Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինչպես ասում է գլխավոր պարետը, արտակարգ դրությունից հետո կյանք կա». Սամսոնյանի՝ նվիրատվությունների մասին նախագիծն իմքայլականները չընդունեցին

Մարտ 19,2020 14:50

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում» փոփոխությունների մասին նախագիծ էր շրջանառության մեջ դրել:

Այսօր ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում այդ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն էր:

Հիշեցնենք, որ այդ նախագծով համայնքի ավագանին իր որոշմամբ պետք է համաձայնություն տա, նոր համայնքապետը նվիրատվութան գործարք կնքի: Խոսքը այնպիսի նվիրատվությունների մասին է, որի արժեքը՝ գումարը, գերազանցում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկը՝ բացառությամբ սահմանամերձ գոտիներում պաշտոնական գույքի նվիրատվությանը, որը ձեւակերպվում է գաղտնի գրիֆով:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ գաղտնի գրիֆով նվիրատվությունների հարցով իզուր աժիոտաժ ենք ստեղծում: Երկու տիպի են այդ նվիրատվությունները, առաջինը համայնքի հետ ընդհանրապես կապ չունի, զինվորական բաներ են երեւի, իսկ մյուսը՝ այն, ինչ պիտի գաղտնի գրիֆով լինի, այս օրենքի կարգավորման հարցը չի: Ըստ նրա՝ մենք հատուկ մի բան ենք շեշտադրում, որի կարիքը չկա. «Դժվար է պատկերացնել, որ մեկը Խաչիկ գյուղին նվիրատվություն է ուզում անել ու մենք այդտեղ պրոբլեմ ունենք՝ սկսած նրանից, որ իրականում Խաչիկ գյուղին չի տալիս»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Երկիր կա, որ կողմ չի, որ այդ երկրի սահմաններում բիզնեսով զբաղվող քաղաքացին գնա եւ որոշակի վերաբերմունք ցույց տա, օրինակ, Խաչիկ գյուղում, երբ նա հարաբերություն ունի հակառակորդ գյուղի հետ: Ո՞նց հասկանալ, որ տնտեսվարողը գնացել է եւ Խաչիկ գյուղին իքս գումար է նվիրաբերել: Եթե նախկին իշխանություն կինեինք, դա կարող էինք սեւով անել, բայց քանի որ նոր իշխանությունը որդեգրել է հրապարակայնություն… ԱՄՆ-ի նույն Քըրքորյանի հետ կապված պատմություն եղավ, ասացին՝ այնպես չի, որ այդ փողը դու ազատ կարող ես տալ Հայաստանին: Դա նույնիսկ անշառ՝ տնտեսական ներդրում էր, բայց էլի խնդիր կար: Ի՞նչն է խանգարում, մեկ է, որեւէ մեկը գաղտնի «Կամազ» սահմանամերձ գյուղին չի նվիրի, որ շինթույլտվություն տան: Առանց «Կամազի» շինթույլտվություն կտան, մի «Կամազ» էլ իրենք պետք է տան, որ շինարարություն արվի»:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ եթե նվիրաբերողը չի ցանկանում իր անունի հրապարակայնացումը, դա չի հրապարակայնացվում, գաղտնիությունը լրիվ այլ օրենքներով է կանոնակարգվում: Իսկ Բագրատյանն ասաց, որ Երեւանում վտանգ կա, հողը թանկ արժի, շինարարությունը թանկ արժի ու ռիսկեր կան, մարզերին ոչ մեկը «Կամազ» չի նվիրի ու ՈւԱԶ չի նվիրի. «Եթե գնաք Իջեւանի որեւէ գյուղում հյուրանոց կառուցեք, ռիսկը նվազագույնն է»:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը հարցրեց. «Այս արտակարգ դրութան պայմաններում ուզում եմ պատկերացնել, թե ձեր օրենքն ինչպես է գործելու: Իքս համայնքը հայտարարում է, որ մեզ անհրաժեշտ են բարերարներ հիվանդանոց վերազինելու համար: Մարդիկ պատրաստակամություն են հայտնում գումարներ փոխանցել համայնքապետարանի բացված հաշվին: Հիմա, եթե ձեր օրենքը գործի, ստացվում է, որ 1 մլն-ը անցնող ցանկացած մուտքագրման ժամանակ, հլը այդ մուտքագրումն էլ չի կարող տեղի ունենալ, ըստ ձեր նախագծի, պետք է համայնքի ղեկավարը մի հատ նախ ինֆորմացիա ստանա, որ ինչ-որ մեկն ուզում է 1 մլն փոխանցի, ավագանու նիստ գումարի, գա այդ ավագանու նիստով ստանա համաձայնությունը, ապա գնա պայմանագիր կնքի այդ մարդու հետ: Հաջորդ օրը, եթե այլ մարդ ցանկություն ունենա գումար տա, նորից այդ նույն գործողությունները պետք է անի: Այս իրավիճակը ցույց է տալիս, որ մենք նմանօրինակ կարգավորումների ժամանակ պրոբլեմներ կարող ենք ունենալ»:

Կարապետյանը հորդորեց, որ ՏԻՄ ոլորտում կոնկրետ դեպքերի հետ կապված ռիսկային կարգավորումների չգնան: Անի Սամսոնյանը արձագանքեց. «Դուք անհարկի բարդացնում եք իրավիճակը: Եթե հիմնադրամ է ստեղծվել ու այդ հիմնադրամին բարերարները պետք է գումար փոխանցեն, չկա անհրաժեշտություն ամեն անգամ ավագանու նիստ գումարել ու որոշել՝ հավանություն տալի՞ս են, թե՞ ոչ: Հիմնադրամը արդեն ենթադրում է բաց, թափանցիկ գործընթաց»:

Անի Սամսոնյանը մեջբերեց Տիգրան Ավինյանին. «Ինչպես ասում է գլխավոր պարետը, արտակարգ դրությունից հետո կյանք կա»: Ըստ Սամսոնյանի, համայնքի ղեկավարի հայեցողությանը թողնելով այդ հարցը՝ խնդիրներ են ստեղծվում: Նա նաեւ ընդգծեց, թե որպեսզի վերահսկվի նվիրատուի ու նվիրաբերողի կապը՝ այս նախագիծն անհրաժեշտություն է:

«Իմ քայլից» Համազասպ Դանիելյանն ասաց, որ եթե կոռուպցիայի դեմ պայքարն է նպատակը, պետք է այլ ձեւակերպում տալ, ոչ թե այնպես անել, որ այն նվիրատուն, որը չի ուզում իր ինքնությունը բացահայտել, այս նախագծով բացահայտվի: Դանիելյանը կողմ էր, որ կարգավորումը տարածվի այն գործարարների վրա, որոնք առեւտրային գործունեությամբ են զբաղվում տվյալ համայնքում, այսպես ավելի թիրախավորված կլինի: Սամսոնյանն էլ պատասխանեց, որ այդ դեպքում ռիսկ կա, որ նվիրաբերությունները այդ մարդիկ այլ անձանց միջոցով կանեն՝ փոխկապակցված անձանց միջոցով:

Վարազդատ Կարապետյանն ասաց, որ այս օրենքի նախագծով ստացվում է, որ համայնքի ղեկավարը, նվիրաբերողները հանցագործ են ու այդ ռիսկն ուզում է կառավարել. «Հանցավորության կանխավարկածով սխալ է օրենսդրություն զարգացնել»:

Համազասպ Դանիելյանն առաջարկեց երկու ամսով հետաձգել նախագծի ընդունումը: Անի Սամսոնյանը պատասխանեց. «Քանի որ Երեւան քաղաքում շարունակվում են այս պահին նվիրատվությունների, պայմանավորվածություններ, գործարքներ քաղաքի համար գույք ձեռք բերելու, կարծում եմ, երկու ամսով հետաձգել չարժե: Որքան շուտ ընդունենք օրենքը, այնքան շուտ Երեւանի քաղաքապետարանը կցուցաբերի թափանցիկություն ու հաշվետվողականություն»:

Նախագիծը դրվեց քվեարկության ու բացասական եզրակացություն ստացավ:

 Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031