«Կորոնավիրուսի համաշխարհային տարածումը մեր միլիոնավոր հայրենակիցների եւ մեր գրասենյակի աշխատանքի վրա մեծ ազդեցություն է թողել: Կորոնավիրուսի էպիկենտրոններ Չինաստանում եւ Իտալիայում հայկական համայնքներն ավելի փոքր են, սակայն Ֆրանսիայում, որտեղ հիվանդությունը համատարած բնույթ է կրում, ավելի մեծ համայնք ունենք: Կասկածից վեր է, որ այս հիվանդությունն ավելի մեծ ընդգրկում է ունենալու, եւ բոլոր այն երկրները, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները, զերծ չեն մնա այս համաճարակի հետեւանքներից: Խոսքը հիմնականում վերաբերում է ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, Ուկրաինային, չմոռանալով տասնյակ այն պետությունները, որտեղ մենք ունենք հարյուր հազարավոր հայրենակիցներ»,- կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա հավելեց, որ իրենց գրասենյակն ամենօրյա կապի մեջ է համայնքների հետ՝ համայնքը ներկայացնող կազմակերպությունների, առանձին անձանց, դիվանագիտական աշխատակազմի միջոցով՝ համապարփակ տեղեկատվություն ստանալու համար:
Զարեհ Սինանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց իրավիճակը: Ասաց, որ օրինակ, Իրանում գրանցվել է մահվան դեպք, մահացել է ութսունհինգ տարեկան հայուհի, որն ուներ առողջական խնդիրներ: «Հոլանդիայում իրավիճակը բավարար է, Իտալիայում վարակվածների մասին տեղեկություններ չունենք…Նույն իրավիճակն է նաեւ Եվրոպայի մյուս երկրներում, ազգությամբ հայ վարակվածների մասին տեղեկություններ չկան: Ունենք բազմաթիվ դիմումներ, էլեկտրոնային նամակներ ու զանգեր, տարբեր պետություններից մեր հայրենակիցները դիմում են մեր գրասենյակ եւ վարչապետին; Տարբեր բնույթի խնդիրներ ունեն, դրանք հիմնականում կապված են Հայաստան տեղափոխվելու կամ մուտք գործելու հետ: Ամեն մեկի դեպքը մյուսից տարբերվում է, փորձում ենք բոլորին սպառիչ պատասխան տալ»,-հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:
Հավելեց, որ շատ են դիմողները հատկապես ՌԴ-ից, մեր հայրենակիցները ցանկանում են ցամաքային ճանապարհով մուտք գործել Հայաստան, ինչն այս պահին հնարավոր չէ: Նրա խոսքով, մարդիկ էլ կան, որոնք հայրենադարձության հետ կապված խնդիրներ ունեն կամ իրենց գույքն են տեղափոխել Հայաստան եւ հիմա անհանգստացած են, թե ինչ տեղի կունենա այդ գույքի հետ. «Մենք իրենց պատասխանում ենք, որ այս պահին մի քիչ դժվար է պատասխանել, որովհետեւ դեռ չգիտենք, թե ինչ զարգացում կունենա համաճարակը, եւ ինչպիսի քայլերի մենք կդիմենք, եւ ինչպիսի քայլերի կդիմեն այն երկրները, որոնք տարանցիկ գործառույթ ունեն»:
Կարդացեք նաև
Սինանյանը հայտնեց, որ շատ են դիմողները Լիբանանից եւ Իրանից նույն թեմայով; «Վերջին երկու շաբաթների ընթացքում լծվել ենք Սփյուռքից բժշկական ծառայությունների հետ կապված որոշ ապրանքների ներկրմանը: Առողջապահության նախարարի խնդրանքով կազմակերպեցինք համաճարակը վերահսկելի դարձնելու նպատակով մոտ մեկ տոննա բժշկական ապրանքների ներմուծումը Հայաստան: Եվ այս գործունեությունը շարունակական է լինելու»,-տեղեկացրեց Զարեհ Սինանյանը:
Նա հատկապես ընդգծեց Վիգեն Սեփիլյանի, Շանթ Շեխերդիմյանի եւ «Հայաստան» հիմնադրամի դերակատարությունը այդ ամենում, եւ ասաց, որ օգնելու պատրաստակամության պակաս չեն զգում: Ասաց, որ բոլոր գործուղումներն այս պահին կասեցված են, չեղարկված են այցերը՝ Մերձավոր Արեւելք, ԱՄՆ, ՌԴ եւ այլ երկրներ: Ինչ վերաբերում է «Ի գործ» ծրագրին, այն չի կասեցվել եւ հինգ հարյուրից ավելի հայտ ունեն այս պահին: Նշեց, որ սեպտեմբերին պետք է համահայկական համաժողով անցկացվեր, սակայն այս պահին հրավերների ուղարկումը կասեցված է ՝անկանխատեսելիության մթնոլորտի պատճառով: Նա շնորհակալություն հայտնեց բուժաշխատողներին, որոնք ամենառիսկային խումբն են, սակայն շարունակում են աշխատել:
Հարցին՝ կա՞ն երկրներ, որտեղից հայերը ցանկանում են վերադառնալ Հայաստան, իսկ սփյուռքահայերը այն երկրներ, որտեղ բնակվում են, սակայն չեն կարողանում, բանախոսը պատասխանեց. «Հայաստանից մեկնողների մասին տեղյակ չեմ, մեր ոստիկանությունը եւ ԱԳՆ-ն է զբաղվում դրանով; Այո Հայաստան գալու ցանկություն հայտնածներ կան, որոնք քաղաքացի են, որոշները կարգավիճակ չունեն, ելնելով կարգավիճակներից՝ նրանց տրվող պատասխաններն էլ տարբեր են: Ամեն անձին առանձին մոտեցում է ցուցաբերվում»:
Լրագրողի հարցին՝ եթե քաղաքացին Ջավախքից Գյումրի է եկել, ինչպե՞ս պետք է վերադառնա, Զարեհ Սինանյանը պատասխանեց. «Հարցը ճիշտ կլինի ուղղել Վրաստանի իշխանություններին, երեւի պետք ինքնաթիռով վերադառնա, բայց կարծեմ այս պահին դա էլ հնարավոր չէ»: Ափսոսանք հայտնեց, որ համաճարակը դժվարություններ է ստեղծում մեր հայրենակիցների համար:
Մեկ այլ հարցի՝ հոր հուղարկավորությանը մասնակցելու համար ՌԴ-ից Հայաստան եկած մեր հայրենակիցը չի կարողանում վերադառնալ իր ընտանիքի մոտ, ում պետք է դիմի, որ միանա ընտանիքին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պատասխանեց, որ ճիշտ կլինի դիմել Պարետի գրասենյակին:
Նա ասաց նաեւ, որ տեղյակ չէ, թե որքան գումարով են սփյուռքահայերն օգնել Հայաստանին, ապա հավելեց. «Ճգնաժամը միայն Հայաստանում չէ, եւ բոլոր երկրներն էլ այս ամենի զոհն են… Սա այն պահը չէ, որ մեծ ոգեւորությամբ հազարավոր հայեր հավաքվեն ու գումարներ ուղարկեն Հայաստան, այս պահին մարդիկ իրենց դարդերով են տարված»: Կրկին շեշտեց, որ վարակի լայն տարածում ունեցող երկրների հետ կապի մեջ են, հետեւում են, թե քանի հայ է վարակված: Ասաց, որ օրինակ, Իրանում երեք տասնյակի չափ հայեր են վարակված, ու կասկած կա, որ մեկն էլ Հոլանդիայում է, Ֆրանսիայում եւս վարակվածները չեն բացառվում: Ընդգծեց, որ «դրսում» մեծ թվով հայեր չկան վարակված, բայց մեր հայրենակիցները չեն կարող անմասն մնալ այն ամենից, ինչը տեղի ունենում այդ երկրներում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ