Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի եղբորորդին մեղադրանքը չի ընդունել. «Հայկական ժամանակ»

Մարտ 19,2020 12:05

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանը, առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը մեղադրանքը շինծու որակեց՝ ասելով. «Կա խախտում, բայց ամեն խախտում չէ, որ քրեորեն հետապնդելի արարք է»: Ըստ պաշտպանի՝ տվյալ դեպքում խնդրի լուծումը պետք էր փնտրել վարչական իրավախախտումների տիրույթում:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն օրերս հայտարարեց, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), եւ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, եւ այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Դատախազություն:

Պաշտպան Հովսեփ Սարգսյանի հետ մեր հարցազրույցը՝ ստորեւ.

Պարոն Սարգսյան, ի՞նչ դիրքորոշում ունի Զարզանդ Գրիգորյանը մեղադրանքի վերաբերյալ:

– Իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում մի պարզ պատճառով. նրան մեղսագրվող գործողություններում հանցակազմ չկա, ցանկացած իրավաբան, եթե բացի Քր. օր. 308-րդ հոդվածը եւ մեկնաբանի, հաստատապես կգա նույն եզրահանգմանը: Գրեթե երկու տարվա նախաքննության ընթացքում նրան մեղսագրում էին տարբեր արարքներ՝ 9-10 դրվագներով, որոնք, սակայն, հետագայում հենց նախաքննական մարմնի կողմից կարճվեցին հանցակազմի բացակայության հիմքով:

Նկատի ունեք՝ այս նույն գործի շրջանակո՞ւմ:

– Այո, եւ որպեսզի քննչական մարմինն ապացուցի, որ ինքը ճիշտ էր, ոսկե միջին տարբերակը գտավ: Սա շինծու մեղադրանք է, եւ ես ասում եմ ոչ թե որպես պաշտպան, այլ որպես իրավաբան:

Հիմա, փաստորեն, ունենք երկու դրվագ՝ արվեստի դպրոցի եւ մանկապարտեզի:

– Այո, խոսքը վերաբերում է նույն անձին առանց դիպլոմի դպրոցի եւ մանկապարտեզի տնօրեն նշանակելուն, մի պաշտոնին 2014-ից է եղել, մյուսին՝ 2017-ից, հիմա արդեն դուրս է եկել, չի աշխատում:

Պաշտոնավարման ընթացքում նա դիպլոմ ունեցե՞լ է:

– Չի ունեցել, բայց օրենքի ամեն խախտում չէ, որ քրեորեն հետապնդելի արարք է: Եթե այդպես լինի, ուրեմն՝ առավոտից երեկո մեր ժողովուրդը օրենք է խախտում: Օրինակ՝ կարմիր գծերից դուրս մեքենան կայանելը քրեորեն հետապնդելի՞ է թե՞ ոչ:

Դե, դա վարչական իրավախախտում է:

– Բա պաշտոնատար անձը չի՞ կարող այնպիսի գործողություններ կատարել, որոնք վարչական պատասխանատվություն կնախատեսեն, ոչ թե քրեական: Քրեորեն հետապնդելի որեւէ արարք Զարզանդ Գրիգորյանի կողմից թույլ չի տրվել մի պարզ պատճառով. որպես հետեւանք՝ ոչ պետությանն է վնաս պատճառվել, ոչ՝ որեւէ քաղաքացու, իսկ 308-րդ հոդվածը նյութական հանցակազմ է եւ պահանջում է, որ հետեւանք առաջանա: Զարզանդ Գրիգորյանի կողմից դիպլոմ չունեցող անձին տնօրեն նշանակելը որեւէ հետեւանք չի առաջացրել:

Քննչական կոմիտեն նշում է, որ նրա գործողությունների արդյունքում խաթարվել է պետության եւ կոնկրետ պաշտոնին համապատասխանող անձի օրինական շահը, էական վնաս է պատճառվել դրան:

– Քննչական կոմիտեն գոնե ասե՞լ է, թե որ անձի: Ասենք, օրինակ, մրցույթ է հայտարարվել, երեք հոգի թեկնածություն է ներկայացրել, առանց դիպլոմի անձը հաղթել է, մյուս երկու անձերի իրավունքը խախտվե՞լ է, այդպիսի տվյալ նշե՞լ են: Իրենք անորոշ են թողել, այդ անձը պիտի լինի ֆիզիկական, չէ՞, լինի առնվազն ՀՀ քաղաքացի, ունենա անուն-ազգանուն, կենսաչափական տվյալներ…

Չե՞ն եղել այլ թեկնածուներ:

– Ոչ, չեն եղել:

Եվ գործում առկա նյութերով էլ չկա՞ անձ, որն ունեցել է դիպլոմ եւ ցանկացել է նշանակվել այդ պաշտոնին:

– Ոչ, չկա: Շատ են ման եկել, որ գտնեն, բայց չեն գտել, որովհետեւ չի եղել նման մարդ:

Այսինքն՝ Գրիգորյանը տեղյակ չի՞ եղել, որ կինը դիպլոմ չուներ:

– Ես չեմ կարող ասել՝ տեղյակ եղել է թե ոչ, այդ կապակցությամբ նա դիրքորոշում չի հայտնել, ես խոսում եմ փաստական հիմքերի մասով, եւ գտնում եմ, որ նրա գործողություններում բացակայում է հանցակազմը: …Ասեմ ավելին, Զարզանդ Գրիգորյանի պաշտոնավարումը դադարեցրել էին, բայց դա էլ չէին կարող անել, որովհետեւ Քր. դատ. օրենսգրքով նման կարգ սահմանված չէ: Պատկերացրեք, մենք անընդհատ գտնվում էինք բողոքարկումների մեջ, եւ մի «հարգարժան» դատավոր մեր բողոքը պահեց իր վարույթում շուրջ մեկ տարի, այնինչ 25 րոպեում կարող էր քննարկվել, եւ մեկ տարի անց միայն մերժեց, իսկ Վերաքննիչը հետագայում բավարարեց այն, եւ որպեսզի քննչական մարմինը արդարացնի իր գործողությունները, այս մեղադրանքը դրեց: Մենք դատարանում ասում էինք՝ հարգելի քննիչ, հարգելի դատախազ, մենք վստահ ենք, որ դուք լավ իրավաբան եք, որ դիպլոմ ունեք, բայց հասկանում եք, չէ՞, որ նման կարգ սահմանված չէ, ասում էին՝ այո, հասկանում ենք, բայց դադարեցված է: Դա, սակայն, ձեւական բնույթ է կրել, նա միշտ էլ պաշտոնավարել է:

Հիմա գործն արդեն ուղարկվել է Դատախազություն: Հսկող դատախազին ինչ-որ միջնորդություն ներկայացնելո՞ւ եք:

– Ամենեւին, նույնիսկ ափսոսում եմ իմ ջանքն ու ժամանակը, որովհետեւ վստահ եմ, որ չի բավարարվելու: Դատախազության ու քննիչների պատասխանները չհիմնավորված, չպատճառաբանված են: Զարզանդ Գրիգորյանը պատերազմի մասնակից է, հաշմանդամություն ունի, եւ միանշանակ, նրա նկատմամբ կարող է համաներում կիրառվել, բայց մենք դրանից սկզբունքորեն հրաժարվել ենք, մենք վստահ ենք, որ նա ի վերջո կարդարացվի:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031