Շրջակա միջավայրի նախարարությունը օրենքի նախագիծ է մշակել, որը վերաբերում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի պահպանությանն ու ռացիոնալ օգտագործմանը: Խոսքը ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու նախագծի մասին է: Այն հնարավորություն կտա կանխել, եթե ինքնակամ հորատման գործունեություն իրականացնեն:
Շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ նախագծով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետեւելու տեխնիկական սարքավորումների ձեռք բերման ու տեղադրման համար կարգավորումներ են սահմանվում: Այդ սարքերը ձեռք են բերվում եւ տեղադրվում են գործունեություն իրականացվող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից, այսինքն՝ ներդրում անելու պարտավորությունը դրվում է ձեռներեցի վրա»:
Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանն ասաց. «Փաստորեն, նախագիծը նախատեսում է, որ եթե կան իրավաբանական ու ֆիզիկական անձինք այս բիզնեսով զբաղվող, իրենք պիտի ձեռք բերեն ու տեղադրեն GPS կա այլ տիպի տեղորոշման սարքավորումներ, որ դուք կարողանաք առցանց հետեւել, թե որտեղ են աշխատում հորատող սարքերը»: Մելիքյանը պատասխանեց, որ այո, որ պահին կմիանա սարքը, իրենք կկարողանան առցանց հետեւել:
Հետաքրքրվեցին, թե ի՞նչ արժեք ունի այդ սարքը, փոխնախարարը պատասխանեց, որ մինչեւ մոտ 200 հազար դրամի սահմաններում է. «Հաշվի առնելով, որ մենք հորատանցք սարքերը մինչեւ 500 հազար դրամ արժի, սա մեծ ներդրում չի»:
Կարդացեք նաև
Վարազդատ Կարապետյանն արձագանքեց. «Ես հաճույքով դեմ քվեարկեի, եթե սա չվերաբերվեր շրջակա միջավայրի պահպանության հարցերին: Մենք արդեն տենդենց ենք դարձնում բիզնեսին ծանրաբեռնել լրացուցիչ ծախսերով՝ պետական վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու համար: Այս տենդենցը պետք է հանել»:
Կարապետյանն ասաց, որ սա բացառություն կլինի: Փոխնախարարն էլ ասաց, որ ապօրինի գործունեություն են ծավալում ու վնասները շատ մեծ են:
ԱԺ-ից հորդորեցին, որ այս հարցը քննարկվի նաեւ ոլորտի ընկերությունների հետ ու երկրորդ ընթերցման ժամանակ մասնավոր հատվածի դիրքորոշումն էլ ունենան:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ