Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քաղաքապետը՝ Խաժակյանին. «Քանի արտակարգ դրություն է երկրում՝ սերը պահեք ձեզ, հետո կխոսենք»

Մարտ 19,2020 17:27

Երեւանի ավագանու այսօրվա նիստին, երբ քննարկվում էր մայրաքաղաքի 2019 թվականի բյուջեի կատարողականը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հետաքրքրվեց տրանսպորտային համակարգից: Նա հարց ուղղեց՝ Երեւանի 2019 թվականի զարգացման ծրագրում կետ կար տրանսպորտային ցանցի մասին. նախորդ նիստին քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ նախատեսվում է 100 ավտոբուս ձեռք բերել մինչեւ փետրվարի վերջ գնումը հայտարարված կլինի, բայց մինչեւ չի հայտարարվել, ինչո՞ւ չի կատարվել խոստումը, եւ ի՞նչ է այդ ուղղությամբ կատարվում:

Քաղաքապետ Հայկ Մարությանը հստակեցրեց՝ խոսքը մրցույթ հայտարարելու մասին է, ոչ թե բուն գնումների:

Փոխքաղաքապետն Հրաչյա Սարգսյանը պարզաբանեց՝ մրցույթը չի հայտարարվել տեխնիկական որոշ խնդիրների պատճառով, բայց երեկ արդեն մասնագետների հետ խոսել են, եւ մրցույթը հաջորդ շաբաթվա վերջին կհայտարարեն. «Զուտ տեխնիկական պատճառով է եղել, քանի որ հնարավորություն չեղավ տեխնիկական փորձագետներին հյուրընկալել Երեւանում»: Սարգսյանն ասաց, որ հարցը նրանց հետ քննարկել են էլեկտրոնային տարբերակով:

Խաժակյանը մեկ այլ հարց էլ ուղղեց Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լեւոն Հովհաննիսյանին. «Բյուջեի թերակատարումը գերազանցել է երբեւէ Երեւանում եղած թերակատարումներին, այն կազմել է 30%, եւ առանձին կարեւորագույն ծախսային հոդվածներով անգամ 90%-ի թերակատարում կա, ի՞նչ կարծիք ունեք սրա վերաբերյալ, մտահոգո՞ւմ են այս թվերը»:

Հովհաննիսյանն ի պատասխան ասաց՝ բյուջեի եկամուտների կատարողականի ցուցանիշները շատ լավն են, բազմաթիվ հոդվածներ կան, որ գերակատարվել են, ուղղվելու են այս տարվա ծախսային հոդվածներին, կան ծախսեր, որոնք չեն գոհացնում՝ գնումների հետ կախված. «Հույս ունեմ, այս տարի ավելի լավ պատկեր կունենանք»:

Դավիթ Խաժակյանն էլ իր ելույթում ասաց՝ եկամուտների մասով կատարողականը լավ է, բայց ծախսերը՝ ոչ.«Մանկապարտեզների հիմնանորոգման համար ավագանին նախատեսել էր 1 միլիարդ 397 միլիոն դրամ: Ինչպե՞ս ենք կատարողականին կողմ քվեարկելու, եթե նախատեսվածից 125 միլիոն դրամն ենք կատարել, որը 10% է: Մանկապարտեզների գույքի համալրման համար ծախսի 50 %-ը չի կատարվել»: Խաժակյանն այլ ծախսեր էլ նշեց, նկատելով՝ ծախսերի թերակատարումների պատճառաբանությունները կարող է 4 տարի տեւի, ու վերջում ասեն՝ բավարարված չենք, հեսա նոր ընտրություններ կլինեն, ժողովուրդը թող ընտրի:

Հետո Խաժակյանն ասաց՝ այս օրերին ինչ-որ ասֆալտապատումներ են կատարվում, բայց գնման գործընթացներ չեն իրականացվել, ենթադրվում է՝ քաղաքապետարանի համաձայնությամբ. «Ինչպե՞ս ենք վճարելու, թե ասել ենք՝ հիմա աշխատանքն արա, հետո կանդրադառնանք»:

Հայկ Մարությանը ասֆալտապատման աշխատանքների մասին հարցին պատասխանելով, ասաց.«Պարոն Խաժակյան, այդպիսի բաներ տեղի էին ունենում ձեր կողմից շատ սիրված Վահե Նիկոյանի ժամանակ, Տարոն Մարգարյանի ժամանակ եւ այլ տարբեր քաղաքապետերի, փոխքաղաքապետերի ժամանակ»:

Խաժակյանը Մարությանին փորձում էր ընդհատել, եւ նրա հետ զուգահեռ խոսում, քաղաքապետը խնդրեց լռել եւ լսել: Խաժակյանն արձագանքեց՝ վիրավորում եք. «Թույլ չեմ տա»: Մարությանը շարունակեց՝ այն ժամանակ այդպիսի բաներ կատարվում էին, հիմա չի կարող կատարվել. «Միգուցե դուք կուզենայիք, որ դուք լինեիք քաղաքապետ եւ այդպիսի բաներ կատարվեին, բայց քանի ես եմ քաղաքապետը, էդպիսի բաներ չեն կարող կատարվել»:

«Ուրեմն դուք անտեղյակ եք, պարոն քաղաքապետ»,-արձագանքեց Խաժակյանը:

Հրաչյա Սարգսյանը պարզաբանեց՝ մրցույթը հայտարարվել է 2019-ին, առանց ֆինանսական միջոցների առկայության, համաձայն օրենքի եւ 2019-ի դեկտեմբերին, երբ բյուջեն հաստատվեց, օրենքը թույլ տվեց 2020-ին պայմանագրեր կնքեն կապալառուների հետ. «2019-ին հայտարարվել են բավականին շատ մրցույթներ եւ բյուջեն հաստատելուց հետո աշխատանքները կատարվել են»:

Խաժակյանն էլ արձագանքեց Մարությանին. «Ես որքան սիրում եմ Տարոն Մարգարյանին եւ Վահե Նիկոյանին, այդքան էլ ձեզ եմ սիրում, խնդրում եմ՝ որեւէ մեկի նկատմամբ խանդով չվերաբերվել, հանրությունը եւ դուք գիտեք, թե ձեզ որքան շատ եմ համակրում: Երբ դուք համեմատում եք, իմացեք՝ ես հարթությունները համաչափ եմ դնում, թե՛ պրոֆեսիոնալիզմի առումով, թե՛ ինչ-որ բաներ շրջանցելու առումով»:

Խաժակյանը նաեւ ասաց՝ որ քաղաքապետը սրտնեղեց անօրինականության մասին լսելիս:

«Քանի արտակարգ դրություն է երկրում՝ սերը պահեք ձեզ, հետո կխոսենք: Քանի ես քաղաքապետ եմ, չի կարող որեւէ տիպի անօրինականություն լինի, ոչ մի ասպարեզում: Եթե լինի, տվյալ մարդը կպատժվի»,- պատասխանեց Երեւանի քաղաքապետը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031