Լրահոս
Օրվա լրահոսը

«Սևն» ու «սպիտակը», «այո»-ն ու «ոչ»-ը մի կողմ դնելու ժամանակն է. Արծրուն Պեպանյան. «Փաստ»

Մարտ 19,2020 12:35

Կյանքը հաճախ է ստեղծում իրավիճակներ, երբ ձևավորված համախմբման նշանակությունը գիտակցելու պարագայում հնարավոր է որոշակի փոփոխությունների հասնել: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը, որի հետ զրույցում փորձել ենք հասկանալ, թե ինչո՞ւ ենք հասարակության համախմբմանն ականատես լինում միայն որոշակի դեպքերում, խոսել ենք նաև նախորդող իրավիճակներից դասեր քաղելու հնարավորության մասին:

Մինչ բուն թեմային անցնելը, մեր զրուցակիցը շեշտեց, որ այսօրվա իրավիճակից բխող համախմբվածության առումով որոշակի վերապահում ունի. «Դեռ կյանքը ցույց կտա՝ անհրաժեշտ համախմբում կլինի, թե ոչ: Համենայն դեպս, համացանցում դեռ ատելության հաղթարշավ, «սև»-«սպիտակների» հակադրություն եմ տեսնում: Նշվածը կասեցնելու վերաբերյալ ես առաջին հերթին կոչ եմ արել իշխանությանը, հետո նաև ընդդիմությանը, որովհետև վտանգը, մեծ հաշվով, բոլորիս է վերաբերում: Հիմա կյանքը ցույց կտա՝ անհրաժեշտ գիտակցություն դրսևորում են, թե ոչ: Այս պահին դեռ լուրջ հետևություններ չեմ նկատել»:

«Ճիշտն ասած՝ չգիտեմ, արժե՞ Ն. Փաշինյանին ևս մեկ անգամ խորհուրդ տալ, որովհետև թեպետ մինչ այս նման խորհուրդներ շատ են եղել, սայլը տեղից չի շարժվել: Բայց եթե ես լինեի իր փոխարեն, խելացի մարդկանց հենց այսօր կհրավիրեի, կասեի՝ նախկիններին հեռացրեցինք, բայց թե՛ տնտեսության, թե՛ մարդկանց մտածողության մեջ դեռ խնդիրներ ունենք, դրան գումարած՝ այս պահի մարտահրավերը: Կասեի, որ «սևն» ու «սպիտակը», «այո»-ն ու «ոչ»-ը մի կողմ դնելու ժամանակն է, և մասնագետներից կազմված մի առանձին հանձնախումբ է պետք ստեղծել, ուր մի կողմ կդրվի նրանց քաղաքական պատկանելիությունը:
Այսօր նման մի հանձնաժողով վարակի կանխարգելման շուրջ կարող է ձևավորվել, վաղը տնտեսական իրավիճակը փրկելու, հետո էլ հասկանալու, թե, ի վերջո, ի՞նչ է կատարվում մեզ հետ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ պետության ռեսուրսները պետք է դնել հենց այս նպատակների իրագործման հիմքում:

«Կգնան այս ճանապարհով, թե ոչ, չգիտեմ, բայց պարապ չպետք է մնանք՝ ասելով, որ եթե իշխանությունները չեն անում, ուրեմն՝ վերջ: Մտածող մարդիկ պետք է ինքնակազմակերպվեն: Ի վերջո, իշխանություններն անցողիկ են, իսկ հայրենիքը հավերժ: Իհարկե, ամենաարագ ու ամենաարդյունավետ ճանապարհը կունենայինք, եթե իշխանությունը հասկանար խնդիրը, նախաձեռներ ու պետական ռեսուրսները ներդներ նշված խնդիրները լուծելու ուղղությամբ, բայց, ցավոք, այդ գիտակցումը չկա: Այս պարագայում մնում է մտածող մարդկանց ինքնակազմակերպման տարբերակը: Եթե չունենանք ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը, մեզ լավ ապագա չի սպասի»,-ասաց նա:
Արծրուն Պեպանյանը շեշտեց, որ մեզ մոտ դասեր քաղելու ու սխալների վրա սովորելու առումով լուրջ խնդիր կա:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031