Թե ինչպես պետք է աշխատեն լրատվամիջոցները արտակարգ դրության պայմաններում՝ ընդհանուր առմամբ պարզ է: Նրանք չպիտի թվեր, անուններ եւ «օջախներ» հրապարակեն, եթե դրանց աղբյուրը պաշտոնական չէ: Այդ պահանջը տրամաբանական է: Եվ «Առավոտը» հենց այդպես էլ աշխատում էր նաեւ արտակարգ դրություն հայտարարելուց առաջ՝ առաջնորդվելով «չվնասելու» սկզբունքով:
Սակայն այստեղ էլ պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ: Եթե որեւէ համաշխարհային դեմք՝ քաղաքական գործիչ, դերասան կամ սպորտսմեն սոցցանցի իր պաշտոնական էջում հայտարարում է, որ վարակված է կորոնավիրուսով կամ որեւէ երկրի ղեկավար տեղեկատվություն է տարածում իր երկրում վարակի չափերի մասին, եւ հայաստանյան ԶԼՄ-ները վերարտադրում են այդ տեղեկատվությունը, դժվար թե դա Հայաստանում խուճապ առաջացնի:
Ֆեյսբուքյան օգտատերերից որեւէ բան պահանջելը, իմ կարծիքով, անիմաստ է: Երեւանում դեռեւս հնարավոր է, որ ոստիկանները այդ օգտատիրոջ տան դուռը ջարդեն եւ պահանջեն, որ նա հեռացնի պարետատան կարծիքով վտանգավոր գրառումը: Իսկ եթե նա ապրում է Գլենդեյլո՞ւմ կամ Սախալինում:
Որպեսզի անհարկի տագնապներ չառաջանան՝ արտակարգ դրության պայմաններում ճիշտ տեղեկատվական քաղաքականություն պետք է վարի նաեւ պետությունը: Եթե ստեղծվել է պարետատուն, ապա այն պետք է ունենա մամուլի քարտուղար, որն այս շաբաթների ընթացքում պիտի դառնա պետության հիմնական խոսնակը: Հենց նա էլ պիտի հայտարարի կորոնավիրուսի հետ կապված թվերի եւ օջախների մասին տեղեկատվությունը, որը ստանում է տարբեր գերատեսչություններից: Խոսնակը պետք է մշակի այդ տեղեկությունները հաղորդելու առավել չեզոք, հույզերից ազատ ձեւակերպումները:
Կարդացեք նաև
Ինչո՞ւ թվերը չպիտի հայտարարեն վարչապետը կամ նախարարները: Շատ պարզ՝ նրանք քաղաքական գործիչներ են, քաղաքական թիմի անդամներ, որոնց խոսքը, իրենց կամքից անկախ, ընկալվում է որպես քաղաքական ուղերձ, որպես այս կամ այն խմբի շահերի արտահայտություն: Բացի այդ՝ ամենաբարձր պաշտոնյայի հայտնած տեղեկությունը շատ դժվար է հերքել կամ շտկել: Իսկ խոսնակի ասածների մեջ, անհրաժեշտության դեպքում, հնարավոր է ճշգրտումներ մտցնել:
Նախագահը եւ վարչապետը, իմ պատկերացմամբ, պետք է խոսեն արտակարգ դրության սկզբում եւ վերջում: Կամ ինչ-որ շատ կարեւոր, հանգույցային կետերում: Բայց հաստատ՝ ոչ ամեն օր կամ առավել եւս՝ օրը մի քանի անգամ:
Ինչու ցանկալի չէ, որ արտակարգ դրության ժամանակ պետությունն ունենա մի քանի խոսնակներ: Դա էլ է պարզ. խոսնակների բազմազանությունը բերում է նրան, որ թվերն ու տեղեկությունները իրար հակասում են, թեկուզ այն պատճառով, որ հաղորդվում են օրվա տարբեր ժամանակահատվածներում, այն դեպքում, որ իրավիճակը շատ արագ է փոխվում: Բացի այդ՝ վարչապետը, փոխվարչապետը, նախարարներն ու փոխնախարարներն ունեն բազմաթիվ պարտականություններ եւ չեն կարող կենտրոնանալ միայն հանրությանը տեղեկություն հաղորդելու վրա: Դա խոսնակի եւ նրա թիմի գործն է:
Իսկ պատգամավորնե՞րը: Նրանք նույնպես քաղաքական գործիչներ են եւ արտակարգ դրության ժամանակ պետք է լինեն առավելագույնս զուսպ: Այժմ ինքնագովազդի լավագույն ժամանակը չէ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Եթե վարչապետը հասցնում է խոսալ նաև այդ մասին, թող խոսա, որովհետև եթե ինքը չխոսա /ՍՈՒՐԲ ՏԵՂԸ ԴԱՏԱՐԿ ՉԻ ՄՆՈՒՄ/ ,,խոսալու են,, որոշ ԶԼՄ ներ, որոնք առաջնորդվում են միայն ,,վնասելու,, սկզբունքով ի տարբերություն ,,Առավոտի,,: