Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարության. «Գլուխն եմ կտրելու այն մարդու, ով կոռուպցիայով է զբաղվելու»

Մարտ 19,2020 15:25

Այսօր Երեւանի ավագանու նիստին, որտեղ քննարկվում է 2019 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, քաղաքապետ Հայկ Մարությանը շատ կտրուկ ելույթ ունեցավ: Նա ասաց՝ հիմա նոր իրողություններ են, այլեւս չկան մշտական շահող ընկերություններ, որոնք մշտական ունեին, որ գալիս էին 5-10 տարի անում կոնկրետ գործը, այս մի գործն այս մարդն է անում, այն մեկն՝ այն մարդը. «Ով որ ուզում է կողքից մտնի տենդեր՝ կամ ծեծում էին, կամ վախեցնում կամ մի բան անում, սիրուն, խելոք իր համար գնում էր»:

Մարությանի խոսքերով՝ եկել է նոր իշխանություն եւ ասել՝ այսուհետ մրցույթները պետք է լինեն ազնիվ, թափանցիկ, պետք է լինեն բոլորի համար, եւ դրա համար պետք է տեխնիկական բնութագիր գրել. «Ես ձեզ վստահեցնում եմ՝ շատ կամ գրեթե բոլոր վարչություններում անգամ մարդիկ չկային, որոնք կարող էին տեխնիկական բնութագրեր գրել: Ինչո՞ւ: Որովհետեւ կարիքը չի եղել: Ի՞նչ տեխնիկական բնութագրի մասին է խոսքը, ի՞նչ մրցույթի մասին է խոսքը, էս մարդն է հաղթելու մրցույթը, մշտական ունի 10 տարվա, ինքը բերում է իր տեխնիկական բնութագիրը, դա դնում է տենդերի, սիրուն շահում է, գնում, անում է: Ու երբ տասնյակ տարիներով այդպես է արվել, այդ ունակությունը՝ տեխնիկական բնութագիր գրելու, կորել է, ո՛չ ունակությունն է պետք եղել, ո՛չ այդ մարդն է պետք եղել, ոչ մի բան պետք չի եղել: Ընկերությունը, որը պետք է շահեր, բերել, տվել է, մասնակցել է, մեկին ծեծել է, մեկին՝ վախեցրել, մենակով եկել մասնակցել է, կամ կողքից իր «ընկերոջ» հետ եկել, ինքը հաղթել, գնացել է: Անցած տարի մենք վերջ տվեցինք այդ ամեն ինչին: Ինչ տեղի ունեցավ, սա էլ 2-րդ կողմնակի էֆեկտն է՝ սկսեցին գալ ընկերություններ, որոնք բացարձակ դրանից տեղյակ չեն, կամ մոտավորապես են պատկերացնում: Շուկան բացվեց ու շատ ընկերություններ, որոնք սկսեցին անհիմն ցածր գներ տալ եւ այլն, սկսեցին շահել մրցույթները, եւ բնականաբար, հետագայում չկարողացան տակից դուրս գալ: Մենք տույժ- տուգանք, սեւ ցուցակ կիրառեցինք, բայց ի վերջո ունեցանք չկատարված աշխատանք: Այդպես է փոփոխություններ լինում»:

Քաղաքապետն ասաց՝ հիմա փոփոխությունների շրջան է, իսկ դա բարդ շրջան է եւ այն պետք է հաղթահարվի. «Մենք անելու ենք այդ փոփոխությունները, ոչ թե՝ վախենալու ենք, որ մի քիչ տոկոսը բարձր կամ ցածր լինի ու դրա պատճառով համակարգային փոփոխություն չանենք, մենք անելու ենք, գնալու ենք 100 տոկոսանոց թափանցիկության եւ ազնվության, որ յուրաքանչյուր մարդ կարողանա գալ եւ մասնակցել մրցույթի: Նաեւ ստեղծելու ենք լծակներ, որպեսզի մասնակիցը կարողանա գա ու մասնակցի: Անցյալ տարի ինչ եղավ ՝ մենք բացեցինք, թափանցիկ դարձրեցինք, հավասար պայմաններ ստեղծեցինք, բայց այն մյուս կողմը տուժեց՝ եկան մարդիկ, որոնք գաղափար չունեն այդ աշխատանքից, բայց իրենք համոզված էին, որ կարող են անել, բայց չկարողացան: Այն ժամանակ մրցույթը հաղթողները, որ մշտական ունեին, մի հատ ուրիշ մշտական ունեին՝ իրենց ոչ ոք չէր ստուգում, իրենք խելոք իրենց «ատկատ» կոչվածը գալիս, տալիս էին եւ գերշահույթ ունեին անգամ ցածր գին առաջարկելով: Որակը չէին ստուգում, արդյունքն ամեն տեղ տեսնում ենք»:

Մարությանը նշեց՝ բյուջեի որեւէ տողի չկատարման պատճառն այն է, որ չեն ընդունել վատ աշխատանքը, եւ ինչպես ինքն ասաց, կարող էին ընդունել կատարողականի տոկոսը բարձր ցույց տալու համար, սակայն այդպես չեն վարվել:

«Այդ գումարն այլեւս չի կորում, դա մեր երեւանցիների գումարն է, չի կորելու ցուցանիշը բարձր ցույց տալու համար: Գումարը ծախսվելու է միայն 100 տոկոսանոց աշխատանքն ընդունելուց հետո: Չի լինելու այդպես: Սա էլ նորից համակարգային լուծում է ստանում, մենք հետեւում ենք աշխատանքներին, ընդունում ենք այն աշխատանքները, որոնք նորմալ են արված: Սա ամբողջ պետությունով մեկ էր»,-ասաց Մարությանը:

Ըստ քաղաքապետի, քայլեր են արվել գնումների գործընթացը փոփոխելու համար, հիմա ավելի մեծ ֆինանսական պատասխանատվություն է դրվել, եւ ինչպես Մարությանը վստահեցրեց՝ լավ է լինելու, բայց ճանապարհին խնդիրներ են լինելու, որովհետեւ բանկային 100 տոկոսանոց երաշխիքի պահանջ է դրվել, եւ հնարավոր է՝ խնդիրներ լինեն, մրցույթներին չկարողանան մասնակցել: Սակայն քաղաքապետը խոստացավ, այդ խնդիրներ էլ կշտկեն, մինչդեռ այդ խնդիրները, ըստ Մարությանի, պետք է 20 տարի առաջ լուծվեին:

«Քանի ես քաղաքապետ եմ՝ ես երաշխավորն եմ, որ այդ փոփոխություններն արվելու են, երաշխավորն եմ նրա, որ սա արվելու է 100 տոկոսով թափանցիկ, ազնիվ, արդար, առանց կոռուպցիայի: Գլուխն եմ կտրելու այն մարդու, ով որ կոռուպցիայով է զբաղվելու, կներեք, որ կոպիտ եմ ասում: Ամբողջ ժողովուրդը վստահել է մեզ, նոր իշխանություններին, եւ եթե մեկը կարող է պատկերացնել, որ կարող է դավաճանել ժողովրդին, ամենակոպիտ պատասխանն է ստանալու բոլորի կողմից, ժողովրդի կողմից, իմ կողմից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031