Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված դեպքերի թիվը 115-ից դարձավ 122, որը կապված է արտադրամասում եղած օջախի հետ. «Այսինքն՝ ի սկզբանե մեր տեսադաշտում են եղել, դա, իհարկե, իրավիճակն, ինչ-որ չափով լավացնում է, բայց ոչ ամբողջությամբ, եւ սպասվում է, որ արտադրամասից ախտորոշված պացիենտների թիվն ավելի շատ է լինելու՝ կապված դրա մեծության եւ աշխատանքների կազմակերպման բնույթի հետ»:
Թորոսյանը կրկին ասաց, որ հիվանդների վիճակը նորմալ է եւ որեւէ լուրջ խնդիր ունեցող կամ կյանքին վտանգ սպառնացող պացիենտ չունենք:
«Հիմնականում չեն ջերմում 40 տոկոսը 37-ից 38-ի միջակայքում են ջերմում: Մի քանի հոգի 38-39-ի միջակայքում, դրանից բարձր ջերմող չունենք»,-ասաց նախարարը, նշելով, որ 60 տարեկանից բարձր ունենք 13 հիվանդ:
Նա ասաց, որ Իտալիան, դժբախտաբար, մեծ թվեր ունի եւ հնարավոր է այդ թվերը անցնեն Չինաստանին՝ մահվան ցուցանիշներով. «Մահերի կտրուկ աճը սկսում է 75 տարեկանից: Մահերի մեծ մասը 79 ու կես տարիքի մարդիկ են, հիմնականում տղամարդիկ են: Դրա բացատրությունն այն է, որ հիմնական պատճառը տղամարդկանց կենսաձեւն է եւ կողքից եղած հիվանդությունները՝ թոքերի, սրտի, շաքարային դիաբետը, ինսուլտը եւ այլն, այդ բոլորը բարդացնում է հիվանդությունը»:
Կարդացեք նաև
Նախարարը ասաց, որ ուղիղ կապ կա թոքերի վիճակի եւ մահացության հետ, որը նաեւ ծխելով է պայմանավորված: Տղամարդիկ, ըստ նախարարի, երկուսուկես անգամ ավելի շատ են մահանում այս վիրուսից, քան կանայք:
Թորոսյանի տեղեկացմամբ, Իտալիայից ժամանած բոլոր քաղաքացիներն իրենց լավ են զգում եւ միայն մի պացիենտի մոտ է երեկ ջերմություն եղել, որին տեղափոխել են հիվանդանոց՝ թեսթավորելու: Ասաց, որ մնացածին կթեսթավորեն միայն կարանտինային ժամկետը լրանալուց հետո, քանի որ նրանք պրակտիկորեն առողջ մարդիկ են:
Թորոսյանը չբացառեց կրկնակի վարակումը, բայց ասաց, որ պետք է մենք սովորենք այդ վիրուսի հետ կողք-կողքի ապրել՝ ինչպես արդեն առկա եւ շրջանառվող գրիպի մյուս վիրուսներն են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ