Մարտի 18-ին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգ է ստացել, որ Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան փողոցը մեքենաներով փակած՝ Արցախի հեղափոխական կուսակցության մի խումբ հետևորդներ վարչական ձերբակալման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն:
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անձամբ այցելել է ոստիկանության քաղաքային վարչություն, որտեղ զրույցներ է ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 13 անձանց և ոստիկանության ծառայողների հետ, ճշտել ազատությունից զրկելու հիմքերը, ստուգել իրականացվող վարույթների ընթացքը և ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ապահովման հետ կապված այլ ընթացակարգեր ու պայմաններ:
Զրույցների և հասանելի նյութերի հիման վրա ուսումնասիրելով միջադեպի և ազատությունից զրկելու հանգամանքները՝ Պաշտպանն արձանագրում է՝
1. Քաղաքացիները նշել են, որ իրենք փակել են Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան փողոցը՝ ի պատասխան նախօրեին Մարտունի քաղաքում տեղի ունեցած միջադեպի, որի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ: Պաշտպանը հորդորում է բոլոր քաղաքացիներին իրենց իրավունքների ու ազատությունների պաշտպանության նպատակով չխախտել այլոց իրավունքները և կիրառել օրենսդրությամբ չարգելված միջոցներ:
Կարդացեք նաև
2. Ճանապարհը բացելու ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու հիմնավորմամբ ոստիկանությունը վարչական ձերբակալման է ենթարկել 13 անձի: Նրանց հետ զրույցների արդյունքում պարզ է դարձել, որ նրանցից ոմանց դեպքում տեղում արձանագրություն կազմելը հնարավոր չէր, հետևաբար, նրանց իրավունքների հանդեպ ոստիկանության միջամտության համաչափության հարց չի առաջացել: Սակայն այլոց պարագայում, ըստ նրանց պնդումների, ոստիկանությունը չի էլ փորձել տեղում պարզել անձը ու կազմել արձանագրությունը՝ միանգամից կիրառելով ազատությունից զրկելու միջոցը: Ուստի, վարչական ձերբակալման ենթարկված անձանց մի մասի պարագայում կարելի է արձանագրել, որ, ըստ ամենայնի, ոստիկանությունը պատշաճ կերպով չի առաջնորդվել ԱՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 259-րդ հոդվածով՝ կիրառելով ազատությունից զրկելու միջոցը անհամաչափ կերպով: Պաշտպանը պահանջում է ոստիկանությունից իրավախախտումները կանխելու կամ դրանց վերաբերյալ արձանագրություններ կազմելու նպատակով կիրառել համաչափ միջոցներ՝ ազատությունից զրկելը թողնելով որպես վերջին տարբերակ:
3. Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է, որ անձանց ազատությունից զրկելու, ներառյալ՝ վարչական ձերբակալման ենթարկելու հենց սկզբից ոստիկանությունը պատշաճ ու անհապաղ կերպով նրանց ներկայացնի ազատությունից զրկելու պատճառները և հիմնական իրավունքները:
4. Վարչական ձերբակալման ենթարկված անձինք բողոքներ են ներկայացրել ոստիկանության կողմից կիրառված միջոցների համաչափության վերաբերյալ, իսկ ոստիկանության քաղաքային վարչությունում ցուցաբերված վերաբերմունքի առումով որևէ բողոք չեն ունեցել: Պաշտպանն արձանագրել է, որ օրենսդրությամբ սահմանված երեք ժամվա ընթացքում վարչական ձերբակալման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել:
5. Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգություն է հայտնում, որ վարչական ձերբակալման ընթացքում մեկ քաղաքացի ստացել է կողոսկրերի մեխանիկական վնասվածքներ, ինչը հաստատվել է բժշկական կրկնակի հետազոտությունից հետո: Պաշտպանը միջադեպի շուրջ հեռախոսազրույց է ունեցել ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի հետ, որպեսզի համոզվի, որ տվյալ միջադեպը պատշաճ կերպով կուսումնասիրվի դատախազության կողմից: Պաշտպանը շեշտադրել է, որ հարկ է քաղաքացու ստացած վնասվածքի առթիվ վարույթի շրջանակներում համակողմանիորեն ու լրիվությամբ ստուգել բոլոր հանգամանքները, ներառյալ՝ մեղավորների շրջանակը, մեղքի աստիճանը և տալ համապատասխան իրավական գնահատական:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան