Կորոնավիրուսի հետեւանքով համաշխարհային տնտեսական ճգնաժամն անխուսափելի է, սակայն, Հայաստանի պարագայում հնարավոր է դրանից եւս հզորացած դուրս գալ:
Ինձ չհամարելով ճգնաժամային փորձագետ, կուզեի մի քանի կանխատեսումներ և առաջարկներ անել.
Կարծում եմ, մեր երկրում մեծ վնասներ կկրեն հետևյալ ճյուղերը.
1.Հայաստանի հանքարդյունաբերության և արդյունաբերության ոլորտները, քանի որ ընդհանուր ճգնաժամի պատճառով հումքի գները ընկնելու են, իսկ բոլոր երկրներում բնակչությունը հիմնականում գնելու է 1-ին անհրաժեշտության ապրանքներ:
Կարդացեք նաև
2.Ներքին և արտաքին առևտուրը. բացի սահմանները փակելուց, որոշ պետություններ կարգելեն նաև 1-ին անհրաժեշտության ապրանքների արտահանումը, միևնույն ժամանակ պաշտպանելով ներքին արտադրողին:
3.Սպասարկման ոլորտը՝ հյուրանոցներ, ռեստորաններ, տուրիզմ, գեղեցկության սրահներ և այլն:
4.Գյուղատնտեսությունը. բացի 1-ին անհրաժեշտության գյուղմթերքներից, մնացածների արտահանումը կդառնա վնասաբեր, նույնը կլինի Հայաստանում:
5.Շինարարությունը կտուժի՝ պահանջարկի անկման պատճառով:
Սպասվող ճգնաժամը չի նմանվելու վերջին ճգնաժամերին, քանի որ, այն ժամանակ եթե կային ստանդարտ լուծումներ, այս դեպքում դրանց մի մասը չի կիրառվելու նախադեպ չունենալու պատճառով: Սովորաբար նախորդները լինում էին գերարտադրության, «փայտե փողերի» կամ այլ պատճառներով, բայց հիմա այս վիրուսը կոնկրետ պարալիզացրել է ողջ աշխարհը, իհարկե, հրաշք կլիներ, եթե առաջիկա երկու ամսում ստեղծվեր հակավիրուսը:
Կառավարության քայլերը պետք է լինեն հստակ, անվարան՝ ուղղահայաց ղեկավարմամբ օգտագործելով քաղաքական ու վարչական ռեսուրսները:
Ծախսերը պետք է լինեն արդյունավետ, նպատակ ունենալով մոտակա ժամանակաշրջանում լուծելու ճգնաժամի հետ կապված հարցերը, իսկ ռազմավարական առումով՝ պետք է ստեղծել այնպիսի կառույցներ, որոնք կհզորացնեն մեր երկիրը:
Առաջարկվում է.
1.Պետական գնումների և բյուջետային կապիտալ ծախսերի կտրուկ ընդլայնում հետևյալ ուղղություններով.
ա/ Գյուղատնտեսություն
բ/ Տուրիզմ
գ/ Արտադրություն
գ/ Շինարարություն
դ/Առևտուր
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
– Ունենալ գյուղատնտեսությունը միջազգային շուկայում մրցունակ դարձնելու կոնկրետ ծրագիր: Դրա համար օգնել ստեղծելու համապատասխան կառույցներ՝ արտահանման, սելեկցիոն, լաբորատոր խորհրդատվական կենտրոններ, որոնք կօգնեն ֆերմերներին և վերամշակողներին հասկանալու, թե ինչպիսի տեսակ կուլտուրաներ աճեցնեն, ինչպիսի պարարտանյութերով ու բուժումներով, ինչպիսի հավանական սպառում կունենա այդ կուլտուրան ներքին և արտաքին շուկաներում և այլն:
-Մարզպետարանների և համայնքապետարանների միջոցով շատ արագ կատարել աշխատող գյուղտնտեսությունների խնդիրների ռեալ գույքագրում: Շատ արագ օգնել անհրաժեշտ ֆինանսական, վարկային, ապրանքային վարկերի արտոնյալ ռեսուրսներով:
-Գյուղատնտեսության համար պիտանի հողերը չօգտագործող հողատերերին 1 ամիս ժամանակ տալուց և բոլոր տեսակի օժանդակություններ առաջարկելուց հետո, եթե նա գյուղաշխատանքներ չի սկսվում, ձեռնարկել դրանց գնումը և տրամադրել ցանկացողներին, եթե նրանք ներկայացրել են ռեալ ծրագիր:
-Տարբեր տարածքներում, ինչպես նաև վերցրված հողերում ինտենսիվ պտղատու այգիներ հիմնող ֆերմերներին, օգնել արտոնյալ վարկերով:
-Հաշվի առնելով,որ օր օրի աճում է մաքուր և օրգանիկ սննդի պահանջարկը, իսկ Հայաստանը ունի օրգանիկ գյուղատնտեսության համար բոլոր անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն, որ օրգանիկ տարածքների սերտիֆիկացման համար պետք է 2-3 տարի, արագ տեմպերով օժանդակել օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվողներին և ցանկացողներին:
ՏՈՒՐԻԶՄ
ա/ Ընտրվում են տարածքներ 10 կլաստերային տարբեր նշանակության հանգստյան գոտիներ ստեղծելու համար, միջին հաշվով ամեն մեկում 500 անձի հաշվարկով:
Դրան կարող են լինել ըստ ռելիեֆի ու նպատակահարմարության՝ էկոտուրիզմի, լճափնյա, արկածային, հյուրանոցային, մաստեր-կլասների ցուցադրման ու էլի տարբեր նշանակության:
Պետությունը գումարը ծախսելու է ենթակառույցներ ստեղծելու համար՝ նախագիծ, քարտեզագրում, ճանապարհ, լուսավորություն, ջուր, կոյուղի:
Մնացածը ծախսերը անելու է մասնավորը:
Այսինքն` նախատեսված տեղում նա գնում է նախագծով ու դիզայնով հաստատված արդեն պատրաստի քոթեջը կամ համարը և տալիս շահագործման:
Սրանով ճգնաժամի ժամանակ 1000-ավոր մարդիկ աշխատանք կունենան՝ նախագծողները, դիզայներները, շինարարները, շինանյութեր արտադրողները, ներկրողները, խանութները, ներքին շինարարությամբ զբաղվողները, սպասարկողները, խոհանոցի աշխատողներն ու մատուցողները, տվյալ տարածքի գյուղմթերք արտադրողները, տուրիստական կազմակերպությունները, տրասնպորտային ծառայություն մատուցողները:
Հաշվի առնելով, որ տուրիզմը համարվում է գերակա ճյուղ,
ա/քոթեջ գնող գումար չունեցողներին կարելի է տրամադրել 5 տարով արտոնյալ վարկեր:
բ/ Գործող կառույցներին օգնել դիզայներական, նախագծային և այլ ենթակառուցվածքային համակարգերի աշխատանքները կատարելու, արևային էներգիայի սարքավորումների ձեռք բերման համար արտոնյալ վարկային միջոցներով:
գ/ Գործող կառույցներին հնարավորության սահմաններում միավորել կլաստերներում, ստեղծելով տարբեր ֆունկցիաներով հանգստյան գոտիներ:
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ԳՅՈՒՂՄԹԵՐՔՆԵՐԻ, ՏԵՔՍՏԻԼ, ԿՈՇԻԿԻ, ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԻՐԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
-Ուսումնասիրելով 2019թ առևտրային հաշվեկշիռը, օժանդակել սկսելու այն ապրանքների արտադրությունը, որոնք ներմուծվում են՝ ներգրավելով անհրաժեշտ կառույցների ու մասնագետների, այդ թվում ներառելով գիտական ներուժը:
-Էկոնոմիկայի նախարարության միջոցով ապահովել ներքոհիշյալ ապրանքների արտադրության գծով մասնագետների վերապատրաստումը, պատրաստումը և ուսուցումը տեղերում:
-Մարզպետարաններին և համայնքապետարաններին ներկայացնելով ներքոհիշյալ ապրանքների ցանկը, հանձնարարել ուսումնասիրելու այս ապրանքների արտադրություն կազմակերպելու հնարավորությունը:
Նշենք, որ յուրաքանչյուր տեսակ ապրանքի ներմուծման ծավալը գերազանցում է 1 մլն ԱՄՆ դոլարը..Ներմուծման ծավալների մասին տեղեկատվությունը հղման մեջ:
-Գյուղմթերքներ. թռչնի միս, խոզի միս, տավարի միս, ձուկ, կաթի փոշի, կարագ, պանիր, կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, գազար, խնձոր, տանձ, սոխ, սխտոր, այլ բանջարեղեն, չորացած սև պղպեղ, ցորեն, գարի, եգիպտացորեն, արևածաղիկի սերմ, արևածաղիկի ձեթ, մարգարին, մակարոնեղեն, ալյուր, կենդանիների կեր, պարարտանյութեր, միջատասպան նյութեր և այլն:
-Սննդամթերք. տարբեր տեսակի շոկոլադներ, թեյ, երշիկ, հրուշակեղեն:
-Տեքստիլ, տրիկոտաժ –սպիտակեղեն, ներքին, սպիտակեղեն, գուլպա, սվիտեր, կոստյում, ժիլետ և այլն:
-Կոշկեղեն, կահույք, ապակե տարա, էլ. սարքավորումներ:
Շատ արագ մշակել ռազմավարական արտահանման նոր ծրագիր, հաշվի առնելով, որ շատ երկրներում առաջացել են կոնկրետ ապրանքների գծով դեֆիցիտ, որը մոտակա 2 տարում հնարավոր չի լրացնել: Դրա համար ստեղծվում է աշխատանքային խումբ, ներգրավելով էկոնոմիկայի և ԱԳ նախարարությունների, արտահանման լավագույն մասնագետներին: Օրինակ՝ Չինաստանը գրավել էր Ռուսաստանում սխտորի վաճառքի 71%-ը, որը կազմում էր 51 հազար տոննա: Մինչև անգամ որոշ ժամանակ հետո մատակարարումը վերսկսելու պայմաններում անհավանական է, որ լինեն նույն ծավալները, իսկ մենք կարող ենք օգտագործելով Գեղարքունիքի և Շիրակի սխտորի համար նպաստավոր բնակլիմայական պայմանները, թեկուզ վերցնենք ընդհանուր ներմուծման ծավալների 1%-ը՝ 500տ:
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
-Պետությունը ոչ միայն ամբողջությամբ կատարում է շինարարության գծով նախատեսված ծախսերը, այլեւ ավելացնում է դրանք հետևյալ ուղղություններով.
– Տուրիզմի և գյուղատնտեսական աշխատանքների խթանման համար կատարվելիք ողջ շինարարական աշխատանքները, այդ թվում ճանապարհները, ջրագծերը, կոյուղին, գյուղատնտեսական հողերի համար ջրագծերը և այլն:
-Մարզպետարանների և համայնքապետարանների կողմից կատարված գույքագրումների հիման վրա ավելացնել անհրաժեշտ շինարարական ծախսերը՝ օգտագործելով տեղական շինարարական ուժերը:
ԱՌԵՎՏՈՒՐ
-Որոշ գյուղմթերքների գծով առևտրային ցանցերում էժան գներով վաճառքի համար գնային սուբսիդավորում անել, փոխհատուցելու դրսից ներկրման ցածր գների տարբերությունը:
-Սննդի անվտանգության կանոնները խստիվ պահպանելու պայմաններով թույլատրել մինի շուկաների, փոքրիկ տաղավարների, սեղանիկների ժամանակավոր գործունեությունը:
-Նախապայմաններ ստեղծել բնակավայրերում ապրանքափոխանակություն ապահովելու համար, օգնել ստեղծելու ինֆորմացիոն կենտրոններ.
-Հաշվի առնելով, Իրանի հզոր գյուղատնտեսական հնարավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և Իրանի դրական տրամադրվածությունը միմյանց նկատմամբ, աշխատանքներ տանել Իրանում «Արազ» և Հայաստանում Մեղրիի ազատ տնտեսական գոտիներում միջնորդ-առևտրական կազմակերպություններ ստեղծելու ուղղությամբ..
Արա ՄԱՐՈՒԹՅԱՆ
տնտեսագետ
Լուսանկարը՝ Արա Մարությանի ֆեյսբուքյան էջից/InterTrips