Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասաց, որ քաղաքի պատմական հատվածում շինթույլտվություն տալու հետ կապված մեծ ակտիվություն է նկատվում։
«Այդ ակտիվությունն օրեցօր ավելանալու է, որովհետև շատ մարդիկ բնակարաններ են գնել, հյուրատներ ու հյուրանոցներ են ուզում սարքել, թույլտվություն ստանալու համար հերթով բերում են, դիմումներ տալիս, մենք էլ այդ ընթացակարգով գնում ենք տարբեր նախարարություններ՝ նայած որտեղ են գտնվում։
Ճիշտն ասած, ինձ համար շատ հաճելի է, գովելի է, ուրախալի է, որովհետև մեր հիմնական արժեքների գինը թանկանում է, ընդհուպ հողի գինը։ Օրինակ՝ քաղաքի պատմական հատվածում երեք անգամ թանկացավ տների գինը, հիմնականում Ռուսթավելի, Շիրազի փողոցներում։ (Հիշեցնենք, որ քաղաքապետի խոսքը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի Գյումրու պատմական հատվածը տուրիզմի վերածելու ծրագրով վերանորոգված երկու շքեղ փողոցների մասին է, Ա․Ն․) Այսինքն, սա շատ կարևոր է քաղաքի համար, որ Գյումրին ոնց որ գնահատվում է ավելի բարձր՝ իր արժեքներով՝ շենքերով, հողերով։ Եվ նաև պահանջակ կա, սա ամենակարևորն է։ Իհարկե, մենք մեծ առաջարկ չունենք պատմական շենքերի, բայց հողերի առաջարկ ունենք, որը բնականաբար, հնարավորություն կտա մարդկանց կառուցապատել, հյուրանոցներ հիմնել։ Թվերով չենք կարող ասել, բայց 2019 թվականի հետ համեմատ՝ 2020 թվականին 2-3 անգամ ավել շինթույլտվություն մենք կտանք ու հիմնականում հյուրատներ, հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ, ընդհուպ հուշանվերների խանութ սարքելու համար»,-ասաց քաղաքապետը։
Սամվել Բալասանյանից հետաքրքրվեցինք, թե արտադրություն հիմնելու համար որևէ մեկը դիմում չի տվե՞լ։ Նա տեղեկացրեց, որ դիմումներ ստացել են, սակայն խոսքը խոշոր արտադրություն հիմնելու մասին չէ։
Կարդացեք նաև
«Կան արտադրություններ, որոնք զարգանում են, մեծանում են, այսինքն՝ իրենք տարածքներ են ուզում մեզնից՝ հողատարածքներ, որպեսզի մեծացնեն իրենց արտադրությունը, դուրս գալով իրացումից՝ մեծացնում են։ Իսկ որ ասեմ կոնկրետ ինչ-որ մեկ ուղղությամբ որևէ նման առաջարկություն այս պահին կա, չկա»։
Սամվել Բալասանյանն ասաց, որ Գյումրիում սպասարկման օբյեկտ կառուցելու համար դիմումատուները թե՛ Գյումրիից են, թե՛ Երևան քաղաքից, և թե՛ արտերկրից։
«Օրինակ՝ մարդն ապրում է Չեխիայում, Գյումրիում պապական տուն ունի, ուզում է վերականգնել, լավ չէ՞, քարուքանդ վիճակում գտնվող տունը, որը «Կումայրի»-ի արգելոցի թանգարանում է, ինքը նույն ձևի պատմական արժեքը վերականգնում է»,- ասաց քաղաքապետը։
Սամվել Բալասանյանն ասաց, որ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը ևս գործարարների հետ ծրագրեր է իրականացնում Գյումրիում․ նա հյուրանոցներ, հյուրատներ է կառուցելու։
«Մենք, իհարկե, վերջնական շինթույլտվություն չենք տվել, բայց ընթացակարգի մեջ է»,-ասաց քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մեր տունը գտնվում է ” Կումայրի ” արգելոցի թանգարանում ( կիսափլված վիճակում)։ Եթե լինի այդպիսի հնարավորություն, որ աջակցեն վերակառուցմանը, մենք շատ մեծ հույսով կսպասենք ։ Գտնվում ենք արտերկրում, շատ ենք ուզում, որ հայրենիք վերադառնալիս ունենանք տանիք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/03/19/1100997/
© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից