Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՏԱԿ-ի տնօրեն. «Սա արձակուրդ չէ, այլ առցանց կրթական բովանդակություն ստանալու հնարավորություն»

Մարտ 19,2020 12:50

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԿՏԱԿ-ը ստեղծել է heravar.armedu.am հեռավար ուսուցման համալիր էջը, որտեղ գրանցվելու անհրաժեշտություն չկա: Heravar.armedu.am հավաքվում են գոյություն ունեցող էլեկտրոնային ռեսուրսները, որոնք կարելի է օգտագործել հեռավար ուսուցում կազմակերպելու համար:

Արտակ Պողոսյանի լուսանկարը՝ ԿՏԱԿ-ի կայքից

Պարոն Պողոսյանը հայտնեց, որ ուսուցիչները սկզբում շփոթության մեջ էին, որովհետեւ շատ էին հարցերը, թե ինչպես գրանցվել հարթակում, սակայն այդ համալիր էջում գրանցվելու անհրաժեշտություն չկա: Միեւնույն ժամանակ հավելում է. «Էջում դրված տարբեր հարթակներ ունեն իրենց գրանցման առանձին տրամաբանությունները: Այնտեղ կան բաց ռեսուրսներ, որտեղ գրանցվել պետք չէ, որոշների դեպքում որոշակի գրանցում է պահանջվում՝ օգտվելու համար, միայն մեկ ռեսուրս կար՝ https://www.imdproc.am-ը/, որ վճարովի էր, սակայն կորոնավիրուսով պայմանավորված` այդ ռեսուրսը հայտարարեց, որ մեկ ամսով դառնում է անվճար: Մենք ամեն ռեսուրսի կողքին ավելացրել ենք տեղեկատվություն, կողքին հարցական նշան կա դրված, որը սեղմելով կարող են կարդալ այն կարճ ուղեցույցը, թե ինչպես կարելի է այդ ամենն օգտագործել»:

Հետաքրքրվեցինք՝ դպրոցականներից արձագանքներ ստանո՞ւմ են: Արտակ Պողոսյանն ասաց, որ իրենց դպրոցականներ չեն զանգել, էլեկտրոնային նամակներից էլ պարզ չէ՝ դպրոցակա՞ն է գրողը, թե՞ ոչ, որովհետեւ հարցերի բնույթը տարբեր է:

«Կային մարդիկ, որոնք ասում էին՝ այսինչ բերեցիք մեր գլխին… Ցավոք սրտի մեր ծնողների մի մասի մոտ այնպիսի մտայնություն կար, որ սա արձակուրդ է: Ես ծնողներին հորդորում եմ սա չդիտարկել որպես արձակուրդ եւ երեխաներին չտանել էքսկուրսիաների, քանի որ արտակարգ դրություն է: Իսկ այս ամենը մենք անում ենք, ոչ թե որ երեխաներն ավելի շատ սոցցանցերում անցկացնեն, այլ կրթական բովանդակություն ստանան»,-նշեց ԿՏԱԿ-ի տնօրենը:

Հարցրինք՝ իր դիտարկմամբ, ո՞րն է ամենահարմարավետ հարթակը, որտեղ ավելի հեշտ կարող են աշխատել այն մարդիկ, որոնք նվազ համակարգչային գիտելիքներ ունեն: Արտակ Պողոսյանը պատասխանեց. «Նման բան չեմ կարող ասել, որովհետեւ տարբեր հարթակներ տարբեր դժվարություններ ունեն, տարբեր գործառույթներ, որոնք օգտագործողը պետք է հասկանա եւ ընտրի: Մենք կտրամադրենք խորհրդատվություն՝ կախված նրանից, թե ինչ են ուզում անել:

Եթե օրինակ ուզում են խումբ ստեղծել եւ աշխատել երեխաների հետ, այդտեղ կան տարբեր հարթակներ՝ Զումը, գուգլ քլասրումը, Microsoft-ն ունի հնարավորություններ, ՖԲ հաղորդակը, վայբերը եւ այլն: Ամեն ուսուցիչ պետք է աշխատի իր աշակերտների հետ, հասկանա, թե տեխնիկապես ինչ հնարավորություններ ունի տվյալ գործիքը: Իսկ մենք, ինչպես արդեն ասացի, կտրամադրենք խորհրդատվություն, թե ինչպես օգտագործել տվյալ գործիքը»:

Հետաքրքրվեցինք, թե օրական քանի զանգ եւ նամակ են ստանում առցանց կրթություն իրականացնելու հարթակների եւ գործիքների վերաբերյալ: «Նախարարի ասուլիսից հետո մոտավորապես 1000 նամակ ենք ստացել, առցանց զրուցարանի միջոցով պատասխանել ենք մոտ 700 նամակների, իսկ զանգերի թիվը հնարավոր չէ հաշվել»,-ասաց Արտակ Պողոսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031