Բավարար քանակի թեստեր ունենք․ այս մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց մարտի 18-ին Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում։
Նա նշեց, որ այս պահին առկա է 3000 թեստ, և առաջիկայում ստանալու են ևս երկու հազարը։ Նախարարի խոսքերով՝ դրանք ամենաճշգրիտ թեստերն են, որոնք հաստատում են վիրուսի ՌՆԹ-ն մարդու օրգանիզմում։
Հարցին, թե ո՞ր դեղորայքով են բուժվում վարակվածները, և ունե՞նք այդ դեղորայքից, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ այս պահին որևէ սպեցիֆիկ դեղորայքով չեն բուժվում. «Ցուցված են հիմնականում ՄԻԱՎ-ի դեղերը, հեպատիտ C-ի և այլն։ Մենք ունենք պրոտոկոլներով սահմանված այդ դեղերը և ունենք հասանելիություն Հայաստանում։ Եվ նաև պատվիրել ենք նոր քանակներ, սակայն մինչ օրս առիթ չի եղել դրանք օգտագործելու։ Որովհետև մեր պացիենտների մեջ եղած երկու թոքաբորբը, նույնիսկ վստահ չեմ՝ անտիբիոտիկ ստանո՞ւմ են, թե՞ չէ, որպեսզի կողքից բակտերիալ ինֆեկցիա չմիանա։ Բայց իրենց առողջական վիճակը միջին է, կյանքին վտանգ չի սպառնում։ Եվ հաճախ մենք ավարտում ենք բուժումը պարզապես ջերմիջեցնող դեղորայքով»։
Հարցին, թե հիվանդների մեջ կա՞ մարդ, ում կյանքին վտանգ է սպառնում, Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ չկա. «Մեծ մասը պարզապես իրենց օրերն են անցկացնում հիվանդանոցում։ Մի մասը ջերմիջեցնող է խմում, երկու թոքաբորբն էլ ռենտգեն կարվի թոքաբորբը հաստատվելուց ևս յոթ օր հետո, կհասկանանք՝ թոքաբորբը մնացել է, թե չէ, բայց իրենց առողջական վիճակը չի վատանում, միայն լավանում է»։
Կարդացեք նաև
Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ