Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս  լուծվեց Թուրքիայում ու Հունգարիայում գտնվող հայ երիտասարդներին հայրենիք վերադարձնելու հարցը․ մանրամասներ

Մարտ 19,2020 23:34

Ինչպես տեղեկացրել ենք, կրթական ու վերապատրաստման ծրագրերով արտերկրում գտնվող երկու հայ երիտասարդներ՝ կապված չվերթների դադարեցման կամ հայտարարված կարանտինի հետ, չգիտեին ինչպես վերադառնալ հայրենիք։ Նրանցից մեկը գտնվում էր Թուրքիայում, որտեղ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն չունի, նա պիտի վերադառնար Աթենքով, իսկ Աթենքից Երևան չվերթը չեղարկվել էր։ Մյուսը գտնվում էր Հունգարիայում։

Այս մասին տեղեկացել էինք «Հայաստանում Էրազմուս+ երիտասարդություն և Եվրոպական համերաշխության կորպուս ծրագրերի տեղեկատվական կենտրոնի» ֆեյսբուքյան էջում արված հայտարարությունից։

Հայաստանում տեղեկատվական կենտրոնի աշխատանքները համակարգող «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ նախագահ Արթուր Նաջարյանը թեև շեշտել էր, որ իրենց կազմակերպությունը լիազորված է ծրագրերի մասին ընդամենը տեղեկատվություն և խորհրդատվություն տրամադրելու, իսկ առաջացած խնդիրը լուծելը մտնում է ուղարկող և հյուրընկալող կազմակերպությունների պարտականությունների մեջ, այդուհանդերձ, վերոհիշյալ հ/կ-ն ամեն ջանք գործադրել էր խնդրի մասին պատասխանատու կողմերին տեղեկացնելու և երկու երիտասարդներին հայրենիք հասցնելու համար։

Այսօր Aravot.am-ը Արթուր Նաջարյանից հետաքրքվեց, թե լուծվե՞ց արդյոք  երիտասարդների տեղափոխման խնդիրը։

«Երկու երիտասարդներն էլ բարեհաջող վերադարձել են հայրենիք։ Հունգարիայի հետ կապված ուղարկող կազմակերպության հետ անմիջապես կապ հաստատելուց տեղեկացանք, որ պատասխանատուները արդեն սկսել էին զբաղվել այդ հարցով։ Կարիք ունեին խորհրդատվության՝ կապված նրա հետ, թե նմանատիպ ֆորսմաժորային վիճակներում ինչ պարտականություն ունեն ուղարկող և հյուրընկալող կողմերը, ինչ աջակցություն կարող են ակնկալել ծրագիրը ֆինանսավորող կողմից։ Մեր աշխատակիցը խորհրդատվություն տրամադրեց, եռակողմ կապ հաստատեցինք մասնակցի և երկու կառույցների հետ, որի արդյունքում ընդամենը երկու ժամվա ընթացքում նոր տոմսը գնեցինք, և երիտասարդը Հունգարիայից դեպի Մոսկվա վերջին չվերթով կարողացավ հասնել Հայաստան։

Ավելի բարդ էր Թուրքիայում գտնվող աղջնակի հարցը։ Աղջիկը բավականին երիտասարդ է՝ ընդամնեը 19 արեկան և առաջին անգամ էր միջազգային ծրագրի մասնակցում։ Մայրը շատ անհանգստացած էր, քանի որ չէր կարողացել աղջկա հետ անմիջական կապ հաստատել, աղջիկը կապ էր հաստատել հոր հետ, որը Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում։ Հայրն այնտեղից ոչինչ անել չէր կարող, չգիտեր ուղարկող կազմակերպության տվյալները, միայն տեղյակ էին, որ կապ չի կարողացել հաստատել ուղարկող կառույցի հետ, և աղջիկն այդ պահին միայնակ է մնացել։ Ինչո՞վ էր պայմանավորված․ ինչպես տեղեկացանք՝ թռիչքը Աթենքով էր, պիտի թռներ Անթալիա-Աթենք-Երևան։ Սակայն հունական ավիաընկերությունը չեղարկել էր տոմսերը, որևէ չվերթ չկար, մնացել էր Թուրքիայում, ոչ մի աջակցող չկար։ Տեղեկատվական կենտրոնի աշխատակիցը, ամբողջապես ծանոթանալով խնդրին, աղջկա մորը բացատրել է ընթացակարգերը, կողմերի պարտականությունները և կապի մեջ դրել ուղարկող կազմակերպության հետ։ Վերջինս տեղեկանալուց հետո հստակ քայլեր է ձեռնարկել հարցի կարգավորման ուղղությամբ։

Տեղյակ եմ, որ հարցի կարգավորմանը աջակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ մամլո խոսնակ տիկին Նաղդալյանի միջոցով, ով առանց վարանելու արդեն երկրորդ անգամ աջակցում է կրթական ծրագրերի շրջանակներում արտերկրում մնացած մեր քաղաքացիների Հայաստան վերադառնալու հարցում։ Ուղարկող կազմակերպությունը նոր տոմս է գնել մասնակցի համար և տեղափոխությունը կազմակերպել են։ Աղջիկը գիշերը ժամը 2․00-ի սահմաններում արդեն Հայաստանում էր»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Մեր դիտարկմանը, թե բազմաթիվ օգտատերեր, հատկապես՝ Գյումրիից, պատրաստակամ էին օգնելու աղջկան Թուրքիայում հայ ընտանիքի մոտ հյուրընկալվելու, մինչև վիճակը կշտկվեր, մեր զրուցակիցն ասաց․«Շատ հետաքրքիր էր արձագանքը, երբ որ մեդիան անդրադարձավ և այս մասին հոդված գրվեց։ Aravot.am-ի հոդվածի տակ շատերը մեկնաբանություն էին թողել՝ առաջարկելով իրենց աջակցությունը։ Մի մասը պատրաստակամ էր Թուրքիայում գտնվող իրենց հայ բարեկամների հետ խոսել աղջկան հյուրընկալելու համար, մի մասը գրում էր, որ իրենք կարող են ներքին տրանսպորտի հարցը կազմակերպել և Անթալիայից տեղափոխել Ստամբուլ, որտեղ իրենք ապրում են և աղջկան հյուրընկալել ինչքան պետք է, մինչև որ կարանտինային այս շրջանն անցնի կամ համապատասխան թռիչքը գտնեն։ Սա շատ ոգևորիչ է, միասնականություն դրսևորվեց միանգամից։  Տեղյակ եմ, որ այս մասին տեղեկացել է նաև «Հրանտ Դինքի» հիմնադրամը, որը գտնվում է Ստամբուլում, հետաքրքվել են աղջնակի հետ կատարվածով։ Սակայն մեր աշխատակիցը տեղեկացրել է, որ հարցն արդեն լուծվել է՝ ուղարկող կազմակերպության և Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Նաջարյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031