Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանն այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը:
Այդ օրինագծով 2022-ի հունվարի 1-ից արգելվելու է առեւտրի օբյեկտներում վաճառողի կողմից թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքը կամ իրացնելը: Բացառություն են կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերը եւ երկրորդային հումքից արտադրված պարկերն եւ տոպրակները:
Մելիքյանն ասաց, որ Հայաստանում տարեկան մինչեւ 12 հազար տոննա պոլիէթիլենային փաթեթ են արտադրում: Սրանց արտադրությամբ զբաղվում են 44 իրավաբանական ու ֆիզիկական անձինք, որոնցից 29-ը զուտ մեկանգամյա օգտագործման պլաստիկ տոպրակների արտադրությամբ են զբաղվում: Միջինում ամեն տնային տնտեսություն օրական 1-2 տոպրակ է ձեռք բերում: Նախագծի արդյունքում այդ տոպրակների արտարդրության ծավալները կկրճատվեն ու ժամանակ է տրվում, որ այդ ընկերությունները, արտադրողները վերապրոֆիլավորվեն ու անցնեն կենսաքայքայվող պլաստիկից տոպրակների արտադրության:
Ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի: Միջազգային գիտահետազոտական կառույցների կողմից արդեն իսկ հրապարակվել են տվյալներ, որոնք փաստում են միկրոպլաստիկի առկայությունը ոչ միայն ջրային եւ հողային ռեսուրսներում, այլ նաեւ կենդանի օրգանիզմներում եւ սննդամթերքի մեջ: Միկրոպլաստիկ է հայտնաբերվել նույնիսկ անձրեւի կաթիլների մեջ: Oգտագործված պլաստիկ արտադրանքով՝ այդ թվում նաեւ պոլիէթիլենային փաթեթներով եւ դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները, հանգստավայրերն եւ զբոսաշրջության վայրերին կից տարածքները:
Կարդացեք նաև
Օգտագործված պոլիէթիլենային փաթեթներով, դրանց մնացորդներով աղտոտված են Երեւանի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի ջրավազանների մոտակայքում գտնվող տարածքները, որտեղ առկա են պլաստիկ թափոնների խոշոր կուտակումներ, հանգստավայրերին եւ զբոսաշրջության վայրերին կից բնական օբյեկտները եւ տարածքները: Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը եւ տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները:
Փոխնախարարը հիշեցրեց, թե ինչպես ենք հաճախ մարզեր գնալու ճանապարհներին տեսնում պլաստիկե տոպրակները ծառերի վրա, գետերում ու այն չի էլ քայքայվում, ընդամենը տրոհվում է, իսկ միկրոպլաստիկը գնալով լուրջ խնդիր է դառնում. «Կան ուսումնասիրություններ, որ հատկապես ջրլող թռչունները, ձուկը աղեստամոքսային համակարգում պարունակում են արդեն մեծ ծավալի պլաստիկ, որը հետո մենք ենք ուտում: Դա կարող է բերել շատ լուրջ առողջապահական խնդրի: Դրա համար պետք է լուծում»:
Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն ասաց, որ մեր բիզնեսները վատ սովորություն ունեն, կսպասեն, կսպասեն, կմնա 1 ամիս, որ օրենքն ուժի մեջ մտնի, կսկսեն բողոքել, թե չենք հասցրել, դրա համար նա առաջարկեց, որ արտադրողների հետ ամեն օր աշխատեն, անցնեն քայքայվող նյութերով տոպրակների արտադրությանը: Ավելի լավ պատկերացնելու համար, թե որ տոպրակների վաճառքն է արգելվելու, նշենք, որ սուպերմարկետներում, խանութներում տրվող տոպրակները 30 միկրոն հաստություն ունեն:
Նախագիծը հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ