Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ չվերաբերող խնդիր է. Սամվել Բաբայանը՝ Արցախի ոստիկանությանը

Մարտ 19,2020 18:35

«Այն, ինչ, որ իրենք տարածել են, իրենց մտածածի համար է, մեզ չվերաբերվող խնդիր է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Միասնական Հայրենիք» դաշինքի ներկայացուցիչ Սամվել Բաբայանը Արցախի hանրապետության ոստիկանության տարածած հաղորդագրությանը:

Հիշեցնենք, Արցախի ոստիկանությունը մարտի 18-ին հաղորդագրություն է տարածել Սամվել Բաբայանի քաղաքացիության մասին, որում մասնավորաբար ասված է. «Եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ճանաչման հայցով ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, կարող էր վճիռը բողոքարկել Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարան»:

Սամվել Բաբայանը չի ցանկանում անդրադառնալ ոստիկանության այս քայլին, մասնավորաբար, թե ինչո՞վ էր պայմանավորված հիմա նման հաղորդագրության տարածումը:

Ինչ վերաբերում է հայցը չբողոքարկելուն՝ Սամվել Բաբայանն ասաց, որ բողոքարկման նպատակ չեն ունեցել, քանի որ անիմաստ են համարում բողոքարկումը մինչև իշխանափոխություն չլինի. «Որովհետև շատ պարզ որոշումներ կան. Արցախի հանրապետության քաղաքացին ընդհանրապես գոյություն չունի, կա Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ազատ տեղաշարժի իրավունք բոլորն ունեն: Հաշվառվել Հայաստանում, թե Արցախում՝ ոչ մի խնդիր չի: Ես վեց ամիս առաջ եկել եմ Արցախ, դիմում եմ գրել և հաշվառվել եմ Արցախում: Եթե մենք այլ պետություն ենք, ինչո՞ւ են ինձ Երևանից հանել և տեղափոխել այստեղ առանց Երևանում դիմում գրելու: Վաղը ես գնալու եմ, պայմանականորեն, դիմում գրեմ և նորից հաշվառվեմ Երևանում: Այսինքն, սա նշանակում է, որ մենք մեկ ընդհանուր երկրում ենք ապրում, մեկ անձնագրով; Համարել, որ ես Երևանում եմ եղել և դրա համար ասել, որ ես այլ պետությունում եմ եղել և տասը տարով բացակայել եմ Արցախից ու չգրանցել՝ սա ուղղակի հիմարություն է: Չկա Արցախի հանրապետության քաղաքացի, այն, ինչը որ Սահմանադրությունում գրված է, բայց ասել, որ գրանցումը որոշում է քաղաքացիությունը՝ ծիծաղելի է: Հաշվառումը չի կարող կոչվել քաղաքացիություն: Հարց է ծագում՝ ինչի՞ մասին է խոսքը»:

Ինչ վերաբերվում է իր քաղաքական նկրտումները Հայաստանում իրացնելու մասին հարցին, մասնավորաբար, ինչո՞ւ քաղաքական իրադրության փոփոխության արդյունքում չփորձեց հայաստանյան ընտրություններին մասնակցել կամ կալանքից ազատվելուց հետո ինչո՞ւ չփորձեց Հայաստանում որևէ կերպ իրացնել իր հնարավորությունները՝ Սամվել Բաբայանը հիշեցրեց, որ ինքը դեռ շատ վաղուց հայտարարել է, որ ինքը Հայաստանում որևէ պաշտոնի ակնկալիք չունի: «Այս հատվածում ես տեսնում եմ լուրջ խնդիր. այն տղաները, որոնք զոհվել են հանուն մեր հայրենիքի այս հատվածի, այդ հաղթանակը պետք է ամրագրել և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ ռազմական տարբերակով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031