Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար Տիգրան Խաչատրյանը՝ կորոնավիրուսի եւ տնտեսության կապի, նախատեսվող ծրագրերի մասին

Մարտ 19,2020 21:32

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսում  խոսեց կորոնավիրուսի տարածման տնտեսական հաշվարկների եւ դրա հակազդման առաջիկա գործողությունների մասին:

Նախարարի խոսքով՝ վերջին շաբաթվա ընթացքում աշխարհին ամենից շատ մտահոգող հարցերից մեկն այն է, որ կորոնավիրուսի տարածումը ոչ միայն առողջապահական մարտահրավերներ է ստեղծել պետությունների առջեւ, այլեւ՝  տնտեսական: Եվ  Հայաստանը, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներ, այս օրերին շատ մեծ ուշադրությամբ հետեւում է այն փոփոխություններին, որոնք ունեն տնտեսական ուղղակի ազդեցություն:

«Բայց փոփոխությունները տեղի են ունենում այնքան արագ, որ յուրաքանչյուր նոր օր նոր խնդիրներ ու մարտահրավերներ է առաջացնում կառավարությունների առջեւ: Դա է պատճառը նաեւ, որ մենք մեծ ժամանակ ենք հատկացնում այդ հարցերի եւ հնարավորությունների քննարկմանը, որ կառավարությունը տնտեսության այս դժվարին փուլում կարող է ձեւակերպել տնտեսվարողներին աջակցելու համար: Ունենք որոշակի նախնական մոտեցումներ: Նախնական, որովհետեւ  դրանք մի մասով հստակ են եւ երեկ արդեն հայտարարվեցին վարչապետի կողմից, իսկ մյուս մասով ենթակա են ճշգրտումների՝ համապատասխանեցվելով այն կարիքներին, որոնք կձեւակերպվեն բիզնեսի կողմից»,-ասաց էկոնոմիկայի նախարարը:

Նա նշեց նաեւ, որ իրենք առաջիկա շաբաթների ընթացքում շարունակելու են մի կողմից տեսնել, թե իրենց կողմից առաջարկվող մոտեցումները ինչպիսի գործնական արձագանքի են արժանանում տնտեսության մասնավոր հատվածի կողմից: Մյուս կողմից՝ դրանք համապատասխանաբար կփոխվեն, որպեսզի առկա կարիքներին ավելի ճիշտ եւ արդյունավետ ձեւով լուծումներ առաջարկեն:

Այնուհետեւ Տիգրան Խաչատրյանը հստակեցրեց այս փուլում կառավարության որդեգրած շրջանակները. «Մենք ունենք հստակ նպատակ՝ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք. առաջինը՝ ունեն դժվարին պայմաններ ստեղծված իրավիճակի պատճառով, բայց նաեւ ունեն ծրագրեր եւ պատկերացումներ, թե ինչպես են մտադիր հաղթահարել այդ դժվարությունները: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է այն գործողություններին, որոնք ուղղված կլինեն այս դժվարին ժամանակներում առավել խոցելի վիճակում հայտնված այն մարդկանց, աշխատակիցներին, որոնք երեկ ունեին աշխատանք, բայց հնարավոր է՝ վաղը ունենան դժվարություններ աշխատանքը ժամանակավորապես կորցնելու պատճառով: Եվ երրորդը, երբ մենք արդեն այս դժվարին ժամանակն անցած կլինենք եւ քիչ թե շատ կայուն միջավայրում կկարողանանք մտածել մեր զարգացման պլանների մասին: Կառավարությունը հատուկ դրամագլուխ է նախատեսում հատկացնել այն կազմակերպություններին աջակցելու համար, որոնք կձեւակերպեն իրենց տեսակետները իրենց զարգացման ծրագրերի առնչությամբ եւ կդիմեն կառավարությանը՝ դրանք քննարկելու եւ աջակցություն ստանալու համար: Սրանք են հիմնական հարցերը, որ գտնվում են մեր օրակարգում»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031