ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի բռնկման պայմաններում ստեղված իրավիճակի առիթով: Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) արցախյան հակամարտության կողմերին կոչ են անում վերահաստատել հրադադարի ռեժիմը պահպանելու հանձնառությունը, ինչպես նաև զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից, որը կարող է խորացնել իրավիճակն այս բարդ ժամանակաշրջանում:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վիրուսի տարածման դեմ պայքարին և վարակակիրներին բուժելուն, մենք կողմերին կոչ ենք անում կիրառել հնարավորինս զսպվածությունը՝ լարվածության ռիսկը նվազեցնելու համար, այդ թվում օգտագործելով գոյություն ունեցող ուղիղ կապի հնարավորությունը: Չնայած միջազգային ճամփորդությունների սահմանափակումներին՝ համանախագահները կշարունակեն միջնորդական ջանքերն առանց ընդհատումների՝ սերտ կապի մեջ մնալով միմյանց և կողմերի հետ»,-ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումները տարածաշրջանում կորոնավիրուսի պատճառով:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ