Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաէրոնավիգացիայի» աշխատակիցները կհոսպիտալացվեն, եթե նրանց մոտ վիրուսը հայտնաբերվի եւ ծանր ընթացք ունենա՝ անկախ նրանց կատարած աշխատանքից

Մարտ 19,2020 15:50

Երեկ երկկողմանի թոքաբորբից մահացած քաղաքացուն ինչո՞ւ են տեղափոխել Նորք ինֆեկցիոն հիվանդանոց, երբ հայտարարվել է, որ այդ բուժհիմնարկը միայն կորոնավիրուսով հիվանդներին է սպասարկելու: Այսօր այսպիսի հարց ուղղեցին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ կառավարության մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում:

«Պացիենտը հայտնվել է այնտեղ, որովհետեւ կորոնավիրուսի կասկած է եղել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մահն առաջացել է սրտամկանի ինֆարկտից»,-ի պատասխան ասաց նախարարը:

Նախարարից հետաքրքրվեցին՝ «Հայաէրոնավիգացիա» ընկերության աշխատակիցների ինքնամեկուսացումից հետո նրանց վիճակն ինչպե՞ս է: Թորոսյանն ասաց, որ իրականում այդ որոշումը նախարարությունն է կայացրել՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը. «Նրանց հնարավոր չէր մեկուսացնել այլ վայրում: Ինչո՞ւ ենք մեկուսացրել, որովհետեւ նրանց աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել էր վիրուս՝ հաստատված դեպքով: Դրանից հետո նրանցից ոմանք ջերմել են, հետազոտվել են եւ բոլորի մոտ վիրուսը բացասական է եղել: Այսինքն՝ այս պահի դրությամբ հիմնավոր կասկած չկա, որ նրանք վարակվել են: Բայց եթե լինի էլ, մենք ուրիշ տակտիկա ենք որդեգրելու՝ կախված հիվանդության աստիճանից. եթե դա կլինի թեթեւ ձեւ, հնարավոր է, որ այդ ամենը տեղում կազմակերպվի՝ հաշվի առնելով նրանց աշխատանքի բնույթը, եթե ծանր կլինի, կյանքին վտանգ կսպառնա, իհարկե նրանք կհոսպիտալացվեն՝ անկախ իրենց կատարած աշխատանքից, որպեսզի հնարավոր լինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել»:

Թորոսյանն ասաց, որ մի այդպիսի դեպք էլ ունեն, որ իտալացու հետ շփված քաղաքացիները կարանտինի մեջ են իրենց շենքում. «Աստիճանաբար, վիրուսի տարածմանը զուգընթաց, հրաժարվում են հատուկ վայրերում կարանտինից եւ ավելի շատ կենտրոնանում են ինքնամեկուսացման վրա եւ կան երկրներ, որ դա խախտելու համար նախատեսում են քրեական պատասխանատվություն, ինչը նաեւ արվելու է Հայաստանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031