«Նոր լինելն է հիմնական խնդիրը, որ մենք այսպես ենք արձագանքում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման շրջանակներում անդրադառնալով կորոնավիրուսին՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա շեշտեց, որ կորոնավիրուսով հաստատված դեպքերից 18-ը մեկուսացված քաղաքացիներն են։ Եվ եթե թեստը չարվեր, նրանք կարող է ընդհանրապես չիմանային էլ, որ վարակված են եղել կորոնավիրուսով. «Մենք արել ենք՝ պարզապես հասկանալու համար, թե ի վերջո առանց գանգատների ինչքա՞ն դեպք ունենք։ Նույնիսկ, մի քիչ վատ մեր երկրի վիճակագրության համար՝ արհեստականորեն թիվ ենք բարձրացրել։ Հետևաբար՝ խոսել թաքցնելու մասին, պարզապես անհեթեթ է»։
Հարցին, թե այսօր «Golden Palace» հյուրանոցում կա՞ն էլի մարդիկ, նախարարը պատասխանեց, որ հյուրանոցն ամբողջությամբ լցված է. «Այս պահին հինգ թե վեց տեղերում ունենք մոտ 600 մեկուսացված քաղաքացի»։
Հարցին, այսինքն՝ առավելագույն խնդիրը ջերմության թեթև բարձրացումն է, Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Այս պահին՝ այո, բացի այն երկու դեպքի, որ ունեն թոքաբորբ, որոնք բարեբախտաբար, չեն զարգանում։ Ես չեմ բացառում, որ հնարավոր է՝ լինեն ծանր դեպքեր, որովհետև մեր պացիենտների տարիքային շրջանակը բավականին երիտասարդ է։ Այս պահի դրությամբ ունենք երկու քաղաքացի 60-70 տարեկան և ևս երկու քաղաքացի 70-80 տարեկան։ Բայց բարեբախտաբար, նրանց առողջական վիճակը լավ է։ Նույնիսկ թոքաբորբ չունեն»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ