Լրահոս
Օրվա լրահոսը

Այլեւս ո՞չ դատական ակտերին

Մարտ 19,2020 09:00

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը օրեր առաջ հանդես եկավ ցնցող ելույթով։ Նա «դուխով» հայտարարեց, որ չի պատրաստվում կատարել դատարանի որոշումը, քանի որ ինչպես ինքը, այնպես էլ ժողովրդի մեծամասնությունը չի վստահում Հայաստանի դատական համակարգին։

Չնայած պարոն Թորոսյանը ստացել է, այսպես ասած՝ «լուրջ, ժամանակակից, եվրոպա-ամերիկյան» կրթություն, բայց իր էությամբ մնացել է «քյոխվայական» մտածողությամբ անձնավորություն։ Սույն պետական այրը չի պատկերացնում, թե ինչպես կարող է դատարանը իր՝ ժողովրդի մեծամասնության սերն ու աջակցությունը վայելող իշխանության կարկառուն ներկայացուցչին պարտադրել հերքել իր «միակ ճշմարտություն» համարվող հայտարարությունը։

Համոզված եմ, որ պարոն Թորոսյանն իսկապես տարակուսած է. «Չհասկացա, բա էլ ինչո՞ւ ենք եկել իշխանության։ Ինչպե՞ս են համարձակվել դատական բոլոր ատյանները, իմ՝ Սիրելի Առաջնորդին особо приближенный նախարարի դեմ որոշում կայացնել։ Չէ՞ որ Սիրելի Առաջնորդն է հայտարարել՝ կա՞ արդյոք դատավոր, որ ինձ չլսի։ Եվ հանկարծ… Մի՞թե Սիրելի Առաջնորդն ինձ դավաճանել է»։

Այո, մեր հասարակությունը չի պատկերացնում, թե ինչ է նշանակում իրավական պետություն, անկախ դատական իշխանություն, որ իրապես իրավական պետության մեջ դատարանը կարող է ինքնուրույն, շեշտում եմ՝ ինքնուրույն որոշում կայացնել բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ։

Չկարծեք, թե ես հիացած եմ Հայաստանի դատական համակարգով և այն համարում եմ անկախ և անաչառ։ Ինքս բազմիցս եմ քննադատել և այժմ էլ եմ այն քննադատում, բայց տվյալ դատական ակտը կարող եմ բացատրել հետևյալ վարկածներով։

Առաջին. հնարավոր է, որ սույն որոշումը կայացնելիս, իսկապես դատավորները վերևից որևէ ցուցում չեն ստացել և մտածել են, որ վերջապես կարող են գործել օրենքին համապատասխան։

Երկրորդ. չեմ բացառում, որ դատավորների նկատմամբ ճնշում է եղել՝ չկայացնելու նախարարի դեմ որոշում։ Սակայն, հավանաբար, գործն այնքան ակնառու է եղել, որ նույնիսկ ճնշման տակ կայացվել են օրինական որոշումներ։

Իսկ նախարարի մտավարժանքները, թե որոշումը կայացրել են «նախկին ռեժիմին» ծառայած դատավորները, որևէ քննություն չի բռնում և ընդամենը ցույց է տալիս նրա իր՝ պաշտոնյայի դիրքից հոխորտալը։ Ավելին, լինելով պետական այր, անկախ այն բանից, թե դատարանները ում պատվերն են կատարում՝ օրենքի, ներկա կամ նախկին իշխանավորների, պարոն Թորոսյանը պարտավոր է կատարել դատարանի որոշումը՝ օրինակ ծառայելով հանրությանը։ Իսկ ա՞յժմ, ի՞նչ պահանջես ոչ պաշտոնյա քաղաքացիներից։ Կարո՞ղ ենք մենք նույնպես կատարել հանցագործություններ, զրպարտություններ ու վիրավորանքներ հնչեցնել բոլոր նրանց հասցեին, ում չենք համակրում կամ թշնամություն ունենք, օրինակ վերցնելով հեղափոխական իշխանության ներկայացուցչից, «թքած ունենալով» դատարանի վճիռների ու որոշումների վրա։ Թե՞ անձեռնմխելիները միայն հեղափոխական իշխանության ներկայացուցիչներն են և խունվեյբին «Հեղափոխության պահապանները»։

Ներկա իշխանությունները շատ են սիրում խոսել Հայաստանի, որպես ժողովրդավարական երկրի մասին։ Կուզենայի նրանց հիշեցնել, որ կայացած ժողովրդավարական ցանկացած երկրում, այդպիսի պահվածքով նախարարը նույն իսկ օրը կհեռացվեր պաշտոնից՝ կամ վարչապետի որոշմամբ, կամ պառլամենտի կողմից անվստահությամբ, կամ հասարակության պահանջով։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ՝ նախկինների մասին։ Կարդալով Արսեն Թորոսյանի կենսագրությունը, պարզվում է՝ նա իր մասնագիտական առաջընթացը կատարել է «նախկին, կոռումպացված» իշխանությունների տարիներին, հենց պետական համակարգում։ Արդյոք նա նույնպե՞ս նախկին չէ, մանավանդ ինչ-որ չեմ հիշում նախկին տարիներին նրա, որպես հանրային գործչի քննադատությունները գործող իշխանությունների, ու մասնավորապես՝ դատական համակարգի վերաբերյալ։

«Առավոտ» օրաթերթ

19.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031