Մարտի 18-ի գիշերը Տավուշի մարզի Այգեձոր գյուղի ամբուլատոր կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգեցին, որ ամբուլատոր կենտրոն է տեղափոխվել 23-ամյա երիտասարդի դի և դանակահարված 28-ամյա երիտասարդ։
Ահազանգից րոպեներ անց՝ ժամը 22.10-ի սահմաններում, ոստիկանության Տավուշի բաժին ահազանգեցին «Բերդ» բժշկական կենտրոնից, որ հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 21-ամյա երիտասարդ։ Բուժհաստատություններ մեկնած ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի օպերատիվ խմբերը համատեղ հետախուզական միջոցառումներով պարզեցին, թե ինչ էր կատարվել դեպքի վայրում` Արծվաբերդ գյուղի Մեհրաբ կոչվող խաչմերուկում։
Նախնական տվյալներով՝ մի քանի երիտասարդ կենցաղային հարցերի շուրջ վիճել էին։ Միջադեպի մասնակիցներից 26-ամյա տղան, որը Արծվաբերդի բնակիչ է, դանակով խփել էր մյուս կողմին։ Վիրավորներից մեկը մահացել էր, մյուսները ստացել էին տարբեր վնասվածքներ։ Տավուշի ոստիկանները օպերատիվ կերպով հայտնաբերեցին նաև կասկածվողին։ 26-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ու ներկայացվեց քննչական բաժին։ Նա ձերբակալվել է։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն