Լրահոս
Օրվա լրահոսը

Արևելյան գործընկերություն. քաղաքականության նոր նպատակադրումներ՝ 2020թ.-ից հետո ժամանակահատվածի համար

Մարտ 19,2020 20:44

18 մարտի, 2020թ., Բրյուսել 

Այսօր Եվրոպական հանձնաժողովն ու Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն առաջ են քաշել 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար Արևելյան գործընկերության քաղաքականության երկարաժամկետ նպատակադրումների վերաբերյալ առաջարկը: Դրանք ուղղված են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի հետ առևտրի ծավալների մեծացմանը, կապի ամրապնդմանն ու տնտեսական ինտեգրման խորացմանը, ժողովրդավարական հաստատությունների, օրենքի գերակայության, շրջակա միջավայրի և կլիմայի ճկունության ամրապնդմանը, թվային փոխակերպմանն աջակցելուն, ինչպես նաև արդար և ներառական հասարակությունների խթանմանը:

Բարձր ներկայացուցիչ – փոխնախագահ Ժոզեպ Բորելն ասել է. «Մեր հարևանների ուժը նաև Եվրոպական միության ուժն է. Արևելյան գործընկերությունը շարունակում է լինել ԵՄ արտաքին քաղաքականության կարևորագույն տարրը: Մեր առաջարկներն էլ ավելի կամրապնդեն գործընկեր վեց երկրներին՝ արտացոլելով մեր ընդհանուր առաջնահերթություններն ու մարտահրավերները՝ միաժամանակ շեշտը դնելով բոլոր քաղաքացիների համար շոշափելի և դրական արդյունքների ապահովման վրա»:

Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին ասել է. «Մենք շատ հստակ ուղերձ ենք հղում մեր Արևելյան գործընկեր երկրներին. մենք կօգնենք ձեզ կառուցել ուժեղ տնտեսություններ և ապահովել աճ ու աշխատատեղեր՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու և տրանսպորտի, էներգետիկայի ու շրջակա միջավայրի նման առանցքային ոլորտներում կապակցելիության ամրապնդման միջոցով: Մենք միասին սերտորեն աշխատելու ենք` արձագանքելու բոլոր ուղղություններում մերօրյա մարտահրավերներին, այդ թվում՝ ընթացիկ COVID-19 պանդեմիային»:

Հիմնվելով Գործընկերության առաջին 10 տարվա ձեռքբերումների վրա՝ այսօրվա առաջարկը նախանշում է, թե ԵՄ-ն՝ ներկայիս հիմնախնդիրների լույսի ներքո, ինչպես է գործընկեր երկրների հետ միասին աշխատելու ընդհանուր մարտահրավերների հաղթահարման և իրենց ճկունության ամրապնդման ուղղությամբ, որն էլ հանդիսանում է քաղաքականության գլխավոր նպատակը՝ 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար: Այսպիսով, ԵՄ-ի և գործընկերների համատեղ աշխատանքը կշարունակվի քաղաքականության նոր առաջնահերթությունների ուղղությամբ՝ էկոլոգիական վերափոխմանը և թվային վերափոխմանն աջակցելու ու բոլորի համար գործառնող տնտեսություններ ապահովելու, մասնավորապես՝ երիտասարդության զբաղվածության հնարավորություններն ընդլայնելու և գենդերային հավասարությունը խթանելու նպատակով:

Գործընկերություն, որը ՍՏԵՂԾՈՒՄ Է.

Միասին՝ հանուն ճկուն, կայուն և ինտեգրված տնտեսությունների 

Տնտեսությունների ամրապնդում, անհավասարության կրճատում և գործընկեր երկրների վերածում այնպիսի վայրերի, որտեղ մարդիկ ցանկանում են կառուցել իրենց ապագան: Առևտրի ծավալների մեծացման և տնտեսական ինտեգրման խորացման, ՓՄՁ-ների, կապակցելիության, էկոլոգիական և թվային փոխակերպումների արդյունքում ստեղծված հնարավորությունների օգտագործման, ինչպես նաև մարդկանց ուղղությամբ ներդրումների իրականացման նպատակը գրավիչ գործարար միջավայրի ստեղծումն է, որը կհանգեցնի արժանապատիվ, կայուն աշխատատեղերի և տնտեսական հնարավորությունների ստեղծման՝ բարգավաճման հեռանկարներ ապահովելով յուրաքանչյուրի համար: Արագացված տնտեսական աճ ապահովելու նպատակով մենք թիրախավորելու ենք տնտեսական զարգացման հիմնական հատվածները, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը:

Գործընկերություն, որը ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է.

Միասին՝ հանուն հաշվետու հաստատությունների, օրենքի գերակայության և անվտանգության 

Լավ կառավարումը և ժողովրդավարական հաստատությունները, օրենքի գերակայությունը, հաջողված հակակոռուպցիոն քաղաքականությունները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, մարդու իրավունքների և անվտանգության հարգանքը, այդ թվում՝ հակամարտությունից տուժած բնակչությանն աջակցության ցուցաբերումն ուժեղ և ճկուն պետությունների ու հասարակությունների ողնաշարն են: Դրանք նաև կարևոր նախապայմաններ են շուկայական տնտեսության գործառնության և կայուն աճի համար: Մասնավորապես, օրենքի գերակայությունն արդյունավետ գործարար մթնոլորտի ապահովման առանցքային գործոն և օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման կարևոր ցուցիչ է: Անհրաժեշտ է վերահաստատել գործընկերության հիմունքներին հավատարմությունը, իրատեսորեն գնահատել բարեփոխումների իրական արդյունքներն ու ազդեցությունը, ինչպես նաև դրանց ընկալումները քաղաքացիների շրջանում:

Գործընկերություն, որը ԿԱՆԱՉԵՑՆՈՒՄ Է.

Միասին՝ հանուն շրջակա միջավայրի և կլիմայի ճկունության

 Բնապահպանական և կլիմայական մարտահրավերները հրատապ գործողություններ են պահանջում ԵՄ-ի և գործընկեր երկրների կողմից: ԵՄ-ն գործընկեր երկրներին կօգնի կատարել Փարիզի համաձայնագրի շրջանակներում իրենց ազգային հանձնառությունները և արդիականացնել սեփական տնտեսությունները, նվազեցնել իրենց ածխածնի հետքը ու ձգտել կլիմայական չեզոքության՝ միաժամանակ գիտակցելով ներդրումային մարտահրավերները: ԵՄ-ն աջակցելու է նաև շենքերի էներգաարդյունավետությանը, վերականգնվող աղբյուրների զարգացմանը և առողջապահության ոլորտի արդիականացմանը:

Գործընկերություն, որը ԿԱՊ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ.

Միասին՝ հանուն ճկուն թվային տրանսֆորմացիայի

 ԵՄ հարևանության տարածքում ուժեղ թվային ներկայությունն աճի և կայուն զարգացման խթանման հնարավորություն կտա: Այս առումով ԵՄ-ն կշարունակի ներդրումներ կատարել գործընկեր երկրների թվային տրանսֆորմացիայի ուղղությամբ՝ ԵՄ օրենսդրությանը և լավագույն փորձին համապատասխան, և կաջակցի գերնորարարական թվային ստարտափների ընդլայնմանը տարածաշրջանում: ԵՄ-ն կշարունակի նաև աջակցել ու օժանդակել գործընկեր երկրների կիբերճկունությանը:

Գործընկերություն, որը ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է.

Միասին՝ հանուն ճկուն, արդար և ներառական հասարակությունների

 Ազատ և արդար ընտրություններն ու թափանցիկ, քաղաքացիակենտրոն և հաշվետու պետական կառավարման մարմինները կենսական նշանակություն ունեն ժողովրդավարության համար: Դրանք ճկուն, արդար, ներառական և ժողովրդավարական հասարակությունների հիմնական բաղադրիչներն են՝ ակտիվ քաղաքացիական հասարակության, ազատ, բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների ու պաշտպանված քաղաքացիական (այդ թվում՝ փոքրամասնությունների) իրավունքների հետ մեկտեղ: Այս ուղղություններով համագործակցությունը կարևոր առաջնահերթություն կլինի ԵՄ-ի համար:

 Նախապատմություն

Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009 թ.-ին` նպատակ ունենալով ամրապնդել ու խորացնել ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության ու Ուկրաինայի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունները: Գործընկերությունը զարգացել է յուրաքանչյուր գործընկերոջ շահերին, հավակնություններին և առաջընթացին համապատասխան, ինչը տարբերակված մոտեցման, բայց և ընդհանուր ու գլոբալ մարտահրավերներին ճկուն ու ներառական կերպով համատեղ արձագանքելու և տարածաշրջանային ինտեգրումը խթանելու հնարավորություն է ընձեռել: Քաղաքականության ընթացիկ նպատակադրումները սահմանվել են 2017 թվականին համաձայնեցված «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» օրակարգի միջոցով:

Քաղաքականության նոր նպատակադրումներն ի հայտ են եկել 2019 թվականի ընթացքում անցկացված Արևելյան գործընկերության ապագայի վերաբերյալ կառուցվածքային խորհրդակցությունների արդյունքում՝ անդամ պետությունների, գործընկեր երկրների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, գիտնականների և գործարար կառույցների ու ֆինանսական հաստատությունների լայն և ընդգրկուն մասնակցությամբ: Ընդհանուր առմամբ, կա լայն համաձայնություն, որ Արևելյան գործընկերության քաղաքականության ներկայիս շրջանակը հուսալի է և մարդկանց համար շոշափելի օգուտներ է ապահովում:

Հետագա քայլեր

Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական արտաքին գործերի ծառայությունն ակնկալում են, որ անդամ պետությունները և գործընկեր երկրները կաջակցեն առաջարկին՝ աչքի առաջ ունենալով 2020 թվականի հունիսին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որը թիրախային արդյունքների նոր համախմբի մշակման մանդատ կշնորհի՝ ներկայիս «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» շրջանակի հիման վրա:

Լրացուցիչ տեղեկատվություն

 

Համատեղ ուղերձ. Արևելյան գործընկերության քաղաքականությունը՝ 2020 թվականից հետո. ճկունության ամրապնդում՝ Արևելյան գործընկերություն, որն ապահովում է բոլորին

Ծանոթագրություն. Արևելյան գործընկերության քաղաքականությունը՝ 2020 թվականից հետո

Տեղեկագիր. Արևելյան գործընկերության քաղաքականությունը՝ 2020 թվականից հետո

Տեղեկագիր. ԵՄ – Հայաստան հարաբերություններ

Տեղեկագիր. ԵՄ- Ադրբեջան հարաբերություններ

Տեղեկագիր. ԵՄ- Բելառուս հարաբերություններ

Տեղեկագիր. ԵՄ- Վրաստան հարաբերություններ

Տեղեկագիր. ԵՄ- Մոլդովա հարաբերություններ

Տեղեկագիր. ԵՄ- Ուկրաինա հարաբերություններ

Եվրոպական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031