Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց վերջին ժամերի տեղեկատվությունը՝ կորոնավիրուսով վարակված անձանց դեպքերի թվի, նրանց վիճակի վերաբերյալ: Նախարարն ասաց, որ կա հաստատված 115 դեպք, մեկ դեպքն առողջացած է. «Բոլորի վիճակը բավարար է, նույնիսկ, եթե ջերմություններով նայում ենք, ընդամենը հինգ հոգի են, որոնք ունեն 38-ից բարձր ջերմություն: 39-ից բարձր չունենք, 37-ից բարձր` 34 հոգի»:
Ըստ նախարարի՝ կորոնավիրուսով վարակված անձանցից 13-ը 60 տարեկանից բարձր անձինք են, որոնցից ոչ ոք բարձր ջերմություն չունի եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում. «Կարող եմ ասել, որ որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Նույն տրամաբանությամբ շարունակում ենք հոսպիտալացումը: Այսինքն՝ երբ հաստատված դեպք ենք ունենում՝ պահում ենք բժիշկների հսկողության տակ, իսկ նրանց կոնտակտավորների շրջանակը մեկուսացնում ենք հատուկ վայրերում, ինչպես նաեւ որոշ դեպքերում իրականացնում ենք ինքնամեկուսացում»:
Վարչապետը հետաքրքրվեց՝ իսկ աշխարհում ի՞նչ է կատարվում: Թորոսյանն ասաց՝ Չինաստանում, որտեղ սկսվեցին բռնկումները, օջախները կարողացել են մարել. «Երեկ որեւէ նոր դեպք չի արձանագրվել Չինաստանում: Սակայն բռնկումները ինտենսիվ շարունակվում են, հատկապես՝ Եվրոպայում: Արեւմտյան Եվրոպայում արդեն տասը հազարին են հասնում դեպքերը: Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան արդեն 30 հազար եւ ավելի վարակակիր ունեն: Մահերի թիվը մոտենում է 3 հազարի, ինչն, իհարկե, շատ ցավալի է: Բայց կարող ենք ասել, որ մահացողների մեծ մասը բարձր տարիքի՝ 80 եւ ավելի, 90, 70 եւ ավելի տարիքի անձինք են: Եվ սա մենք միշտ նշում ենք: Տարիք եւ քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ են ամենախոցելի խավը»:
Պարոն Թորոսյանն ասաց, որ տեղաշարժերը եւ շփումները սահմանափակելու կոչերը հատուկ այդ մարդկանց համար ավելի շեշտում են. «Եթե, նույնիսկ, կարծում ենք, որ երիտասարդները կվարակվեն եւ կլավանան, առանց որեւէ լուրջ վնաս հասնելու նրանց առողջությանը, ապա, նրանք, դա իմանալով, պետք է հոգ տանեն մեր ավագ սերնդի մասին: Եվ իրենց՝ հիվանդ լինելու ընթացքում չշփվեն նրանց հետ: Համաշխարհային առողջապահության ամբողջ քաղաքականությունն այդ ուղղությամբ է առաջ շարժվում: Եթե նույնիսկ էպիդեմիան տարածվի ամբողջ աշխարհում եւ նույնիսկ հետ գնա Չինաստան, քանի որ դրա վտանգն էլ կա, որովհետեւ, չկա մի տեղ, որտեղ ասացին, որ մենք մարեցինք էպիդեմիան, ուրեմն, 100 տոկոսով ապահովագրված են օրինակ՝ երկրորդային էպիդեմիայից, ուստի հիմնական խնդիրը դրվում է տարեցների եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց պաշտպանության եւ նրանց պատշաճ բուժօգնության մատուցման վրա: Կարծում են, որ մենք էլ այդ ուղղությամբ պետք է շարժվենք եւ մենք սկսել ենք քայլերն այդ ուղղությամբ ձեռնարկել»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ