Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում նկար էր տարածել Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից՝ «Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է։ 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ» մակագրությամբ։
Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում նա մանրամասներ ներկայացրեց։
«Մենք, երբ որ ահազանգ ենք ստանում, քաղաքացու մոտ հնարավոր վարակվածության մասին, մենք թեստ ենք անում։ Այդ թեստի ժամանակ քաղաքացին պետք է մնա առանձնացված սենյակում, որևէ մեկի հետ չշփվի, որպեսզի եթե հանկարծ թեստի արդյունքը դրական լինի, մենք այդ ընթացքում ուրիշ մեկին վարակած չլինենք։ Ստացվում էր այնպես, որ մեր հիվանդանոցում այդ պահին զբաղված պալատների մեծ մասը չհաստատված դեպքերով քաղաքացիներ են, որոնց էլի մեծ մասը հաստատումից հետո գնալու է տուն, և ընդամենը փոքր մասն է մնալու հիվանդանոցում։ Եվ որպեսզի այդ աշխատանքը ավելի արդյունավետ կազմակերպվի, մենք որոշեցինք 40 առանձնացված պալատ արագ կառուցել, որպեսզի այդ սպասող քաղաքացիները հիվանդանոցի հիմնական աշխատանքին պարզապես չխոչընդոտեն և ավելորդ պալատներ չզբաղեցնեն։
Դա, իհարկե, չի նշանակում, որ ամբողջությամբ Ինֆեկցիոնը իր վրա կվերցնի բեռը։ Մենք կողքից ուրիշ հիվանդանոցներ այսօր էլ ենք միացրել, վաղն էլ ենք միացնելու։ Բայց միևնույն է՝ քաղաքացիների մուտքի հիմնական կետը լինելու է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը, որովհետև այնտեղ կենտրոնացած է թե՛ գիտական, մասնագիտական ներուժը՝ բժիշկների տեսքով, թե՛ համաճարակաբանական ներուժը և թե՛ լոգիստիկ շղթան այդտեղից է սկսվում՝ պացիենտ, թեստ, թեստի պատասխան, հետո նորից պացիենտ և այդպես շարունակ»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ