«Տպավորություն է, որ մինչեւ խոշորացումը համայնքի ղեկավարը ցանկով նայում էր, ով դուրը գալիս էր՝ սոցիալական օգնություն էր տրամադրում, այդպես չի եղել». Վաչե Տերտերյան
Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց կառավարության բերած նոր նախագիծը՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:
Կառավարությունն այդ նախագծով ուզում է Լոռու եւ Տավուշի մարզի մի շարք համայնքների միավորման հարցը լուծել: Խոսքը, մասնավորապես, Իջեւանի տարածաշրջանի 19 համայնքների միավորման մասին է:
Հիշեցնենք, որ այդ թեմայով օրերս խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել:
Կարդացեք նաև
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ արտակարգ դրության հետ կապված առաջարկել են մի քիչ հետաձգել օրենքի ուժի մեջ մտնելը՝ սահմանելով այն 6 ամիս, մինչեւ համաճարակի հարցը կարգավորվի:
Իմքայլական Տաթեւիկ Գալստյանը ճշտեց՝ խոշորացված համայնքի ղեկավարին գումա՞ր են հավելյալ տալու՝ որոշ հարցեր լուծելու համար: Տերտերյանը պատասխանեց, որ դրա հետ կապված քննադատություններ են հնչում, բայց դա «բերված» թեմա է: Նա նշեց, թե շահարկվում է այն փաստը, որ համայնքների նախկին ղեկավարները, ովքեր վարչական ղեկավարներ են, զրկված են օպերատիվ ֆինանսական ծախսեր կատարելուց, այդ խնդիրը շահարկվում է. «Կան պատկերացումներ, որոնք ընդունելի չեն: 15-20 տարի առաջ «չեկվի» գրքույկներ կային, գումար էին գրում ու բանկից փող ստանում հիմա այդ պրակտիկան չկա:Համայնքներից օրինակ են բերում՝ իսկ եթե մի հատ լամպ ենք ուզում փոխենք, ո՞նց անենք: Մինչդեռ նման հարց չկա, կան նախապես գնված լամպեր, այդ պահեստից կարելի է մի արկղ բերելու մի ամբողջ տարի փոխել: Նույնը՝ սոցիալական օժանդակությունների, օգնությունների հարցն է: Տպավորություն է, որ մինչեւ խոշորացումը համայնքի ղեկավարը ցանկով նայում էր, ով դուրը գալիս էր՝ սոցիալական օգնություն էր տրամադրում: Այդպես չի եղել: Եթե նույնիսկ այդպես արել է, շարքերով վատ հետեւանքներ են առաջացել: Կա ծախսերի պլանավորում: Ինչ վերաբերում է կանխիկի շրջանառությանը, մեր օրենսդրությունը դա կարգավորել է վաղուց»:
Վաչե Տերտերյանը վստահեցրեց, որ քաղաքական նկատառում խոշորացման մեջ չի եղել: Նա ասաց, որ եթե գյուղացիներն անպայման ուզում են, որ իրենց գյուղապետը լինի իրենց գյուղից, այդպիսի ռիսկ կա, որովհետեւ կարող է իրենց գյուղից չլինի:
Տաթեւիկ Գասպարյանը հարցրեց, թե խոշորացվող համայնքներում մշակութային հարցերը ոնց են կարգավորվելու: Վաչե Տերտերյանը պատասխանեց. «Մեր գյուղը, ձեր գյուղը, թշնամություն, չենք սիրում իրար…լսել եք նման բաներ, թե իրար հետ ոնց կապրենք խելոք, հանգիստ, համաչափ: Հիմա եթե մեր գյուղում հարսանիք անում են մի ադաթով, ձեր գյուղում այլ ադաթով, այս խոշորացումը որեւէ կերպ չի խանգարելու:Համայնքային ադմինիստրացիան, եթե մեր գյուղ գա, կգա մեր ադաթով, ձեր գյուղ գա, կգա ձեր ադաթով»:
Ուշագրավ է, որ զավեշտալի դեպք եղավ հանձնաժողովի նիստի ժամանակ: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը ուժեղ փռշտաց: Չնայած նա բժշկական դիմակով էր, բայց նիստին ներկա մյուս պատգամավորներն անմիջապես արձագանքեցին. «Յա՜, Սիմիդյա՞ն»: Սիմիդյանը նիստերի սրահից դուրս եկավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ