Կառավարության մամուլի կենտրոնում լրագրողներն այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին հարցրին՝ «եթե մասնավոր ընկերությունը, պայմանավորված կորոնավիրուսի տարածման հանգամանքով, աշխատակիցներին չի կանչում աշխատանքի, իրավունք ունի՞ նրանց չվճարելու»: ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ դա աշխատանքային օրենսդրության մեկնաբանության հարց է, բացի այդ՝ արտակարգ դրության պարետի որոշումներին պետք է հետեւել:
«Արտակարգ դրության պայմաններում պարետն ունի լայն լիազորություններ: Այս դեպքում, իմ կարծիքով, եթե աշխատանքի չներկայանալը գործատուի հրահանգն է, վարձատրությունը պետք է պահպանվի: Եթե խնդիրներ կան, տեսչական մարմնի լիազորությունների ներքո են, աշխատակիցները կարող են դիմել տեսչական մարմնին»,-նշեց Դավիթ Անանյանը:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ «իրավիճակով պայմանավորված՝ կա՞ն տնտեսվարողներ, որոնք խուսափում են հաճախորդներին ՀԴՄ կտրոններ տրամադրելուց»: ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ էական փոփոխություններ չեն արձանագրվել, թեեւ ՀԴՄ կտրոնների տրամադրման նվազման միտում կա. «Դա պայմանավորված է հանրային սննդի ոլորտի աշխատանքի պասիվությամբ: Իսկ առեւտրի ոլորտում դրական տեղաշարժ կա՝ 45%-ոց աճ վերջին օրերին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ