Մարդու առողջությունը կախված է ոչ միայն հասանելի բժշկական ծառայություններից, այլ նաև համաճարակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ունենալու հասանելիությունից: Խոսքի ազատության իրավունքը, որն իր մեջ ներառում է տարբեր տեսակի տեղեկություն, կարծիք փնտրելու, ստանալու, հրապարակելու իրավունք, վերաբերում է բոլորին և կարող է ենթարկվել միայն նեղ սահմանափակումների: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի խոսքի և մամուլի ազատության հարցերով կոմիտեի, Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովի և Եվրոպայում ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի համատեղ հայտարարության մեջ:
ԶԼՄ-ների ազատության հարցերով փորձագետները կառավարություններին նախևառաջ կոչ են անում հավաստի տեղեկատվության տրամադրել կորոնավիրուսից բխող սպառնալիքի վերաբերյալ: Բացի այդ նրանք շեշտում են, որ կառավարությունները պարտավոր են հասանելի ձևաչափով հուսալի տեղեկատվություն տրամադրել բոլորին՝ առանձնակի ուշադրություն դարձնելով մարդկանց, որոնք զրկված են ինտերնետի հասանելիությունից, ինչպես նաև սահմանափակ կարողություններով անձանց:
Նրանց խոսքով՝ ճգնաժամային իրավիճակում ինտերնետի հասանելիությունը չափազանց կարևոր է, ուստի անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունները զերծ մնան ինտերնետի հասանելիության արգելափակումից: «Տեղեկատվության հասանելիության իրավունքը նշանակում է, որ կառավարությունները պետք է հավելյալ ջանք գործածեն՝ լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար: Լրագրողները կարևորագույն գործառույթ են իրականացնում հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների ժամանակ»,-շեշտում են փորձագետները:
«Մենք կիսում ենք այն մտավախությունը, որ համաճարակի վերաբերյալ կեղծ տեղեկությունը կարող է հանգեցնել առողջական խնդիրների, խուճապի և անկարգությունների: Ուստի, կարևոր է, որպեսզի կառավարությունները և ինտերնետ մատակարարող ընկերությունները իրենք առաջինը տրամադրեն հուսալի տեղեկատվություն…բովանդակության կրճատումը, գրաքննությունը կարող են հանգեցնել կարևոր տեղեկատվության հասանելիության սահմանափակմանը, դրանք պետք է կիրառվեն խիստ անհրաժեշտության դեպքում և համամասնորեն: Համաճարակի վերաբերյալ տեղեկատվության քրեականացման ցանկացած փորձ կարող է անվստահություն առաջացնել ինստիտուցիոնալ տեղեկատվության նկատմամբ, ինչպես նաև բացասական ազդեցություն ունենալ խոսքի ազատության վրա»,-ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Անդրադառնալով կորոնավիրուսի տարածման մասշտաբները վերահսկելու համար օգտագործվող տեխնոլոգիական գործիքներին՝ մեդիա փորձագետները կոչ են անում հնարավորինս սահմանափակել դրանց օգտագործումը, ապահովել հիվանդների անձնական տեղեկատվության անձեռնմխելիություն, լրագրողների աղբյուրների պաշտպանություն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ