Նախքան կառավարության օրակարգի հարցերին անցնելն, այսօր նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց՝ ինչ են երեկ քննարկել կառավարությունում: Նրա խոսքով, կառավարությունն իր առաջ խնդիր չի դրել եւ չի դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, որքան էլ նախաճգնաժամային տնտեսական վիճակը լավն էր Հայաստանում. «Մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս, եւ այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը, որը հետեւյալն է: Մենք այս ընթացքում պետք է իրագործենք զարգացման ծրագրեր, այս ընթացքում գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումային օրակարգի վրա, որը որդեգրել ենք, եւ, իհարկե, լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, որը պետք է ունենա զարգացման տրամաբանություն: Հասկանալի է, որ ճգնաժամը սոցիալական որոշակի մարտահրավերներ նույնպես ի հայտ բերելու է, եւ, մենք պետք է առերեսվենք եւ համարժեք քայլեր ձեռնարկենք նաեւ այդ սոցիալական մարտահրավերների կապակցությամբ: Շատ կարեւոր է, որ այդ սոցիալական ծրագրերը, որոնք մենք իրականացնելու ենք, լինեն արդյունավետ, հասցեական, արդար, որովհետեւ պետք է հիշենք մեր պատմության ճգնաժամային շրջանի սոցիալական ծրագրերը եւ նրանց հետեւանքները, երբ շատ հաճախ օգնությունները եւ այդ ծրագրերը կենտրոնանում են մի քանի տեղերում եւ սոցիալական աջակցությունների ֆոնի տակ, ստվերային հարստացման պրոցեսներ էին տեղի ունենում: Մենք այսպիսի երեւույթները պետք է բացառենք»:
Փաշինյանի խոսքով, բիզնեսին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար 25 միլիարդը դրամի փաթեթ կգործարկեն եւ, եւս 25 միլիարդ դրամի էլ՝ սոցիալական աջակցության փաթեթ կլինի, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության:
Վարչապետը նաեւ հայտնեց, որ մոտ 80 միլիարդ դրամի հիմնադրամ կունենանք, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձեւավորմանը եւ կարգաբերմանը՝ հետ ճգնաժամային պարամետրերին համապատասխան՝ չնայած այդ պարամետրերը, ըստ Փաշինյանի, մեծ անորոշություն են պարունակում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ