Լրահոս
Օրվա լրահոսը

Թորոսյանը Էջմիածինցի տիկնոջ՝ բժիշկներին մեղադրելու մասին՝ հսկողական այցերին դուռը չի բացվել, զանգերին պատասխանվել է՝ ամեն ինչ նորմալ է

Մարտ 19,2020 16:44

Դիմակները՝ հազալիս, փռշտալիս բերանից դուրս եկող մանր կաթիլների դեմ է, որտեղ հնարավոր է լինի վիրուս, որովհետեւ շնչելիս դրանք կարող են դուրս գալ: Այսօր անդրադառնալով դիմակների պակասին, դիմակ կրելու պայմաններին՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ըստ նրա՝ դիմակները պետք է փոխվեն 3-4 ժամը մեկ. «Չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան առանց դիմակի լինելը, հատկապես՝ ոչ պատշաճ նյութերից պատրաստվածները, որովհետեւ դրանց վրա կուտակվում են թե՛ վիրուսները՝ իրանց ջրային կաթիլների մեջ լուծված, թե՛ միկրոօրգանիզմները, թե՛ փոշին: Եվ հետեւաբար, դիմակ կամ պետք է օգտագործեն պատշաճ կամ պետք է չօգտագործել: Վիրուսակրի հետ շփվելիս պետք է կրել հերմետիկ ակնոցներ, որովհետեւ վիրուսը կարող է նաեւ օրգանիզմ թափանցել աչքերի միջոցով՝ էլ չասած ձեռքերի, բերանի միջոցով վարակումը: Իմաստ կա դիմակ կրել հիվանդ մարդկանց եւ բուժաշխատողներին՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ»:

Նախարարն ասաց, որ դիմակի երեք միլիոն խմբաքանակի ներկրում է լինելու, բայց մեր շուկայում էլ մոտ մեկ միլիոն դիմակ կա:

Հարցին՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն ի՞նչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, արդյոք վարակաբանների պակաս չունենք, Թորոսյանը պատասխանեց, որ ինֆեկցիոնն աշխատում է գերծանրաբեռնված վիճակում, սակայն որոշակի թեթեւացում են արել՝ որոշ պացիենտներին տեղափոխելով այլ հիվանդանոցներ, որպեսզի տեղ ունենան նոր ընդունելության:

Ասաց նաեւ, որ կառուցում են մոդուլային ընդունարան, որը կօգնի թեթեւացնել ընդհանուր ծանրաբեռնվածությունը: Նախարարի խոսքով, բժիշկները լարված աշխատում են, սակայն չկան ավելի լավ բժիշկներ, քան նրանք են, ուստի փորձում են հերթափոխությամբ հանգիստ տալ նրանց:

Հարցին, թե հայտնի նշանդրեքին մասնակցած էջմիածինցի կինը հարցազրույցում (այն այժմ հեռացված է «Իրավունքի» կայքից.-խմբ.) հերքել է, որ ինքը վարակված լինելու մասին իմացել է ու թաքցրել է, նախարար Թորոսյանը պատասխանեց, որ իրենք արդեն հայտնել են դեպքի իրական մանրամասները. «Ես չգիտեմ՝ ինչ տեղեկատվություն եք դուք հիմա ինձ փոխանցում: Եղել են հսկողական այցեր, որոնց ժամանակ դուռը չի բացվել, հսկողական զանգեր, որոնց պատասխանվել է՝ ամեն ինչ նորմալ է, մեզ այլեւս չանհանգստացնեք: Բայց մենք ունեք մի վիճակ, որի մասին բոլորը գիտեն»:

Անդրադառնալով դպրոցահասակ երեխային, որը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով, ասաց, որ բոլոր մեկուսացված երեխաների մոտ առողջական վիճակը լավ է. «Եթե թեսթը չանեինք ու երեխան տանը մնար եւ միայն ջերմիջեցնող խմեր, հնարավոր է՝ մենք ընդհանրապես չիմանայինք այդ վարակի մասին: Բայց այստեղ հարցը համաճարակաբանական ցուցումներն են եղել՝ թեսթ անելու եւ նրա հետ շփում ունեցած ընկերներին մեկուսացնելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031