տանը չի լինում, հետեւությունները թողնենք ընթերցողին։

Այսպիսով, բնակարան մուտք գործելը եւս նախատեսված է Սահմանադրությամբ, իսկ կոնկրետ համաճարակի դեպքում, ինչը արտակարգ իրավիճակի ցուցիչ է, վիրուսակիր անձին տեղափոխելու նպատակով բնակարան մուտք գործելը բխում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածից։

– Պարոն Դանիելյան,  կարելի՞ է, արդյոք, առանց մարդու համաձայնության նրան ենթարկել հարկադիր բուժման։

– Առանց անձի համաձայնության, իրեն հարկադիր բուժել չի կարելի։ Ընդ որում, որպես կանոն, հարկադիր բուժումն անխուսափելիորեն ենթադրում է անձի անձնական ազատության սահմանափակում, ինչը եւս արգելվում է։ Միաժամանակ, Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ անձին կարելի է ազատությունից զրկել, մեկուսացնել՝ ինչպես հիմա են հաճախ ասում, հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաեւ հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով։

Քանի որ խոսքը խիստ վտանգավոր վարակիչ հիվանդության մասին է, անձին հարկադիր բուժման համար նախատեսված հաստատություն տեղափոխելը կամ որեւէ այլ վայրում նրա ազատությունը սահմանափակելը միանգամայն իրավաչափ է։ Ընդ որում, կոնկրետ համաճարակի դեպքում այս սահմանափակումը կարող է կիրառվել առանց արտակարգ դրություն հայտարարելու, ուստի բնավ հիմնավորված չէր Կառավարության որոշման մեջ Սահմանադրության 27-րդ հոդվածի վրա հղում անելը, մանավանդ, որ ազատությունը սահմանափակելու ուրիշ այլ հիմքեր չեն նախատեսվել։

Այս հարցում ինքս ժամանակին որոշակի տարաձայնություն եմ ունեցել միջազգային փորձագետների հետ, որոնք պնդում էին, որ որեւէ պարագայում չի կարելի, օրինակ, քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած անձին հարկադիր սնուցման համակարգ միացնելու ցուցում տալ։ Իմ դիրքորոշումն այն էր, որ՝ այո, սկզբունքորեն պետք է հարգել մարդու կամահայտնությունը, սակայն, երբ վրա է հասնում այնպիսի իրավիճակ, երբ մարդն այլեւս ի զորու չի լինում համարժեք արձագանքելու արտաքին ազդակներին եւ դրսեւորելու լիարժեք կամահայտնություն, ապա պետք է պատասխանատվություն ստանձնել եւ մարդու շահերից ելնելով, միացնել սնուցման համակարգ։ Վերջին հաշվով, մարդկանց առաջնահերթ հուզող հարցերը միշտ չէ, որ հնարավոր էր լինում սեղմ ժամկետում լուծել, ինչը չպետք է պատճառ դառնար, որ վերջիններս ձեռք բերեին չվերականգնվող առողջական խնդիրներ։

– Եթե բոլոր այս սահմանափակումները կարելի էր կիրառել նաեւ առանց արտակարգ դրություն հայտարարելու, ապա ի՞նչ անհրաժեշտություն կար դիմելու այդ ծայրահեղ քայլին։

– Մի առիթով արդեն նկատել եմ, որ մեզանում գործնականում արտակարգ դրություն եւ արտակարգ իրավիճակ հատուկ ռեժիմները դեռեւս համարժեք չեն ընկալվում, առկա է ակնհայտ շփոթ, ինչի արդյունքում անտեսվում է, որ մի շարք իրավունքներ կարելի է սահմանափակել նաեւ օրենքով, ինչն էլ արված է, օրինակ՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով։ Ավելին, այդ օրենքը միանգամայն բավարար էր նաեւ մարդկանց ու տրանսպորտի մուտքի եւ ելքի սահմանափակումներ նախատեսելու տեսանկյունից։

Ինքս ակնկալում էի, որ արտակարգ դրություն հայտարարելիս, առնվազն հարկ կլինի հիմք ընդունել ոչ թե ստանդարտ մոտեցումները,  այլ կոնկրետ իրավիճակը։ Ըստ այդմ էլ, ենթադրում էի, որ, օրինակ, հստակ կնախատեսվեին որոշակի կարգավորումներ՝ կապված առաջին անհրաժեշտության սննդամթերքի շրջանառության հետ՝ հաշվի առնելով անիմաստ  եւ միայն որոշ խոշոր գործարարների շահերին ծառայող համատարած գնումները, գների ակնհայտ անհիմն աճը եւ այլն։ Իհարկե, այս եւ նմանաբնույթ երեւույթները եւս հնարավոր կլինի կանխել, սակայն դրա համար արդեն անհրաժեշտ է լինելու գործադրել առավել բարդ ու ռեսուրսատար միջոցներ։

Ինձ համար առնվազն անընդունելի են եկեղեցական ծիսակատարությունները արգելելուն առնչվող իմպերատիվ ձեւակերպումները, քանզի պետք է արգելվեր պարզապես որոշակի քանակի անձանց մասնակցությունը, ինչը Հայ Եկեղեցին արդեն նախաձեռնել է, ընդ որում, առավել արդյունավետ՝ նախապատվությունը տալով փակ ձեւաչափին։

Ինչ վերաբերում է տեղեկատվության ազատության սահմանափակումներին, ապա դրանք, մեծ հաշվով, արդարացված են, էլ ավելի շահեկան կլիներ, եթե առավել հստակ ուրվագծվեր սահմանափակումների շրջանակը, քանզի արդեն այս օրերին տեսնում ենք տեղեկատվական նյութեր, որոնք, թերեւս, կարող են աղերսներ ունենալ հիշյալ սահմանափակումների հետ։ Դրական է նաեւ, որ մամուլը եւս ըմբռնումով է մոտենում այս սահմանափակումներին, մինչդեռ՝ հիշում եմ, որ տարիներ առաջ ձեր օրաթերթը յուրովի բոյկոտեց նույնաբնույթ սահմանափակումը եւ հրաժարվեց լույս ընծայել որեւէ համար։

Ինչեւէ, Հայաստանն այս դեպքում գործել է արտասահմանյան երկրներում, ընդհանուր առմամբ, արդեն իսկ կիրառված ընթացակարգերով, կարծում եմ, որ յուրաքանչյուրն իր պարտքը պետք է համարի լրջմիտ վերաբերմունքով աջակցելու միջոցառումներին, պատրաստ լինի նաեւ աջակցելու բուժօգնության հիմնադրամին։ Ուղղակի ցանկալի կլիներ, որ այն շուտափույթ ձեւավորվեր. արտերկրի դրական փորձը եւս հուշում է դրա օգտին։

Հարցազրույցը`

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031