Կորոնավիրուսի պատճառով հերթական ծեծն է գրանցվել, այս անգամ՝ Կոտայքի մարզում: Ամեն ինչ սկսվել է facebook-ի ստատուսից, երբ մի օգտատեր՝ Կոտայքի մարզի բնակիչ, անդրադարձել է «Գինաց» ռեստորանում տեղի ունեցած հավաքույթին, որի մասնակիցները, կորոնավիրուսով պայմանավորված ՀՀ-ում հաստատված արտակարգ դրության պայմաններում, գերազանցել են 20 հոգին: Քաղաքացու՝ facebook-ի գրառումից վրդովված՝ ռեստորանի սեփականատիրոջ բարեկամը գտել է գրառման հեղինակին:
Ռեստորանի տնօրեն Սեւադա Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ թեեւ լուրեր են տարածվում, որ իր ազգականներն են հանդիպել ստատուսագրի հետ, բայց իրականում, իր կնոջ բարեկամը միայնակ է ստատուսի հեղինակի հետ հանդիպել, խնդրել հեռացնել ստատուսը. «Հասկանում եք՝ facebook-ում չափից դուրս լկտի ու անդաստիարակ մեկնաբանություններ են գրում, ես անձամբ չեմ հետեւել, ինձ ցույց են տվել, մեկնաբանություններում գրել էին՝ թող իրենց ընտանիքները վարակվեն, եթե չեն հասկանում: Իմ կնոջ բարեկամներից մեկը՝ իր նախաձեռնությամբ, հանդիպել է այդ երիտասարդի հետ, խնդրել է, որ ջնջի այդ հրապարակումը, քանի որ լավ մեկնաբանություններ չեն գրում դրա տակ, իսկ նա հրաժարվել է, երկու երիտասարդն էլ նույն տարիքի են, իրենց մեջ վեճ է առաջացել, քաշքշուկ, այդ ստատուս գրողը հասցրել է նրան, որ կնոջս բարեկամը մի հատ չափալախ տա, էդքան բան: Ստատուս գրող երիտասարդն էլ անմիջապես ոստիկանություն է դիմել, թե իրեն մարմնական վնասվածք են պատճառել: Իրենց մեջ նախկինից եկած խնդիր կա, այդ տղան միշտ վատ բաներով է հանդես եկել, այնպես չէ, որ ռեստորանը սկսել է վարկաբեկել դրա համար, չնչին մի բանից ընդհարվել են: Ծեծկռտուք էլ չի եղել, դատաբժշկական փորձաքննության եզրակացությանն ենք սպասում, այդ տղան ատամի կոտրված պլոմբ է ունեցել, ամեն ինչ՝ պոչկի քարերը, դրա հետ է պայմանավորում, բայց ընդամենը թեթեւ քաշքուկ է եղել»:
Ռեստորանի տնօրենի խոսքով, մինչեւ մարտի 15-ը իրենց ռեստորանում նախատեսված թվով 10 մեծ միջոցառում չեղարկվել է, իսկ վեճի թեմա դարձած միջոցառումը, որը տեղի էր ունեցել մարտի 17-ին, 70 ամյա պապիկի ծննդյան առիթով է եղել, մասնակիցները՝ մոտ 50 հոգի:
Ստատուսի հեղինակը Shamshyan.com-ին պատմել էր, որ իրեն ծեծողները երկու հոգի են եղել: Քաղաքացուն անհիմն ծեծելու կասկածանքով ոստիկանության Չարենցավանի բաժին են բերման ենթարկվել Չարենցավան քաղաքի բնակիչ 26-ամյա Գևորգ Աբրահամյանը և Չարենցավան քաղաքի բնակիչ 38-ամյա Մամիկոն Մամիկոնյանը։ Փաստի աթիվ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ