Այսօր կառավարության նիստում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում էր, թե ինչու են բանկերին ներգրավում հակաճգնաժամային գործընթացում եւ խոսում էր նաեւ 80 միլիարդ դրամի հիմնադրամ ունենալու ծրագրից, որն ուղղված է լինելու տնտեսության վերաձեւավորմանը,Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ բացի նախատեսված ծրագրերից` համակարգային կամ համակարգաստեղծ ընկերությունների հետ հասցեական աշխատանք պետք է տանեն:
Փաշինյանն ասաց, որ բոլոր գործողություների հիմքում պետք է ունենան ոչ թե տնտեսությանը հումանիտար օգնություն ցուցաբերելը, այլ տնտեսության մրցունակությունը բարձրացնելը:
Փաշինյանի խոսքով, կառավարությունը, սովորաբար, ծրագրերը գնահատելիս, շատ ավելի հեշտ է տրվում քաղաքական մարմինների էմոցիոնալ ճնշումների. «Մենք կարող ենք դրա հետեւանքով գումարները ոչ արդյունավետ օգտագործելու գայթակղությանը տրվել, եւ մեզ պետք է ծրագրերը գնահատող մասնագիտացված եւ ոչ էմոցիոնալ մարմին, որը պատրաստ լինի ծրագրի որոշակի ռիսկ վերցնել եւ որոշակի գնահատում իրականացնել»:
Նա ասաց. «Ես ամեն օր նամակներ եմ ստանում խուճապային բովանդակությամբ: Կառավարությունը էմոցիոնալ, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու: Հիմա զարգացման ռազմավարություններ մեկնարկելու ամենահարմար պահն է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ աշխարհը վերափոխվում է, հին աշխարհը քանդվում է, եւ մենք նոր աշխարհում պետք է հանդես գանք նոր ուժով, նոր իմիջով»:
Ըստ Փաշինյանի, ոլորտներ կան, որոնք մեկ ամսվա ընթացքում ամենաշահութաբեր ոլորտներից մեկն են դարձել եւ, եթե աջակցության կարիք ունեն աշխարհում իրենց դիրքերը գրավելու առումով, նրանց եւս պետք է աջակցել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ